Չմեկնելով ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթաժողովին՝ Միխայիլ Սահակաշվիլին ազատված ժամանակը նվիրեց իշխանությունում կարգ հաստատելուն: Ժողովրդի, ընդդիմության, հասարակության եւ այլ պահանջների համաձայն արված կադրային փոփոխությունները վերաբերում էին հակամարտությունների կարգավորման գծով պետնախարար Գեորգի Խաինդրավային: Նա կառավարության անդամների նոր ցուցակում չկար, իսկ մնացած բոլորին սպասվում է պաշտոնում հաստատվելու հայտնի գործընթացը: Իշխանությունների ցինիզմը, տվյալ դեպքում, ապշեցուցիչ է: Դուք պահանջում էիք նախարարների նոր կաբինե՞տ, դրա համար հանրահավաքներ եւ հացադուլնե՞ր էիք անում: Խնդրեմ՝ նախարարների նոր կաբինետ, որում կարգին, ինտելիգենտ Խաինդրավայի համար տեղ չկա, իսկ Վանո Մերաբիշվիլին, ով մարդասպաններով հեղեղել է ՆԳՆ-ն, եւ հենց ում դեմ էլ սկսվեց հասարակական դժգոհության ալիքը, մնում է իր պաշտոնում: Ինչպես երեւում էր, եւ մինչեւ վերջ էլ ենթադրվում էր, որ այդպես էլ բացարձակ հարազատ չդարձավ նախագահամետ «Ազգային շարժման» համար՝ «օտարների մեջ հարազատ, հարազատների մեջ օտար» ասվածը: Նա, ով վրաց-աբխազական պատերազմի ժամանակ զբաղեցրել է Աբխազիայում նախագահի (այն ժամանակ` Էդուարդ Շեւարդնաձեի) հատուկ ներկայացուցչի պաշտոնը, իրոք համոզված է հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման անհրաժեշտության մեջ` ի տարբերություն չինովնիկների մեծամասնության, ովքեր կրկնում են բառերի այդ շարքը (հակամարտության խաղաղ կարգավորում)՝ ակնհայտորեն առանց հասկանալու, թե ինչպես է դա հնարավոր: Պետնախարարի (ցավոք արդեն նախկին) մոտ իրավիճակի հստակ պատկերացում կար. կապերի, բանակցությունների, չդադարող շփումների միջոցով, առանց պրովոկացիաների ենթարկվելու` սկզբի համար` հասնել վստահության վերականգնմանը, իսկ հետո համատեղ իրականացնել ներդրումների չափով եւ մասշտաբներով հսկայական ծրագրեր՝ չվերահսկվող ինքնավարության տնտեսական վերականգնման համար: Իսկ հետո Աստծո օգնությամբ, թեկուզ ոչ հիմա, այլ մեկ կամ մի քանի սերունդ հետո կմոռացվեն պատերազմները եւ ստորացումները, եւ մարդիկ ընդհանուր լեզու կգտնեն: Խաինդրավան միշտ հանդես է եկել անջատողականների հետ կնքված համաձայնագրերի պահպանման օգտին՝ թեկուզ նույնիսկ միակողմանի: Երբ Ցխինվալիի կողմից օսեթական անկախության տոնի օրն ականանետերից կրակահերթեր եղան, պետնախարարը հայտարարեց, որ կրակել կարող էր կամ դեգեներատը, կամ Վրաստանի թշնամին: Միանշանակ նա չէր կարող չիմանալ այն մասին, որ առանց պաշտպանության նախարար Իրակլի Օքրուաշվիլու թույլտվության այդտեղով նույնիսկ ճանճը չի թռչում: Դա յուրատեսակ մարտահրավեր էր վրացական կառավարության ամենակարող գլխավոր «բազեին»: Սակայն պաշտպանության նախարարն ու պետնախարարը մինչ այդ երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ճանապարհների հարցում միմյանց խոսքերով խայթել էին: Խաինդրավան հրապարակայնորեն հանդես եկավ իշխանությունների դեմ, երբ արտգործնախարարի պաշտոնից ամոթալի կերպով հեռացվեց հրաշալի դիվանագետ, Ֆրանսիայի ԱԳՆ-ում եւ եվրոկառույցներում բարձր պաշտոններում գերազանց աշխատանքային փորձ ունեցող Սալոմե Զուրաբիշվիլին: «Դա սխալ է»,- հայտարարեց Խաինդրավան: Դա, իհարկե չէր կարող դուր գալ «Ազգային շարժման» լիդերներին: Գեորգի Խաինդրավան բավականին խիստ քննադատեց իշխանություններին, երբ աջարական հյուրանոցներից ուժով հեռացվեցին այնտեղ ապրող Աբխազիայից եկած փախստականները: «Այդ մարդկանց հետ չի կարելի ուժով խոսել, եթե նրանք նույնիսկ 100-ապատիկ սխալ են: Նրանք Աբխազիայում կորցրել են ամեն ինչ. հարազատներին, մտերիմներին, տունը, ունեցվածքը: Նրանք որերորդ տարին է, հազիվ ծայրը ծայրին հասցնելով, թափառում են այստեղ-այնտեղ, եւ հենց վրացական կառավարությունը նրանց վրա է ուղարկում Ոստիկանական հատուկ ջոկատներ: Ես բառեր չեմ գտնում»,- հայտարարել էր Խաինդրավան: Մեկ այլ հրապարակային անհամաձայնություն իշխանությունների հետ նա հայտնեց ՆԳՆ բարձրաստիճան աշխատակիցների կողմից սպանված բանկային համակարգի աշխատող Սանդրո Գիրգվլիանիի գործով դատական վճռից հետո, որի մասին «168 Ժամը» մեկ անգամ չէ, որ գրել է: «Ոչ վաղ անցյալում 14-ամյա խուլիգանին կռիվ սարքելու համար 1 տարով բանտարկեցին: Իսկ պրոֆեսիոնալ մարդասպաններին եւ սադիստներին դատապարտեցին 7-8 տարվա ազատազրկման: Իշխանությունները չեն հանձնում ժողովրդավարության քննություն»,- ասել էր Խաինդրավան: Հասարակության առջեւ վերջին անհամաձայնությունը հավանաբար տեղի ունեցավ այն միջադեպից հետո, որը կատարվեց վրացական Ռազմական ոստիկանության եւ Ռուսաստանի դեսպանատան աշխատակիցների ու նրանց հետ գտնվող գեներալ Վալերի Եվնեւիչի միջեւ, երբ վերջինս հերթական անգամ առանց վրացական վիզայի եկել էր Վրաստան, իսկ ավելի կոնկրետ՝ վրաց-աբխազական հակամարտության գոտի: Գեներալին անվանելով պրովոկատոր՝ Խաինդրավան միաժամանակ ուշադրություն հրավիրեց այն բանի վրա, որ Օքրուաշվիլուն ենթարկվող ոստիկանությունն իրավունք չուներ կանգնեցնել եւ ստուգել դիվանագիտական համարներով ավտոմեքենան: «Դա, իհարկե, Վիեննայի կոնվենցիայի խախտում է»,- խոստովանեց Խաինդրավան: Ի պատասխան, պաշտպանության նախարարը մեղադրեց պետնախարարին՝ քաղաքական սեթեւեթանքի, եւ, չգիտես ինչու, խաբեբայության մեջ: Իսկ հաջորդ օրը Խաինդրավան լրագրողներից իմացավ այն մասին, որ ինքը չկա նախարարների նոր կաբինետի ցուցակում: Մեկնաբանելով իր հրաժարականը՝ նա հայտարարեց, որ չի ուզում փոքր բանից վեճ սարքել, սակայն, երբ Օքրուաշվիլին դադարի պաշտպանության նախարար լինելուց, ինչը սարերի ետեւում չէ, ինքն անպայման պատասխան կպահանջի խաբեբայության մասով իրեն ներկայացված մեղադրանքների համար: «Քաղաքական սեթեւեթանքը ռազմական ոստիկանության գործողությունների անիրավազորության ընդունում չէ, իսկ գալիք նոր տարին Ցխինվալիում դիմավորելու Օքրուաշվիլու տված էժան խոստման իրականացման համար ոչ մի նախադրյալ չկա: Աբխազիան շուտափույթ վերադարձնելու մասին երդումներն էլ բավականին երկար նախագիծ է: Դա Սուխումի եւ Ցխինվալիի հասցեին անդադար սպառնալիք է»,- ասաց Խաինդրավան: «Կորցրած տարածքների հարցով քաղաքական կուրսն իմ հեռանալուց հետո չի փոխվի: Խաղաղ կարգավորմանն այլընտրանք չկա: Դա պետք է հասկանան բոլորը»,- «168 Ժամին» ասաց նա: Ամեն դեպքում, քաղաքագետներն ու վերլուծաբաններն իրավիճակի վերաբերյալ իրենց գնահատականներում միակարծիք են. հակամարտությունների գոտիներում առանց դրսի ազդեցության ինչ-որ գործողությունների հավանականությունը խիստ աճում է: Գեորգի Խաինդրավայի հրաժարականի կապակցությամբ մտահոգություն են հայտնել եւ՛ Մոսկվայում, եւ՛ ինքնակառավարվող հանրապետություններում: Իսկ եթե հիշենք քառամյա դադարից հետո վրաց-աբխազական բանակցությունները վերականգնել կարողացած վրաց-աբխազական հակամարտությունում նախագահի հատուկ ներկայացուցիչ, Իրակլի Ալասանիի ոչ վաղ անցյալի բոլորովին անսպասելի «հղումը» ՄԱԿ-ում Վրաստանի ներկայացուցչի պաշտոնին, ապա վրացական իշխանություններում «պատերազմի կուսակցության» խոսակցությունները հաղթանակի մասին դադարում են հորինված թվալ: Ճիշտ է, նույն Խաինդրավան, մեկնաբանելով սեփական հրաժարականը՝ հայտարարեց, որ այդպիսի կուսակցություն Վրաստանում չկա, եւ կոչ արեց իրավիճակը չդրամատիզացնել: Ինչեւէ, արժանավոր քաղաքական գործչի արժանավայել հեռացում: