Կի՞ն, թե՞ նժույգ

04/05/2005

«Այժմ, մի քանի օր է, ինչ ինձ բոլորը զանգահարում են եւ ասում՝ գիտե՞ս, երկու նոր արաբական նժույգ ես նվեր ստանալու։ Ո՞ւր են, ես անհամբեր սպասում եմ»,- ասաց Գ.Փարադյանը։ Խոսքը գնում է Հայաստանի Մշակույթի, սպորտի ու երիտասարության հարցերի պատասխանատու Հովիկ Հովեյանին նվեր հասած էգ ու որձ արաբական նժույգների մասին, որոնց նվիրել է Միացյալ Արաբական Էմիրությունների Շարժա էմիրության էմիրը։ Նախարարության հաշվետու ասուլիսում, մշակութային նվաճումների լայնածավալ ցանկը թվարկելուց բացի, Հ. Հովեյանը խոսեց ձիերի մասին. «Ես՝ որպես պաշտոնական անձ, չեմ կարող նման թանկարժեք նվեր ընդունել՝ արաբական նժույները մի քանի միլիոն դոլար արժեն»: Հյուր գնալով էմիրի հարուստ ախոռը, որը պալատների էր նման, նա տեսել է՝ ինչ հիանալի պայմաններում են ապրում ձիերը: Արեւելյան շքեղությունը չի շլացրել նախարարին եւ, երբ նրան նվեր ընտրելու հնարավորություն են տվել՝ կի՞ն, թե՞ նժույգ, նա նախընտրել է ախոռը եւ ընտրել է նժույգները: Ասուլիսի մշակութային մասը թվում էր այնքան կանխատեսելի, գովեստներով ու արված միջոցառումների հպարտությամբ լի էր, որ բոլորին հետաքրքրեց ձիերի անորոշ ճակատագիրը:  «Ես նվիրել եմ նրանց մեր նախագահին եւ շատ կուզենայի, որ նրանք հայտնվեին Գագիկ Փարադյանի մոտ ու նպաստեին մեր ձիաբուծության զարգացմանը։ Պարազապես էմիրն ինձ խնդրեց, որ էգ նժույգին ուրիշ որեւէ որձ մոտ չգնա, որպեսզի  պահպանվի զտարյունությունը»: