Նոր շենքեր` ազատամարտիկների համար

28/07/2006

Ղարաբաղում ամենաառաջնային խնդիրներից է բնակարանաշինությունը: Պետության եւ բարերարների միջոցներով այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են, սակայն դեռեւս կան բազմաթիվ բնակարան չունեցողներ` զոհված, հաշմանդամ ազատամարտիկների ընտանիքներ, փախստականներ եւ այլն: Իսկ տների գները գնալով աճում են:

Մեր հարցումները ցույց են տվել, որ Ստեփանակերտում մեկ սենյականոց բնակարան կարելի է ձեռք բերել 12-15 հազար դոլարով, երկու սենյականոց բնակարանների համար առնվազն 20-25 հազար դոլար է պետք: Համեմատաբար էժան են շրջանների տները:

Ստեփանակերտի Թումանյան եւ Տ.Մեծ փողոցներում ներկայումս ընթանում են 45 եւ 22 բնակարանանոց շենքերի շինարարական աշխատանքները: Առաջին շենքը նախատեսված է զոհված եւ հաշմանդամ զինծառայողների ընտանիքների համար, իսկ մյուսը` մասամբ հարեւան հանրակացարանի բնակիչների եւ վերոնշյալ խավերի համար: Այս մասին տեղեկացրել է Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը, որը նպատակահարմար է գտնում 5-10 բազմաբնակարան շենքերի կառուցում տեղափոխել Աջափնյակ թաղամասը, «քանի որ ճանապարհային մեծ խնդիրներ այնտեղ չկան, դպրոցի եւ ջրի խնդիր` նույնպես»: Ի դեպ, տեղեկացնենք, որ դա քաղաքի զարգացման երկրորդ ուղղությունն է դառնում:

Մեր տվյալներով, դեռեւս չեն տրամադրվում նաեւ նախատեսված հիպոթեքային վարկերը, որոնք, ճիշտ է, քիչ գումար են կազմում` 200 մլն դրամ, բայց բնակարանով կարող են ապահովել շուրջ 15 ընտանիքի: Դրան գումարած` այս տարի մայրաքաղաքի բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգման համար ոչ մի գումար պետբյուջեով չի հատկացվել: Ինչ-ինչ պատճառներով քաղաքապետարանի կողմից ներկայացված 82 մլն դրամի ծրագիրը մերժվել է. Ազգային ժողովը որոշել է այդ գումարը հասցնել զրոյի, այնինչ մյուս համայնքների համար այդ նպատակով գումարներ են տրամադրվել: