– Օրենքն այլ կերպ է ասում, որ բանակն անկուսակցական է եւ չեզոք: Այո, անշուշտ: Եվ իմ` Խորհրդի նախագահ լինելու պարագան բոլորովին որեւէ նոր էլեմենտ չի մտցնում: Ի՞նչ տարբերություն, ես բավական երկար ժամանակ համագործակցել եմ Հանրապետական կուսակցության հետ, ԱԺ նախորդ ընտրությանը եղել եմ ՀՀԿ ցուցակի երկրորդ հորիզոնականում, եւ այսօր, կարծում եմ, որեւէ բան չի փոխվել, ուղղակի այդ ամբողջ պրոցեսը կամ եղած իրավիճակը փաստաթղթավորվել է: Որեւէ պրոբլեմ չեմ տեսնում: Ցանկացած նախարարի պաշտոնը, այդ թվում` Պաշտպանության նախարարի, քաղաքական է: Եվ այդ տեսանկյունից իմ քայլն անթերի է:
– Տեղեկություններ կային, որ մինչ ձեր Հանրապետական դառնալը շատ այլ կուսակցություններ ցանկություն ունեին տեսնել ձեզ իրենց շարքում:
– Ճիշտն ասած, այդպիսի ցանկությունների, որ բոլոր կուսակցությունները կցանկանային, որ ես անդամագրվեմ իրենց կուսակցությանը` տեղյակ չեմ: Թեեւ ցանկացած այլ առաջարկությունից ես կհրաժարվեի, որովհետեւ իրոք ՀՀԿ-ի հետ համագործակցում եմ վաղուց, եւ համարում եմ, որ այս կուսակցությունն ինձ ավելի հոգեհարազատ է, քան որեւէ այլ կուսակցություն:
– Մի քանի տարի առաջ քաղաքականությամբ զբաղվելու համար պաշտոնանկ արվեց պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը: Ո՞րն է ձեր եւ նրա տարբերությունը:
– Դուք պարտավոր եք մեր տարբերությունը զգալ, տեսնել, որովհետեւ բավական է նայել իմ եւ զինվորականների ուսերին եւ զգալ այդ տարբերությունը: Մեր օրենքներն այդ հարցերի պատասխանը շատ հստակ են տվել, եւ մեկնաբանելու ցանկություն չունեմ:
– Ի՞նչ սպասելիք ունեք Մեթյու Բրայզայի այցից եւ Լելուշի առաջարկից:
– Պրոցես է, որ նոր չի սկսվել, եւ վերջին 8-9 տարիների ընթացքում հաճախակի են այդ այցերը: Որեւէ նոր բանի չեմ սպասում:
– Ձեր ելույթում նշեցիք հակառակորդների մասին, ո՞ւմ նկատի ունեիք:
– Ճիշտն ասած, ես սովոր չեմ երկրի ներսում հակառակորդ տեսնելու: Ես ունեմ շատ ավելի լուրջ հակառակորդներ, որոնց մասին պարտավոր եմ մտածել: Որպես մրցակիցներ` կտեսնենք: Ես համարում եմ, որ այսօր մենք մի գործընթացի սկիզբ ենք դրել, եւ այդ գործընթացի նախնական, որոշակի արդյունքներ կարող ենք ունենալ 3-4 ամիս հետո: Այն ժամանակ կխոսենք:
– Որքա՞ն է անակնկալների հավանականությունը քաղաքական ապագա գործընթացներում:
– Համենայն դեպս, ես միտք չունեմ որեւէ մեկին որեւէ անակնկալ մատուցելու: Ինքներս աշխատելու ենք մեզ համար, ինքներս աշխատելու ենք մեր կուսակցության համար, ինքներս աշխատելու ենք մեր ժողովրդի համար, եւ եթե անակնկալ կլինի, մենք կփորձենք անակնկալի չգալ:
– Ինչպե՞ս եք վերաբերվում «Բարգավաճ Հայաստան»-ՀՀԿ հնարավոր բախման կանխատեսումներին:
– Բախման նմանակում նույնիսկ չեմ տեսնում: Չեմ հասկանում, թե ինչու պետք է բախում լինի, որովհետեւ ես արդեն քանիցս կրկնում եմ, որ մենք ունենալու ենք մեր ծրագիրը, մենք ունենալու ենք մեր ուղղությունները եւ մենք աշխատելու ենք մեզ համար, անկախ նրանից, թե ուրիշներն ինչպես են աշխատում: Ի՞նչ բախման մասին է խոսքը:
– Դուք ներկա իրավիճակը չե՞ք նմանեցնում 1998թ. իրավիճակի հետ, երբ ՀՀԿ-ն նույնպես միավորվեց պաշտպանության նախարարի հետ, եւ նախարարը դարձավ հրապարակային քաղաքական գործիչ:
– Նախ` իրավիճակները նույնը չեն, եւ երկրորդ` Հայաստանի պաշտպանության նախարարները երբեք այլ կարգավիճակում չեն եղել: Որեւէ մեկը չի կարող ասել, որ ես հրապարակային քաղաքական գործիչ չեմ եղել: Ավելի շատ ելույթ ունեցող, ավելի շատ լրագրողների հետ շփվող գործիչներ, խնդրեմ, ասեք. եթե կան, ասեք` կան: Բացի այդ, այն ժամանակ բոլորովին այլ իրավիճակ էր, այսօր բոլորովին այլ իրավիճակ է:
– Այնուամենայնիվ, դուք չնշեցիք ՀՀԿ հնարավոր դաշնակիցների մասին:
– Դաշնակիցների մասին դեռ վաղ է խոսել, բայց, գիտեք, այսօր ՀՀԿ-ն այդ դաշինքը վաղուց է կազմել, եւ, խոսելով դաշնակիցների մասին, կարելի է խոսել կոալիցիայի անդամ կուսակցությունների մասին: Իսկ մնացածները կլինեն դաշնակիցներ, համակիրներ, թե մրցակիցներ` կյանքը ցույց կտա:
– Պրն Սարգսյան, իսկ ո՞վ կարող է ընդդիմություն լինել ՀՀԿ-ի համար:
– ՀՀԿ-ի համար որեւէ մեկը չի կարող ընդդիմություն լինել, որովհետեւ ընդդիմություն կարելի է լինել իշխանությանը: Եթե ուզում եք ասել` մրցակից, չգիտեմ, ժամանակը ցույց կտա:
– Կարելի՞ է ձեզ այսօրվանից համարել ՀՀԿ փաստացի ղեկավար, եւ արդյոք Ղարաբաղում ՀՀԿ մասնաճյուղ ստեղծելու մտադրություն ունե՞ք:
– Ոչ: Ինձ կարելի է այսօրվանից համարել ՀՀԿ ղեկավարներից մեկը: Ինչ վերաբերում է ԼՂՀ-ին, ապա բոլորովին իմաստ չեմ տեսնում այնտեղ մասնաճյուղ ստեղծելու մեջ: Բոլորովին: Անիմաստ է:
– Հնարավոր համարո՞ւմ եք, որ ձեր եւ Անդրանիկ Մարգարյանի նման ազդեցիկ երկու «գլուխ եփվի» միեւնույն կաթսայում:
– Մեր հասարակությունը կարիք ունի ուժեղ թիմի, որպեսզի կարողանա կողմնորոշվել շատ բարդ հարցերում: Եվ կարծում եմ, որ մենք հիմք ենք դրել այդ ուժեղ թիմը ստեղծելուն:
– Ըստ վերլուծաբանների, իրականում Ռ. Քոչարյանը ոչ թե վատառողջ է, այլ խուսափել է մասնակցել ԱՊՀ ոչ պաշտոնական վեհաժողովին: Ի՞նչ կասեք այս մասին եւ երբեւէ մտածո՞ւմ եք ձեր եւ Վազգեն Սարգսյանի ճակատագրերի նմանության մասին:
– Ի՞նչ իմաստ ունի` անիմաստ բաներով գլուխս ծանրաբեռնեմ… Ինչ վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի չմեկնելուն, ապա այդ վերլուծաբանները սուտ վերլուծաբաններ են, որովհետեւ իրոք Քոչարյանը գրիպով հիվանդացել է: Ես դա կարող եմ հավաստիացնել, որպեսզի մեր երկրում սուտլիկ որսկաններ քիչ լինեն:
– Չե՞ք կարծում, որ նախագահը պետք է իր կարծիքը ներկայացներ տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:
– Կարծում եմ` իր կարճատեւ արձակուրդից հետո Հանրապետության նախագահը կարձագանքի:
– Հնարավոր համարո՞ւմ եք ՀՀԿ-«Բարգավաճ Հայաստան» համագործակցությունը:
– Իսկ ինչո՞ւ ոչ: Ամեն ինչ հնարավոր է:
– Թերթերից մեկը գրել էր, որ դուք խախտել եք նախագահ-նախարար սուբորդինացիան:
– Կարծում եմ` կամ թղթակցի, լուր գրողի քեֆն է լավ եղել, կամ այն մարդու, ով այդ հոդվածը բերել է: Որովհետեւ ես իմ գործունեության 18 տարիների ընթացքում որեւէ անգամ սուբորդինացիա չեմ խախտել եւ երբեք չեմ խախտելու: Որովհետեւ շատ պարզ ճշմարտություն կա` եթե ուզում ես քեզ ենթարկվեն, ապա դու պարտավոր ես ենթարկվել: Խնդրում եմ, իմ այս ասածը հասցնեք այդ մարդկանց:
– Գործիչներից մեկը հաճախ է ձեզ համեմատում Ֆուշեի կերպարի հետ, նույնիսկ ասում է, որ Ֆուշեն դոսյեներ ունի բոլորի վրա: Ձեզ դո՞ւր է գալիս այդ համեմատությունը: Դուք համամի՞տ եք դրա հետ:
– Բայց դուք գիտե՞ք, թե ով է Ֆուշեն: Ընդհանրապես ես չեմ սիրում որեւէ մեկի հետ համեմատվել, որովհետեւ այն մարդիկ, ովքեր պատմության մեջ թողել են մեծ հետքեր, նրանք մեծ մարդիկ էին, եւ նրանց հետ համեմատվել` նշանակում է, մեղմ ասած, անհամեստ լինել: Ես չեմ սիրում որեւէ մեկի հետ համեմատվել: