Բոլորն իրար մրցակից են

26/07/2006 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

ՀՀԿ նախագահ Անդրանիկ Մարգարյանը մտավախություն չունի, թե կուսակցության կանոնադրության մեջ վերականգնելով կուսակցության խորհրդի ղեկավարի պաշտոնը ու այն վերապահելով Սերժ Սարգսյանին, կկրճատվեն իր` կուսակցության նախագահի լիազորությունները:

Սակայն, ի տարբերություն Անդրանիկ Մարգարյանի, շատերը համոզված են, թե այսուհետ ՀՀԿ-ում «հարցեր լուծողը» լինելու է Սերժ Սարգսյանը, իսկ Ա. Մարգարյանն ընդամենը լինելու է լուռ համաձայնողի կարգավիճակում: «Ոչ, իմ լիազորությունները չեն կրճատվում, որովհետեւ կանոնադրության մեջ շատ հստակ են կուսակցության նախագահի եւ խորհրդի նախագահի լիազորություններն ու պարտավորությունները: Խորհրդի նախագահը համակարգում է խորհրդի աշխատանքները` լինելով կուսակցության նախագահի տեղակալ»,- համագումարից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Ա. Մարգարյանը: Բնականաբար հարց եղավ նաեւ վերջին օրերին տարբեր քննարկումների արժանացած խնդրի վերաբերյալ, որ` Պաշտպանության նախարարը չի կարող լինել կուսակցական, քանի որ Պաշտպանության նախարարի պաշտոնը քաղաքական չէ, եւ որ «Կուսակցության մասին» օրենքը դա արգելում է: «Չի հակասում,- ասաց Ա. Մարգարյանը: -Իմ կուսակից ընկերներն այդ հարցին բազմիցս պատասխանել են: Նախարարը քաղաքական պաշտոն է, զինվորական պաշտոն չէ: Ըստ Սահմանադրության` կառավարությունը ձեւավորվում է քաղաքական կուսակցությունների ներկայացմամբ, եւ, բնականաբար, բոլոր նախարարների պաշտոններն էլ քաղաքական են, եւ նրանք ազատ են ցանկացած կուսակցության համակրելու կամ ընդգրկվելու այդ կուսակցության ցուցակներում եւ ապագայում առաջադրվելու կառավարության անդամներ»: ՀՀԿ հետագա անելիքներին, պարզվեց, ծանոթ է նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Ա. Մարգարյանը վստահեցնում էր, թե ՀՀԿ-ն երկրի նախագահի հետ համախոհներ են դեռեւս 1998 թվականից, ու, որպես համախոհ, Ռ. Քոչարյանը չէր կարող տեղյակ չլինել ՀՀԿ ծրագրերից:

– Պարոն Մարգարյան, ինչպե՞ս եք վերաբերվում այն փաստին, որ Ռոբերտ Քոչարյանն, այնուամենայնիվ, հիվանդության պատճառով չմեկնեց Մոսկվա ԱՊՀ գագաթաժողովին մասնակցելու:

– Շատ վատ եմ վերաբերվում, որ ինքը հիվանդացել է: Ցանկացած հիվանդ մարդուն հարկավոր է առողջություն ցանկանալ:

– 2008թ. ՀՀԿ-ն նախագահի թեկնածու ունենալո՞ւ է:

– Դա կախված է ԱԺ ընտրություններից: Այժմ շուտ է որեւէ բան ասել նախագահի թեկնածուի վերաբերյալ, բայց այն, որ ՀՀԿ-ն կփորձի իր թեկնածուն ունենալ` հաստատ է:

– Ո՞ր քաղաքական ուժին եք համարում ՀՀԿ-ին մրցակից:

– Բոլոր կուսակցություններն էլ իրար մրցակից են, հարկավոր չէ առանձնացնել մեկ կուսակցության ու ասել, թե այս մեկն է մրցակից լինելու: Բոլոր կուսակցություններն էլ` եւ իշխանության թեւում, եւ ընդդիմության դաշտում գործող կուսակցությունները, իրար մրցակից են լինելու:

– Քանի որ ՀՀԿ-ին են անդամակցել Հայաստանի գրեթե բոլոր ազդեցիկ ուժերը, հնարավո՞ր է` Ռոբերտ Քոչարյանն էլ մի օր որոշի անդամակցել ՀՀԿ-ին: Նման քննարկումներ եղել են Ռ. Քոչարյանի եւ ձեր միջեւ:

– Այդպիսի խնդիր դրված չի եղել, ու նման քննարկում չի եղել: Բայց ես չէի ասի, թե հանրապետության բոլոր ազդեցիկ մարդիկ կամ քաղաքական գործիչները ՀՀԿ-ական են: Ուղղակի մի մասն, այո, ՀՀԿ անդամ են:

– Ինչպե՞ս եք գնահատում ֆորսմաժորային զարգացումներն աշնանը:

– Ճիշտն ասած, եթե եղանակներն այսպես շարունակվեն, հնարավոր է աշնանը երաշտ լինի, գյուղատնտեսությանը վնաս տա, բայց քաղաքական դաշտում ոչինչ չի լինի:

– Կուսակցության անդամների թիվը գնալով մեծանում է, մտավախություն չունե՞ք, որ ընտրություններից առաջ այն «զտելու» անհրաժեշտություն կառաջանա:

– Իմ վարչապետության ժամանակ ես հնարավորություն ունեի կուսակցության անդամների թիվը հասցնելու 100 կամ 200 հազարի, բայց եղել է 25-27 հազար: Իսկ այսօր շուրջ 30.000 է: Եվ մեզ մոտ միշտ ինքնամաքրման գործընթաց է տեղի ունենում: Կարելի է ասել` որքան ընդունում ենք, այդքան էլ հեռացնում ենք:

– Չե՞ք գտնում, որ այս համագումարից հետո Սերժ Սարգսյանը կդառնա ՀՀԿ փաստացի ղեկավարը:

– Ոչ, այդպես չեմ գտնում, որովհետեւ կուսակցությունն ունի կանոնադրություն եւ ավանդույթներ, եւ յուրաքանչյուր մարդ կամ անհատ իրավունք չունի իր կամքը թելադրել մի քանի հազար կուսակցականների, որոնց մեծ մասը ոչ թե այսօրվա կամ երեկվա կուսակցականներ են, այլ տարիների փորձ ունեն ու ընդգրկված են կուսակցության խորհրդում: Ընդհանրապես Սերժ Սարգսյան-Անդրանիկ Մարգարյան-կուսակցություն հարաբերություններն այդպիսի ենթադրություններ ունենալու տեղիք չեն տալիս:

– Իսկ մտավախություն չունե՞ք, որ այսօր ՀՀԿ-ին անդամակցողների մեծ մասը կոնյունկտուրային մարդիկ են, եւ որ նրանք կարող են հեշտությամբ ձեր շարքերը լքել, ինչպես դա արեցին «Հանրապետություն» բլոկի, ՕԵԿ-ի պարագայում:

– Ոչ, եթե հիշում եք, 2000թ. ՀՀԿ-ից դուրս եկան ԱԺ-ում մեր խմբակցությունից մոտ 12 հոգի, որոնք Երկրապահից էին, ու դա մեր կուսակցության գործունեության վրա չազդեց: Եթե նման իրավիճակներ լինեն ու ինչ-որ մարդիկ հետագայում ցանկանան հեռանալ` մենք այդ փորձն արդեն ունենք, եւ կուսակցությունն իր գործունեությունը կշարունակի` առանց լուրջ կորուստներ ունենալու: Մենք այդ ճանապարհն արդեն անցել ենք:

– Նախկին իշխանությունները` անդրադառնալով ԼՂՀ հիմնախնդրին, ասում են` այսքան տարիներ վատնեցին, սակայն որեւէ բան չարեցին:

– Մենք ոչ մի բան էլ չենք վատնել, որովհետեւ այս տարիների ընթացքում պատերազմ չի եղել, ԼՂՀ տնտեսությունն աճում է, անվտանգությունն ապահովված է, մեր երկիրն առաջընթաց ունի, ինտեգրվում է միջազգային հանրությանը… Այսինքն` ես հետընթաց չեմ տեսնում: Առաջընթացն ակնառու է: Այո, մենք միշտ փաթեթայինի կողմնակից ենք եղել, որովհետեւ մեզ համար պետք է շատ հստակ լինի, թե ինչպիսին եւ երբ է լինելու վերջնական արդյունքը: Ես տեղյակ եմ ողջ խոհանոցին եւ գտնում եմ, որ մենք ճիշտ ճանապարհով ենք գնում: Եթե մենք սխալ ճանապարհով գնայինք, ադրբեջանցիները համաձայն կլինեին համանախագահների ներկայացրած առաջարկին, բայց մենք ճիշտ ճանապարհով ենք գնում, որից ադրբեջանցիները դժգոհ են ու համաձայն չեն: Ամբողջ գործընթացը կանգնեցված է Ադրբեջանի մեղքով, հետեւաբար` մենք մեր պահանջներին պինդ ենք տեր կանգնած: Եթե հետընթաց լիներ մեր պահանջներում, մեծ հաճույքով ադրբեջանցիները դրան համաձայն կլինեին:

– Կոալիցիոն ձեր գործընկեր ՀՅԴ-ական Կիրո Մանոյանը հայտարարել է, որ եթե Ռոբերտ Քոչարյանն ազատագրված տարածքները ետ վերադարձնելու մասին որեւէ փաստաթուղթ ստորագրի, ապա իրենք «ճնշելու են նախագահին»: Ինչպիսի՞ն է լինելու ձեր մոտեցումն այդ պարագայում:

– Համաձայն եմ Կիրոյի հետ, բայց երբեք չի կարելի նախագահի քայլն առանձնացնել ամբողջ փաթեթից ու ասել` զիջում ենք: Եթե զիջում ենք, ապա դա կապված է այն բազմաթիվ քայլերի հետ, որոնք պետք է արդյունք տան: Դա եւ հանրաքվեի խնդիրն է, եւ Հայաստան-ԼՂՀ սահմաններ ունենալու խնդիրը, եւ ամենակարեւորը` ԼՂՀ ապագա կարգավիճակի մասին հարցն է: Մինչ ԼՂՀ-ում հանրաքվեի անցկացումը, կարգավիճակի հարցը պետք է լուծվի, դրանից հետո` խաղաղապահ ուժերի ու տարածքների հարցը: Եթե մենք այս ամենը կոնտեքստից հանում ենք, որ միայն տարածքների վերադարձն ենք թողնում, բնականաբար` բոլորս ենք դեմ լինելու: Բացի այդ, հանրապետության նախագահը երբեք այդպիսի քայլի չի գնա: Այս 8 տարիների իր աշխատանքը նպատակաուղղված է եղել նրան, որ հարցը լուծվի փաթեթային տարբերակով: Մեզ համար կարեւոր է իմանալ այբ-ից ֆե քայլերի տրամաբանությունը, շարունակությունն ու ժամանակահատվածը: Այս ընթացքում նաեւ ԼՂՀ կարգավիճակի հարցը: Սա է դրված սեղանին, եւ կրկնում եմ, այն, որ Ադրբեջանը չի ընդունում այս առաջարկը, նշանակում է, որ համանախագահների առաջարկած տարբերակը ձեռնտու է մեզ: Միայն այն, որ մենք հայտնվել ենք այնպիսի իրավիճակում, որ Ադրբեջանը չի էլ ցանկանում շարունակել բանակցությունները, նշանակում է, որ մենք ամուր ենք կանգնած մեր բարձրացրած խնդիրների վրա: