Թագավորական նվերի հեռավոր դոփյունը

04/05/2005

Ալլահը մառախուղից ստեղծեց մուգ շագանակագույն՝ աշխետ ձի եւ ասաց. «Ես կոչում եմ քեզ ձի, եւ քո անունն է արաբական։ Դու կլինես մյուս կենդանիների թագավորը, իսկ քո տերը քեզ ընկեր կլինի։ Ես տալիս եմ քեզ առանց թեւերի թռչելու հնարավորություն»։ Դարեր առաջ արաբական հողում այսպես ծնվեց բեդվինական արագավազ այս ձին, որը ոգեշնչել է բանաստեղծներին եւ զարմացրել գիտնականներին, որn ամենագեղեցիկ եւ թանկարժեք նվերն է դարձել մեր օրերում։ Այն մարդը, ում ձի են նվիրում, այն էլ` ազնվացեղ արաբական նժույգ, օրհնյալ է։ Ընդունե՞լ, թե՞ ընդունել։ Իհարկե ընդունել. նվերից հրաժարվելը տգեղ բան է։ Նույնիսկ, եթե մի մարդ ես, ով հեռավոր պատկերացում ունի, թե ինչ է պետք անել ձիու հետ։ Երբ Ռուսաստանի նախագահ Վ. Պուտինը երեք նժույգ ստացավ, նա կարողացավ կողմնորոշվել՝ նվիրեց նրանց մանկական ձիասպորտի կենտրոնին։ Իսկ երբ Վ.Ժիրինովսկին ունեցավ իր արաբական նժույգը, որոշեց ոչ մեկին էլ չնվիիրել, այլ սեփական ախոռը սարքել, որպեսզի ձին մնա իր սեփականությունը եւ մասնակցի մրցույթներին։ Հայաստանում թանկարժեք ձի նվիրելու սովորույթը դեռ նոր է զարգանում։ Կա երկու պաշտոնական փաստ, որ երկու պաշտոնական անձանց ազնվացեղ արաբական նժույգ է ընծայվել։ Մեկը՝ էքս-նախագահին, մյուսը՝ գործող նախարարին։ Պաշտոնական անձն իրավունք չունի 500 ԱՄՆ դոլարից բարձր գին ունեցող նվեր ընդունել, այլապես կհամարվի կաշառակեր։ Պետք է իրավաբանորեն մեկ այլ ճանապարհ գտնվի, որպեսզի նվերը մաքսազերծվի եւ հայտնվի ուրիշ երկրում՝ տիրոջը բարոյական երկընտրանքի առաջ չդնելով։ Ընդհանրապես, կենդանիներ նվիրելը, տեղափոխելը եւ գրանցելը կապված է ռիսկի հետ։ Երբ Շվեդիայի թագավորը փիղ նվեր ստացավ, չկարողացավ փղին իր հայրենիք տեղափոխել։ Իսկ մինչ սահմանում  լուծվում էին մաքսային եւ իրավաբանական հարցերը, փիղը սատկեց։ Այդ դեպքը մեծ աղմուկ բարձրացրեց՝ դժգոհ մնացին եւ՛ «կանաչները», եւ՛ սովորական քաղաքացիները: Սակայն կարգն է այդպիսին՝ նույնիսկ թագավորը օրենքը խախտել չի կարող: