«Հունիսյան երաշտը բավականին լուրջ խնդիրներ է առաջացրել ջրամատակարարման ոլորտում: Անցած տարի դրանից խուսափելու համար համայնքի տարածքում 5 արտեզյան ջրհորներ են փորվել, վերանորոգվել եւս 2-ը, որոնք ի վիճակի են մոտ 9 հազար խորանարդ մետրից ավելի ջուր հանել»,- այս մասին փաստել է Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը, մամուլի ասուլիսի ժամանակ: Ըստ նրա, նման քանակությամբ ջրով կարելի է քաղաքի ջրամատակարարումն իրականացնել եթե ոչ շուրջօրյա, ապա առնվազն` 12-ժամյա ռեժիմով: Դա հնարավոր կլինի միայն նորմալ ենթակառուցվածքներ ունենալու դեպքում, իսկ ենթակառուցվածքների վիճակը նորմալ չէ, ինչի արդյունքում ջրի մեծ կորուստ է լինում: Քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը նշեց, որ ներկայումս Ջրմուղ ծառայության աշխատակիցները Այգեստանի տեղամասում աշխատանքներ են իրականացնում եւ, երեւի, մոտակա 1-2 տարում լրացուցիչ պոմպակայան կգործարկվի: Նա խոսեց նաեւ Ստեփանակերտի մյուս պոմպակայանների մասին, նշելով, որ այստեղ տեխնիկական խախտումներ կան: «Ըստ տեխնիկական պայմանների, յուրաքանչյուր պոմպակայանում առնվազն պետք է լինի 2 պոմպ, բայց բոլոր պոմպակայաններում առայսօր տեղադրված են 1-ական պոմպեր` այն էլ ավելի ցածր հզորության»,- ասել է նա: Երեւի հենց դա է պատճառը, որ Ստեփանակերտում միշտ էլ ջրի խնդիր է եղել, մանավանդ ամառային ամիսներին: Ստեփանակերտցիներն ամեն օր ջուր չեն ստանում, այդ հնարավորությունը նրանց տրվում է միայն երկու օրը մեկ, այն էլ 1-2 ժամով: Նույնիսկ որոշ թաղամասերում բողոքներ կան, որ այդ 1-2 ժամում էլ նորմալ չի իրականացվում ջրամատակարարումը:
Է.Աղաբեկյանը տեղեկացրեց նաեւ, որ հարցի լուծման ուղղությամբ արդեն իսկ Ռուսաստանից եւ Ուկրաինայից գումարներ են հայթայթվել, եւ 18.5 մլն դրամ տրամադրվել է համայնքին` համապատասխան հզորությամբ պոմպեր ձեռք բերելու համար: Պոմպերը շուտով կբերվեն Արցախ եւ արդեն սեպտեմբերից կգործարկվեն: