Որքան էլ զարմանալի է, հայերը դարերի ընթացքում կատարում են նույն սխալները, իրենք իրենց համար բարդություններ ստեղծելով միջազգային եւ միջպետական շփումներում, ինչը, ի վերջո, մեծամասամբ հանգեցրել է պարտությունների: Հայերը շատ վատ բանակցողներ են, քանզի երբեք չեն ունեցել հստակորեն ձեւակերպված խնդիրներ ու նպատակներ, դրանց հասնելու ռեսուրսներ, ժամանակ եւ ֆինանսներ… Ինչպես յուրաքանչյուր ազգ, որը նոր-նոր է ստացել պետականություն, պետության շահերի պաշտպանությունը հայերը հասկացել ու հասկանում են տափակ եւ նույնիսկ, կարելի է ասել, պրիմիտիվ ձեւով: Եվ եթե երկրի ռազմական ուժը թույլ է, նրանք ընկնում են հուսահատության մեջ:
Եթե, ասենք, Վրաստանի պրոբլեմները` օս եւ աբխազ ժողովուրդների կատեգորիկ հրաժարումը վրացիների հետ մեկ երկրում ապրելուց, հարցերը հարեւան պետությունների հետ (Մառնեուլիի շրջանը եւ Ջավախքը), ինչպես նաեւ` աջարական մուսուլմանական հատվածի անթեղված կրակը Թուրքիայի ձգտումով, դրանց գումարած վատ հարաբերությունները Ռուսաստանի հետ, իրական սփյուռքի ու բանակի բացակայությունը (վրացիները հետ են սովորել բանակում ծառայելուց եւ պատերազմ վարելուց դեռ խորհրդային ժամանակաշրջանում` ստալինյան «հոգատարության արդյունք»), եթե, կրկնում եմ, այս ամենը լիներ Հայաստանինը, ապա մենք վաղուց արդեն կհանձվեինք թշնամու ողորմությանը եւ ինքներս կկործանեինք երկիրը: Իսկ վրացիները, ունենալով այդքան լրջագույն եւ ակներեւ ազգամիջյան հակամարտություններ, մնում են, եթե լսենք նրանց, համարյա թե ժողովրդավարացման առաջատարներ տարածաշրջանում, հավասարակշիռ եւ չեզոք երկիր: Եվ դրանով նույնիսկ քաղաքական ու տնտեսական օգուտներ են քաղում իրենց համար: Իսկ որոշ ամերիկյան եւ եվրոպական փորձագետներ նույնիսկ հավատում են այդ քարոզչությանը: Մենք էլ այդ ամենին պետք է սովորենք: Մոտավորապես նույն պրոբլեմներն ունի նաեւ Ադրբեջանը:
Այդ իսկ պատճառով ես կցանկանայի ցույց տալ հայկական կողմի ակներեւ սխալները եւ բացթողումները այդ ոլորտներում: Ինձ շատէ անհանգստացնում այն թեթեւսոլիկությունը, որով Հայաստանի ղեկավարությունը վերաբերվում է երկրի կարճաժամկետ անվտանգությանը, որի հայեցակարգն այսօր իբր թե մշակվում է:
Ինչո՞ւ հայերը, լինելով տարածաշրջանի միակ ազգը, որի ինքնագիտակցությունը հիմնված է պատմական ամուր վեկտոր ունեցող եւ եվրոկենտրոնամղության վրա (ինչի համար չափազանց թանկ գին է մուծված), չեն կարող բավականաչափ համոզիչ ձեւակերպել սեփական շահերը` Եվրոպան իրապես իր կողմը քաշելու համար: Հայկական ինքնագիտակցությունը դեռ պատմության նախաքրիստոնեական ժամանակներից հանդիսացել է հելլենիստական աշխարհի (այսպես կոչված` Արեւմտյան աշխարհի նախասկզբի) օրգանական բաղադրամասը: Հենց դա է գիտակցորեն ընտրել հայ ժողովուրդը որպես աշխարհընկալման հենք:
Ահա մի քանի ծանրակշիռ փաստարկներ հայկական ազգային կյանքի բազիսային ոլորտներից, որոնք խոսում են հօգուտ եվրակենտրոնամղվածության. անտիկ թատրոնի հիմնադրում, ըստ քաղաքաշինական պլանի քաղաքների ստեղծում, քրիստոնեության ընդունում որպես պետական կրոն: Այս ամենը թույլ տվեց Հայաստանին, նրա մասնագիտական մշակույթին կանգնել քրիստոնեության ակունքների մոտ եւ հսկա ավանդ ներդնել նրա զարգացման գործում (սկզբից Մեծ եւ Փոքր Հայքում, իսկ 12-րդ դարից հետո` նաեւ Կիլիկյան Հայաստանում, թերեւս 20-րդ եւ 21-րդ դարերի նրա ձեռքբերումներն էլ պետք է արժանվույնս գնահատվեն), ինչպես նաեւ` հիմնարար գիտությունների զարգացման առումով, որն ընթացավ քրիստոնեական բոլոր դարերի միջով եւ որի գագաթնակետ հանդիսացավ 20-րդ դարը:
Այդուհանդերձ, հայերն ապրում են Արեւելքում, եւ ժողովրդի մի մասը կրում է աղոտ-անհասկանալի արեւելա-արեւմտյան աշխարհընկալում: Մեր ազգային ժողովրդական ու կենցաղային մշակույթի որոշակի մասն օժտված է արեւելյան (պարսկական, արաբական, կովկասյան) մշակույթի գծեր: Ցավոք, հենց այս խավն է այսօր (իսկ ավելի ստույգ` արդեն մի քանի դար) ղեկավարում ժողովրդի ինքնագիտակցությունը եւ իր ձեռքում պահում իրական քաղաքական իշխանությունը: Եթե դիմենք պատկերավոր խոսքի, ապա պետական քաղաքականության բնագավառում մեզ պետք է մի Կոմիտաս` որպեսզի կարողանանք մաքրազերծել ամեն անպետք, օտարածին, անցանկալի բաներից մեր քաղաքական միտքը, որը ոչ մի կերպ չի կարողանում իրական աշխարհի հետ իրական կապեր ստեղծել: Եվ այդ իսկ պատճառով, օրինակ, նա շատ ավելի լավ հասկանում է այն Ռուսաստանին, որը կառուցում է իր հարաբերությունները խորհրդային նախկին հանրապետությունների հետ, խուսանավելով Արեւելքի եւ Արեւմուտքի միջեւ: Եվ մեծ դժվարությամբ է հասկանում Ռուսաստանին, որն իր կապերը ստեղծում է ռացիոնալ կերպով` որպես արեւմտյան տերություն:
Լինելով առավել կրթված, առավել հարուստ, համաշխարհային համագործակցության մեջ առավել ինտեգրված, առավել իրազեկ եւ շարժունակ, Հայաստանը կամ հայ ժողովուրդն անընդհատ պարտություններ է կրում հարեւաններից:
Ահա հատկանշական մի օրինակ: Ռուսական Կայսրության փլուզումից հետո Թիֆլիսում ձեւավորված Անդրկովկասյան Սեյմում բոլոր հիմնական դիրքերը գրավեցին վրացիներն ու ազերիները, իսկ հայերը չստացան ոչ մի առանցքային նախարարական աթոռ այդ պետական ձեւավորումում` ոչ վարչապետի, ոչ ռազմական, ոչ արտաքին գործոց: Բնական է, հետեւաբար, որ հայերն անչափ տուժեցին նույն Սեյմի գործողություններից: Օրինակ, չարաբաստիկ այդ Սեյմի հրամանով հանձնեցին անառիկ Կարսը:
Մենք գոյատեւելու հսկա փորձ ունենք, բայց միաժամանակ պետական շինարարության գործում անհաջողություններից անչափ հոգնած ազգ ենք: Ադրբեջանցիներն, օրինակ, բավականին երիտասարդ են եւ ԽՍՀՄ-ի փլուզման ժամանակ իրենց ցեղային կառուցվածքը դեռ չէին կորցրել, եւ, հետեւաբար, սեփական պետության շինարարության անհաջողություններն ընկալում են ոչ այդքան սուր: Չէ՞ որ նրանք առաջին անգամ են ձեռնամուխ լինում նման գործին: Սակայն հայերը, մեկ հազարամյակից էլ պակաս ժամանակաընթացքում, կորցնելով սեփական տարածքի ինը տասներորդը, իսկ Մեծ Եղեռնի տարիներին նաեւ անչափ կարեւոր արեւմտահայ մշակույթը, անչափ ցավագին են ընկալում պատմական հողերի կորուստը, որոնք կարողացել էին պահպանել հակառակ խորհրդային Ադրբեջանի առաջնորդների բոլոր ջանքերին:
Հայերին, որպես միասնական ազգի, պետք է միաբանի ինչպես մարդկանց, այնպես էլ գաղափարների ու մեթոդաբանությունների արդար սելեկցիան` ընտրությունը: Հայկական պետությունը կարող է ուժեղ լինել միմիայն այն դեպքում, եթե յուրաքանչյուր քաղաքացին մեր երկրում լինի սոցիալապես պաշտպանված: Եղեռն, իսկ բոլորովին վերջերս` նաեւ պատերազմ վերապրած հսկա սփյուռք ունեցող ժողովուրդը (իսկ սփյուռքի երկրներում ամեն լավն ու վատը կազմում է նաեւ հայկական կյանքի մաս, ինչպես, օրինակ, այսօրվա պատերազմը Լիբանանում) իրավունք չունի կարճատես լինելու. հայերի պետությունը կարող է լինել միայն սոցիալական: Այն ժամանակ, երբ ազերիների պետությունը կարող է ու պետք է կառուցվի երկրի ղեկավարի անձի վրա` այսպես կոչված «արեւելյան ոճի տիրակալի» նմանությամբ:
Ինչպիսի՞ն է հայերի, վրացիների, ազերիների վերաբերմունքը այլազգիների հանդեպ սեփական երկրի ներսում եւ նրանից դուրս: Ազերիներն, օրինակ, անկեղծորեն զարմանում են, որ երկրի ներսում այս կամ այն մեկն ազերի չէ: Այսպես, ներկայիս Ադրբեջանի բանակում անմարտունակ էթնոսը թալիշներն են. թալիշական ստորաբաժանումները տեղաբաշխված են Ղարաբաղի սահմանի երկայնքով: Եվ որքան զարմացան ազերիները, որ թալիշները հետաքրքրությամբ ու հարգանքով են վերաբերվում հայերին, քանի որ հենց Հայաստանում է անցկացվել Համաշխարհային առաջին գիտաժողովը թալիշների պատմության եւ մշակույթի հարցերով: Այդուհանդերձ, ազերիներն ավելի պարզ են շփման ընթացքում, ավելի հանդուրժող են, քան վրացիները (եւ եթե կեղծավորություն են անում, ապա չեն կարողանում դա թաքցնել), որովհետեւ նրանք երբեք չեն ունեցել Ստալինի պես պաշտպան, որը բազում ձեւերով «հնարավորություն տվեց» խորհրդային ժողովրդին լսել, ընդ որում, հարգանքով, վրացական առոգանությամբ (սկսած կինոյից, ուր եթե հերոսը «նացմեն է», ապա անպայման վրացի, մինչեւ ռուսական ռոմանսները, էստրադային երգերը եւ սպորտային մեկնաբանները): Մինչ այսօր էլ վրացիները ռուսաստանյան էստրադայում երգում են իրենց առոգանությամբ:
Հայաստանում ազգաբնակչության ճնշող մեծամասնությունը միշտ էլ եղել է հայկական: Հենց այդ պատճառով է, որ բոլորը, խոսելով Հայաստանի քաղաքացիների մասին, օգտագործում են «հայ ժողովուրդ» արտահայտությունը: Դա այնքան էլ ճիշտ չէ: Նախ, հայերն ապրում են աշխարհի ավելի քան 80 երկրներում, բացի այդ, Հայաստանում ապրում է հայերի միայն մեկ հինգերորդ մասը: Հայերը Հայաստանում ոչ մի կանխակալություն կամ անբարյացակամություն չեն տածել մյուս ազգերի, նույնիսկ թուրքերի նկատմամբ: Պատահական չէ, որ հենց հայերն են ուզում բացել հայ-թուրքական սահմանը: Էթնիկական այլ միջավայրի հանդեպ բացասական զգացմունքների բացակայությունն էլ հենց թույլ է տալիս հայերին հեշտորեն ներգրվել օտար էթնոքաղաքական համակարգերի մեջ, թեեւ այս կամ այն երկրում ամեն ինչը չէ, որ կարող է լավ լինել:
Վրացիներ են կոչվում վրացերեն խոսող ազգերն ու էթնիկական խմբերը, որոնք, սակայն, չունեն ոչ միասնական ինքնագիտակցություն, ոչ աշխարհընկալում (Մինգրելիան, օրինակ, որպես ինքնուրույն պետական կազմավորում եւ, բնականաբար, սեփական իր թագավորով, Ռուսաստանի Կայսրության կազմի մեջ մտավ ավելի ուշ, քան բուն Վրաստանը): Ի դեպ, այսօրվա Վրաստանի պետական դրոշը չի արտացոլում իրական դրությունը. Աջարիան, օրինակ, քրիստոնյա երկիր չէ, թեեւ գտնվում է Վրաստանի կազմում: Խորհրդային ժամանակաշրջանում Վրաստանը, ստանալով հսկա (վրացիների պատկերացմամբ) տարածք եւ իր կազմում ունենալով առնվազն եւս երեք պետական ձեւավորումներ, այդպես էլ չդարձավ Դաշնային երկիր: Սակայն Վրաստանը մյուսներից շուտ յուրացրեց Խորհրդային իշխանության բոլոր բացթողումները եւ պետական ապարատի անկատարելիությունն օգտագործեց այդ ժողովուրդների «շահագործման» համար: Իսկ այժմ այդ ժողովուրդները չեն ցանկանում մնալ ներկայիս Վրաստանում, թեկուզեւ ժողովրդավարական: Ըստ երեւույթին, ուղղակի չեն հավատում վրացական ժողովրդավարության բովանդակությանը:
Ապրելով բազմազգ երկրում եւ ունենալով Թիֆլիսի բավականին մեծ պատմական փորձը` որպես մայրաքաղաքի, որտեղ ցարական ժամանակներում գտնվում էր ռուս ցարի փոխարքան, իսկ խորհրդային տարիներին տեղաբաշխված էին Անդրկովկասի կարեւորագույն շատ կառույցներ, լավ էին կարողանում կառուցել իրենց հարաբերությունները մետրոպոլիայի հետ եւ ստանում էին բազում օգուտներ, որոնք ընկալում էին ոչ թե որպես ողորմություն, այլ որպես պատշաճ հատուցում: Այս ամենը գալիս է նաեւ Ստալինից: Ի դեպ, ստալինական ազդեցությունը վրաց ժողովրդի պետական մտածողության դաստիարակման վրա շատ զգալի է:
Ամեն ժողովուրդ ստեղծում է «հյուրընկալության թատրոնի» իր տեսակը: Այս արվեստում վրացիները գրավում են առաջին տեղերից մեկը, զգալիորեն առաջ անցնելով ինչպես հայերից, այնպես էլ ազերիներից: «Հյուրընկալության թատրոնը» նրանց մոտ (խոսքը բուն սեղանի, այսինքն` կերուխումի մասին չէ)` շքեղ ու շռայլ մի ներկայացում է, որտեղ գործում են երկու սուբյեկտներ: Առաջինը բուն Վրաստանն է (նրա շահերը), երկրորդը` առնական-հիացական վերաբերմունքը հյուրի, նրա ինքնասիրության հանդեպ: Ինչպես տեսնում եք, հյուրը չկա` նրան փոխարինում է վրացիների վերաբերմունքը հյուր հանդեպ: Հենց դրանով են վրացիները արմատապես տարբերվում հայերից եւ ազերիներից: Այս զարմանահրաշ, տասնամյակների, եթե ոչ հարյուրամյակների ընթացքում հղկված ներկայացման, երկխոսության մեջ նրանց հավասարը չկա: Վրացիների մոտ ամեն ինչը մանրազնին կերպով ճշտված-ստուգված է աշխարհի տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների հետ տասնյակ հազարավոր քեֆերի ընթացքում: Կուտակված է հյուրերի (ինչպես տղամարդ, այնպես էլ կին) ամենատարբեր կարգավիճակների ու կատեգորիաների համար նախատեսված «գործիքների» հսկա հավաքածու: Կենացներում եւ բաժակաճառերում առկա քարոզի այս տեսակը իսկապես զարմանք է առաջացնում: Ճիշտ է, հաճախ կենացներն ու բաժակաճառերը կարող են ձանձրացնել, բայց կոնծվող գինու անհամար թասերի հետ դա կորչում-գնում է, եւ տանտերերի կողմից իր հենց նոր հայտնաբերած բարեմասնություններից շշմած հյուրը նախատում է իրեն եւ ամաչում ինքն իրենից, ինչպես դա հաճախ լինում է առատ կերուխումից հետո: Անկեղծություն խաղալը վրացական կերուխումի ամենազարմացնող դերերից է: Այսօր վրացիները սեղանի շուրջ հյուրերին համոզում են վրացիների վաղնջականության ու ժողովրդավարականության մասին, շեշտում ժողովրդավարության խնդիրների ընկալման իրենց բարձր կուլտուրայի մասին` ինչպես, թերեւս, ոչ այնքան հեռու ժամանակներում` ԽՍՀՄ-ի պլանների եւ առաջադրանքների կատարման մասին:
Ազերական հյուրընկալությունը զիջում է վրացականին ինչպես կեղծավորության, այնպես էլ խնջույքների կանոններին անկաշկանդորեն ենթարկվելու առումով: Ազերիները, ինչպես իմիջիայլոց եւ հայերը, զիջում են վրացիներին նաեւ բաժակաճառային հումորի, նրանց առանձնակի թեթեւության տեսակետից: Նրանց հյուրասիրության մեջ նկատելի է եռանդ, ծառայելու անսքող պատրաստակամություն, շողոքորթություն: Այսուհանդերձ, նրանք ավելի անկեղծ ու սրտաբաց են, քան վրացիները:
Ինչո՞ւ եմ ես խոսում խնջույքներից: Որովհետեւ դրանք հարավկովկասյան ժողովուրդների դիվանագիտության կարեւոր մասն են: Հենց դրանց ընթացքում է հյուրը մեծամասամբ իրազեկվում պատմական եւ մշակութային նվաճումների մասին` թեեւ հաճախ շատ չափազանցված ձեւով: Սակայն որքան էլ զարմանալի թվա, դա ազդում է: Եվ վրացիներն այստեղ իսկապես առաջին տեղում են: Եվ ռուսները, որոնք համարյա երկու դար վրացական այդ կերուխումների պատվավոր հյուրերն էին, այսօր պատեպատ են զարկվում այդ կերուխումերի կարոտից: Իսկ ռացիոնալ, արտաքուստ սառը եվրոպացիներն ու ամերիկացիները հետզհետե սովորում են հասկանալ այդ հյուրընկալության ֆենոմենը եւ միաժամանակ նպաստում են այդ ժողովուրդների մոտ նոր կենացների, նոր սովորույթների, նոր խորհրդանիշների եւ նոր ավանդույթների ստեղծմանը: