Լրջորեն չի մտածել

23/07/2006

Ճիշտ է՝ Սերժ Սարգսյանը չի բացառել նախագահի կողմից իր պաշտոնանկության հնարավորությունը, բայց միայն՝ տեսականորեն՝ ընդգծելով, թե ՀՀԿ անդամակցության որոշում կայացնելու համար ինքը նախարարի պաշտոնից չի ազատվի, քանի որ Ռոբերտ Քոչարյանը լիովին հավանություն է տվել իր այդ որոշմանը: «Ես կարծում եմ, որ հարմար առիթի դեպքում Ռ.Քոչարյանը կամ նրա մամլո քարտուղարը կհայտարարեն այդ մասին: Եվ հետո, իմաստ չունի զինված ուժերի գլխավոր հրամանատարի դիրքորոշմանը հակասող քայլեր ձեռնարկելը»,- հայտարարել է Ս. Սարգսյանը: Վերջինս դժվարացել է 2008թ. նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու մասին հստակ հայտարարություն անել, քանի որ, իր իսկ խոսքերով, ինքն առայժմ լրջորեն չի մտածել այդ մասին: «Անկեղծ եմ ասում, ուզում եք՝ հավատացեք, ուզում եք` ոչ: Ես որոշում կկայացնեմ 2007 թվականի խորհրդարանական ընտրություններից հետո: Կարող եմ միայն բոլորին հավաստիացնել, որ ես երբեք, ոչ մի պարագայում որեւէ պաշտոնի չեմ ձգտել, դա գիտեն իմ բոլոր ընկերները»,- հայտարարել է Ս. Սարգսյանը: Նա ասել է, որ մինչ օրս նախագահական ընտրությունների մասին չի խոսել իր հանրապետական կուսակիցների հետ եւ չի շոշափել այն թեման, թե 2007 թվականի խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն ընտրողների ձայների քանի՞ տոկոսի հավակնություն ունի, որպեսզի ինքը 2008թ. նախագահական ընտրություններին իր թեկնածությունն առաջադրելու մասին պատկերացում ունենա:

«Սակայն ես ինքս ինձ համար որոշել եմ. եթե խորհրդարանական ընտրություններում ՀՀԿ-ն հավաքի ընտրողների ձայների 21-22 տոկոսը, ես այդ արդյունքը բավարար կհամարեմ: Եթե կուսակցությունը հավաքի ձայների մինչեւ 28 տոկոսը, ես դա կհամարեմ լավ արդյունք: Իսկ եթե ՀՀԿ-ն հավաքի ձայների 28 տոկոսից ավելին, ապա դա կլինի գերազանց»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Ի դեպ, Ս. Սարգսյանը «Ազատությանն» ասել է, որ Հայաստանի բանակը վայելում է երկրի բնակչության բարձր վստահությունը. ««Գելապ» կազմակերպության սոցիոլոգիական հարցման համաձայն, Հայաստանի քաղաքացիների 80 տոկոսը վստահում է մեր բանակին»,- վստահեցրել է նախարարը: