Նոր առաջարկները ոչ թե ԼՂՀ, այլ՝ ընտրությունների մասին են

26/07/2006 Արման ԳԱԼՈՅԱՆ

Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբին երեկ դիվանագիտական լեզվով «հաթաթա տվեց» Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանություններին: Մասնավորապես, Սեմնեբին ընդգծեց, որ Հայաստանում կայանալիք առաջիկա ընտրությունների ազատ-արդար անցկացումով է պայմանավորված ՀՀ-ԵՄ հետագա հարաբերությունների որակը:

«Գալիք ընտրությունն, ինձ թվում է, կենսական նշանակություն կունենա Հայաստան-Եվրամիություն հարաբերության որակի վրա: Մեր կարծիքով, ցանկացած ընտրություն պետք է տեղի ունենա մեզանում ընդունված չափանիշների համաձայն»,- հայտարարեց ԵՄ հատուկ ներկայացուցիչը` նշելով, որ դա կարեւոր է ինչպես Հայաստանի, այնպես էլ տարածաշրջանի մյուս բոլոր երկրների համար: Սակայն Սեմնեբին չմանրամասնեց, թե միջազգային չափանիշներին համապատասխան ընտրություն չանցկացնելու դեպքում ՀՀ-ի նկատմամբ ինչպիսի պատժամիջոցներ կկիրառի Եվրամիությունը: «Ես ակնկալում եմ, որ ընտրությունները կլինեն ազատ եւ արդար, եւ այդ պատճառով այժմ հիպոթետիկ խոսքեր չեմ ասի, թե ինչ պատժամիջոցներ կլինեն, եթե ընտրությունները չլինեն ազատ ու արդար: Ի վերջո, Հայաստանն ինքն է պարտավորություն ստանձնել անցկացնել եվրոպական չափանիշի ընտրություն»,- հայաստանյան իշխանություններին փորձեց թասիբի գցել նա: Ընդ որում, Պ. Սեմնեբին վստահեցրեց, որ Եվրամիությունը հետեւելու է ընտրությունների վերաբերյալ միջազգային դիտորդների արձագանքին ու գնահատականին: Եվ ընտրություններից հետո Հայաստանի հետ հարաբերությունները ԵՄ-ն կառուցելու է` նախ եւ առաջ հենվելով հենց դիտորդների գնահատականների վրա: Սակայն Պ. Սեմնեբին չնշեց մեկ կարեւոր հանգամանք. ի՞նչ է անելու ԵՄ-ն, եթե Հայաստանը որոշի, որ 2007թ. ընտրություններին ամենեւին էլ հարկ չկա միջազգային դիտորդ հրավիրելու, ինչպես արեցին հանրաքվեի ժամանակ:

ԵՄ հատուկ ներկայացուցչի հաջորդ հայտարարությունը վերաբերում էր Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորմանը: «Ցավում եմ, որ կողմերը չկարողացան հասնել հակամարտության կարգավորմանը մինչեւ «Մեծ ութնյակի» գագաթաժողովը, չնայած նրան, որ շահագրգիռ կողմերը բոլոր ջանքերը գործադրեցին համոզելու համար, որ բանակցությունների գործընթացը շարունակվի: Եվ բոլոր անհրաժեշտ քայլերը ձեռնարկվում են, որ հնարավորինս արագ հասնեն շրջանակային կարգավորման»,- հատուկ շեշտեց Պ. Սեմնեբին: Վերջինս նաեւ ընդգծեց, որ իրենք դեմ են ԼՂ հակամարտության կարգավորման ռազմական տարբերակին: Ավելին, ԵՄ-ի համար անընդունելի է խնդրի ռազմական կարգավորման մասին ցանկացած կոչ, անկախ նրանից, թե դա ում կողմից է հնչում: «Ցանկացած ռազմական գործողություն բացասական կանդրադառնա թե պետության, թե հասարակության վրա: Ռազմական գործողությունը չի բխում հենց իրենց շահից, առավել եւս, որ ժամանակակից աշխարհում տնտեսությունը դառնում է բաց, ներդրումներ են կատարվում նաեւ տարածաշրջանի երկրների տնտեսություններում, եւ ռազմական գործողությունը նշանակում է հարված այդ գործընթացներին, քանի որ մեծանում են ներդրումային ռիսկերը»,- գտնում է նա: Թեեւ ղարաբաղյան հիմնախնդիրը եղել է այցի ընթացքում քննարկված գլխավոր թեմաներից մեկը, սակայն Սեմնեբին հայտարարեց, որ ինքը որեւէ նոր առաջարկ չի ներկայացրել կողմերին: Որեւէ նոր առաջարկ հայկական կողմը չի ակնկալում նաեւ առաջիկայում տարածաշրջան այցելող ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Մեթյու Բրայզայի այցի ժամանակ: Օսկանյանի կարծիքով, Մեթյու Բրայզան լավագույն դեպքում կարող է իր հետ բերել կարգավորման եղած տարբերակի «մանր փոփոխությունների» մասին առաջարկներ, իսկ ընդհանուր սկզբունքները չեն փոխվի: «Մեթյու Բրայզայի այցից ակնկալում ենք միայն, որ նա կարողանա ադրբեջանական կողմին համոզել վերադառնալ բանակցությունների սեղան, եղած փաստաթղթի հիման վրա բանակցությունը շարունակելու: Ինչպես գիտեք, Հայաստանն իր դիրքորոշումը հստակ ասել է այդ փաստաթղթի կապակցությամբ: Ադրբեջանն ուղղակի պրոբլեմներ ունի, եթե Ադրբեջանի կողմից համաձայնություն լինի վերադառնալ այդ սկզբունքներին, ապա կարծում ենք, որ հնարավորություն կստեղծվի բանակցության նոր փուլ սկսելու եւ առաջընթաց արձանագրելու,- հակամարտության կարգավորման ներկա սկզբունքներին իրենց համաձայնությունը վերստին հաստատեց Վարդան Օսկանյանը` ավելացնելով,- Ուղղակի ես կարծում եմ, որ ափսոս կլինի այս փաստաթուղթը, այսպիսի առիթը հերթական անգամ կորցնել, որովհետեւ սա երրորդը կլինի` «Ընդհանուր պետություն», Քի Ուեսթ, եւ ահավասիկ երրորդը: Որովհետեւ այս փաստաթղթերը, գիտեք, մեկ շաբաթվա ընթացքում չեն ծնվում, սրանք արդյունք են երկար բանակցության, եթե Ադրբեջանը հերթական անգամ մերժում է, ես կարծում եմ` իրավիճակը լրջորեն բարդանալու է»:

Ի դեպ, երեկ առավոտյան Պիտեր Սեմնեբին հանդիպել էր նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ: Ուստի, լրագրողները շտապեցին հենց ԵՄ ներկայացուցչից ճշտել, թե ոնց էր Քոչարյանի առողջականը, քանի որ վերջինս, պատճառաբանելով շնչառական ուղիների սուր վիրուսային հիվանդությունը, հրաժարվեց մասնակցելու Մոսկվայում կայանալիք ԱՊՀ անդամ երկրների գագաթաժողովին: Նախ` Վարդան Օսկանյանը շտապեց իրավիճակը փրկել` ասելով, որ ինքը խոսել է Քոչարյանի հետ, եւ նախագահն ընդհանուր առմամբ իրեն լավ է զգում: «Նա արդեն լավ է, այսօր առավոտյան եմ հետը խոսել: Ձայնը մի քիչ խռպոտ էր, բայց, համենայն դեպս, կարծես թե ապաքինվել է»,- հայտարարեց Օսկանյանը: Իսկ Պիտեր Սեմնեբին էլ Քոչարյանի առողջական վիճակի մասին փոխանցեց. «Շտապում եմ զեկուցել, որ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առողջական վիճակը լավ էր»: Թեեւ, նկատենք, որ մասնագետների պնդմամբ, շնչառական ուղիների սուր վիրուսային հիվանդությունը (գրիպը) ապաքինվում է մոտավորապես մեկ շաբաթվա ընթացքում: Եվ հետաքրքիր է, թե Ռ. Քոչարյանն ինչպես է հաջողացրել 2 օրում լավանալ: