Հանրապետականը չի հոգնելու

23/07/2006 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

Այսօր կայանալու է Հայաստանի հանրապետական կուսակցության երկար սպասված արտահերթ համագումարը: Այս առիթով երեկ հրավիրված ասուլիսում ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը կարծիք հայտնեց, որ ՀՀԿ-ն երկար տարիներ եղել, մնում եւ մնալու է որպես «Հայաստանի քաղաքական դաշտի կարծիքի առաջատար»:

Իսկ ՀՀԿ-ի այսօր կայանալիք համագումարի եւ հետագա հնարավոր սցենարների հետ կապված կարծիքներն Ա. Աշոտյանը բաժանում է «մտահոգությունների երկու խմբի»: Ըստ այդմ, մտահոգությունների առաջին խումբը կապված է ՀՀԿ-ի ապագա ճակատագրով մտահոգ լինելու հետ, սակայն այս հարցով մտահոգվածներին պատգամավորը հանգստացնում է՝ վստահեցնելով, թե մտահոգվելու առիթ չկա: Նա դա բնութագրում է որպես քաղաքական դաշտում յուրահատուկ քաղաքական խանդի դրսեւորում: «Երկրորդ խումբ մտահոգությունները կապված են նրա հետ, թե ստեղծվում է սուպեր, մոնոպոլ, մոնստր կուսակցություն: Իրականում այստեղ խնդիրները մի քիչ ավելի խորքային հարթության վրա են գտնվում: Այն, ինչ տեղի է ունենալու, նշանակում է, որ Հայաստանի քաղաքական դաշտը գնում է կոնսոլիդացիայի, որ Հայաստանում երկար ժամանակ քաղաքական համակարգի անկատարությունը, որի ականատեսը մենք եղել ենք, հնարավորություն է ստանում վերաձեւավորվելու, վերախմբավորվելու, կորիզանալու եւ հասկանալի ձեւով ներկայանալու ընտրողին եւ հասարակությանը»,- կարծում է Ա. Աշոտյանը: Նրա ասելով՝ Հայաստանում երկար ժամանակ եղել է նաեւ մի իրավիճակ, երբ անձը, անձինք եղել են քաղաքական լուրջ գործոններ: «Նույն պարոն Սերժ Սարգսյանը 12-13 տարի ինքն իրենով եղել է քաղաքական գործոն: Ակնհայտորեն դրական տենդենցը, երեւույթն այն է, որ ստեղծվում է նոր չափորոշիչ: Քաղաքական պայքարի համար ստեղծվում է նոր չափորոշիչ, ստեղծվում է նոր միավոր, դրվում է նոր նշաձող, որը բավականին բարձր է շատ-շատ կուսակցությունների համար, շատ-շատ գաճաճ կուսակցությունների համար, նորաստեղծ կուսակցությունների համար»,- գտնում է ՀՀԿ-ական պատգամավորը: Ըստ նրա, այդ բավականին բարձր նշաձողի առկայության եւ քաղաքական մրցակցության պայմաններում այդ կուսակցություններին այլեւս ոչինչ չի մնալու, քան գնալ նույն՝ խոշորացման ճանապարհով, գնալ միասնական ճակատներ, գաղափարական կորիզներ ստեղծելու ճանապարհով եւ վերջիվերջո բերել նրան, որ 2007 թվականին մենք փորձենք ունենալ խոշոր քաղաքական ուժերի կենտրոններ, որոնք շատ հասկանալի կարող են ներկայանալ հասարակությանը: Պատգամավորը գտնում է, որ առանց կոնսոլիդացվելու Հայաստանի քաղաքական դաշտում հնարավոր չէ արդյունավետ գործունեություն ծավալել: «Նախ եւ առաջ մարդիկ, ովքեր խոսում են Հայաստանում քաղաքական ճգնաժամի, քաղաքական համակարգի ճգնաժամի մասին, եւ այն կապում են մեր համագումարի հետ, ըստ իս, ավելի շատ մտահոգված են իրենց քաղաքական կուսակցությունների, իրենց անձնական կարիերայի ճգնաժամի հետ, որովհետեւ հասկանալի է, որ մի քաղաքական բռունցք, որը ստեղծվելու է վաղը (այսինքն՝ այսօր.- Ռ.Թ.), շատ քիչ տեղ է թողնում մնացած խաղացողների համար»,- համոզված է Ա. Աշոտյանը, ում խոսքերով՝ ՀՀԿ-ն ոչ մեկի հետ չի միավորվել, այլ իր շարքերն ընդլայնում է մարդ քաղաքական գործիչների հաշվին՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ: «ՀՀԿ-ն իր այս նոր ձեւաչափով, որոշ բիզնեսմենների, օլիգարխների ընդգրկմամբ, հավակնություն ունի դառնալու կլասիկ եվրոպական պահպանողական կուսակցություն»,- նշեց բանախոսը: Ինչ վերաբերում է Աժ 2007թ. ընտրություններին, ապա Ա. Աշոտյանի կանխատեսմամբ՝ ՀՀԿ-ն կստանա ընտրողների ձայների մոտ 35-40%-ը: Բայց սա, ինչպես շեշտեց Աշոտյանը, իր ցանկությունն է, որը ներկայացվում է որպես կանխատեսում:

Ա. Աշոտյանը երեկ նաեւ կարծիք հայտնեց, թե իրենց կուսակցությունը մեր երկրում բացառիկ է լինելու, քանզի իր քաղաքական ծրագրում Աստծո հետ կապված որոշակի հղումներ ունի: «Երկու անգամ մեր ծրագրային հիմնադրույթներում շեշտվում է «Աստված» բառը»,- Աստծո հետ ՀՀԿ-ի կապերը հակիրճ բացահայտեց բանախոսը: Վերջինս անդրադարձավ նաեւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը: Պատգամավորի խոսքերով՝ այդ կուսակցության «բրենդի համար» իրականացվում են քաղաքական մարքետինգային հաշվարկված քայլեր:

Ա. Աշոտյանը «Բարգավաճ Հայաստանի» գործունեությունը համեմատեց այն ֆիրմաների գործունեության հետ, որոնք քաղաքում պաստառներ են փակցնում իրենց ներկայության մասին` «Շուտով» կարգախոսով: «Քաղաքական մարքետինգի տեսանկյունից կարծես թե իրականացվում է նույն PR քայլը»,- կարծում է նա, հավելելով, թե բացի Գագիկ Ծառուկյանից, այդ կուսակցության քաղաքական թիմի այլ անդամի անուն հայտնի չէ: «Այսինքն՝ չկա քաղաքական այցեքարտը, բացի պարոն Ծառուկյանից չկան քաղաքական կերպարները: Թիմը դեռեւս ներկայանալի չէ: Այսինքն՝ իրականացվում է այդ «շուտովի» քաղաքական PR-ը, որ շուտով սպասեք «Բարգավաճ Հայաստան», շուտով կլինի «Բարգավաճ Հայաստանի» բացումը…»,- գտնում է ՀՀԿ-ական պատգամավորը: Վերջինս երեկ նաեւ հիշեցրեց, թե երբ ժամանակին Մարգրետ Թետչերին հարցրել են, թե ինչքա՞ն է պատրաստվում մնալ իր պաշտոնին, նա պատասխանել է, թե կմնա այնքան, քանի դեռ չի հոգնել: «Իսկ քանի դեռ Անգլիան իմ կարիքն ունի, ես երբեք չեմ հոգնի»,- ըստ Աշոտյանի` ավելացրել է Մ. Թետչերը: Ա. Աշոտյանն այս պատմությունը տարածեց նաեւ ՀՀԿ-ի վրա` ասելով, որ քանի դեռ Հայաստանը ՀՀԿ-ի պես քաղաքական ուժի կարիք ունի, ՀՀԿ-ն չի հոգնելու: