Ոսկե, արծաթե, պղնձե, բրոնզե իրերի խնամքը

26/07/2006

– Եթե բրոնզե մոմակալները, դռան բռնակները, այլ իրեր շատ են մգացել, կարելի է օգտվել հետեւյալ խորհուրդներից:

Մի քանի կաթիլ անուշադրի սպիրտը խառնեք ոչ մեծ քանակությամբ տաք ջրով եւ ստացված լուծույթով մաքրեք իրերը, հետո լվացեք տաք ջրով եւ սրբեք փափուկ սրբիչով:

– Ամանի հին խոզանակը թրջեք կիտրոնի հյութով եւ հավասարաչափ քսեք բրոնզե իրերին, լվացեք տաք ջրով եւ չորացրեք սրբիչով:

Եթե բրոնզը կանաչել է, պատրաստեք լուծույթ գինու քացախից եւ կերակրի աղից, ատամի խոզանակով սրբեք բրոնզե իրերը: Դա կկանխի մետաղի հետագա օքսիդացումը:

– Պղնձե իրերը խովանությունից պետք է պահպանել, քանի որ դրանց վրա կարող է բորբոս առաջանալ: Նման դեպքում իրերը պետք է սրբել քացախով, հետո բրդյա մաքուր լաթով:

– Պղնձե եւ լատունե իրերն արագ են խամրում: Որպեսզի դա կանխվի, հարկավոր է լավ մաքրած իրը շփել մոմով:

– Ոսկե մատանին կամ ականջօղերը կփայլեն, եթե դրանք որոշ ժամանակ թողնեք քաղցր ջրի մեջ:

– Սաթե եւ փղոսկրե իրերն առանց վախենալու կարելի է լվանալ տաք օճառաջրով: Եթե փղոսկրը դեղնել է կամ կեղտոտվել, այն կարելի է 10 րոպեով իջեցնել քլորակրի թույլ լուծույթի մեջ, ապա զգուշորեն մաքրել շորով: