Ամանորի նախօրյակին ամենուր Ձմեռ պապերի եւ Ձյունանույշների պակաս չի զգացվում: Երեւանում, օրինակ, նոր տարվա օրերին միայն Հանրապետության հրապարակում միաժամանակ «բիզնես» է անում այս հեքիաթային հերոսների առնվազն 5 զույգ: Երբեք չես կռահի, թե նրանցից որոնք են «իրական լապլանդացիները»: Հիմնականում նրանք իրենց հետ են ունենում հաստիքային մեկ լուսանկարիչ, երկու անհասկանալի կենդանու զգեստներով դերասան, լավագույն դեպքում՝ դեմքի տխուր արտահայտությամբ մոխրագույն մի պոնի եւ խաղալիքներով զարդարված պլաստմասսայե աթոռ՝ «մի հատ նկարվելու» համար: Ասում են, ընդհանրապես լավ է, երբ չկա մենաշնորհ, նույն ծառայությունը տրամադրվում է մի քանի «սուբյեկտի» կողմից, մարդկանց ընտրությունն այսպիսով լայնանում է, եւ այլն, եւ այլն: Բայց Ձմեռ պապերի այս բազմությունն անկասկած խեղաթյուրում է Ամանորի առեղծվածն ու հեքիաթը եւ առաջացնում երեխաների տարակուսանքը, երբ Ձմեռ պապը, պարզվում է, միակը չէ, իսկ այս մեկն էլ խոսում է, ասենք, հարեւան Թաթոսի ձայնով: Երեխան (ժամանակից շուտ) սկսում է իրեն խաբված զգալ, կամ որոշում է պարզել Ձմեռ պապի իսկությունը՝ բեղ-մորուքից քաշելով, «Դե ասա՛, է՞, ես քեզանից այս տարի ի՞նչ եմ խնդրել» պրովոկացիոն հարցերով ու զանազան այլ հնարքներով: Սակայն մածահասակների համար այս հարցը պարզելն ավելի հեշտ է: Իսկական Ձմեռ պապը բարեգործական նպատակներով ժամանածն է: Ճիշտ է, քչերն այսօր կհամաձայնեն այս պաշտոնին, որովհետեւ պատվերով Ձմեռ պապ լինելը շատ ավելի ձեռնտու է՝ յուրաքանչյուր կանչը՝ սկսած 50 դոլարից:
Պատվերով Սանտա Կլաուս
Մոտ երկու շաբաթ առաջ էր՝ փողոցում պատահական անցորդներին հայտարարություն էին բաժանում՝ «Ձմեռ պապն ու Ձյունանույշը կայցելեն ձեզ»: Սովորական գովազդ: Փորձեցինք կապվել «Սյուրպրիզ» մանկական թատրոնի (այսպես էր գրված հայտարարության մեջ) հետ: Թատրոնը, բանից պարզվեց, Վանաձորի կանանց եւ երեխաների շահերի ու իրավունքների պաշտպանության «Գայաննա» բարեգործական հասարակական կազմակերպության մասնաճյուղն է Երեւանում: Այս տարի առաջին անգամ իրականացնելու է Ձմեռ պապի եւ հեքիաթային այլ հերոսների այցելություն՝ պատվիրատուների տներով: Զրուցակիցս՝ թատրոնի տնօրեն, թատերական ինստիտուտի ուսանող, Կամերային թատրոնի դերասան, Ձմեռ պապ ու ծաղրածու Պոպո, նույն ինքը՝ Արթուր Կարապետյանն է: «Մեր կազմակերպության կանոնադրության մեջ այսպիսի բան կա՝ եթե անապահով ընտանիք է, մենք պետք է աջակցենք՝ ուզենք, թե չուզենք, այսինքն, դա մեր առաքելությունն է: Իսկ եթե ընտանիքը վճարունակ է, ինչը Երեւանում ավելի ռեալ է, քան նույն Վանաձորում, ապա պատվերի գինը 50 դոլար է: Յուրաքանչյուր այցի համար նախօրօք գնում ենք 3000 դրամի չափով նվեր՝ խաղալիք: Խաղալիքները գնում ենք խանութներից, ոչ թե տոնավաճառներից կամ փողոցից, որպեսզի վստահ լինենք նրանց որակի մեջ, եւ որպեսզի դրանք անպայման լինեն էկոլոգիապես մաքուր»: Դեկտեմբերի 28-ից սկսած «Սյուրպրիզը» հյուր է գալիս երեխաներին: Նրանցից ոմանք նախընտրում են ծաղրածուներին: Իսկ Ձմեռ պապ պատվիրելուց հնարավորություն է ընձեռվում կանչել հայկական ավանդական Կաղանդ պապին կամ ամերիկյան Սանտա Կլաուսին: «Կաղանդ պապն ավելի ծանրակշիռ, իմաստուն ծերունի է, իսկ Սանտա Կլաուսը… իրան էդքան թեթեւ չդարձնենք, բայց նա մի քիչ մանուկների հետ ավելի անմիջական է, ամերիկյան ինչ-որ «հա՛-հա՛-հա՛» կերպար է, որին երեխաներն ավելի շատ են սիրում,-պատմում է Արթուրը:-Ձյունանույշի կերպարն այլ է: Որպես այդպիսին՝ Ձյունանույշ կա Հայաստանում ու Ռուսաստանում: Ամերիկյան Սանտա Կլաուսի հետ, որքան էլ զարմանալի է, այդպիսի գործող անձ չկա: Բայց քանի որ հայ երեխաները սիրում են այդ կերպարը, մանավանդ աղջիկները՝ նմանվել Ձյունանույշին, հագնվել նրա նման, մենք Սանտա Կլաուսի հետ որոշել ենք նաեւ Ձյունանույշ տանել»: Այցելությունը տեւում է 30-40 րոպե: Այս ընթացքում խմբի դերասանները խաղերով ու հեքիաթներով զվարճացնում են մանուկներին: Ծանրաբեռնված օրերին պատվերների թիվը կարող է հասնել տասնյակի: Թատրոնի Ձմեռ պապն ունի նաեւ անձնական օգտագործման ավտոմեքենա: «Ընդունված է, որ Ձմեռ պապը նժույգներով լծած սահնակով է շրջում, բայց մեր Ձմեռ պապն ավելի ժամանակակից փոխադրամիջոց ունի՝ զարդարված փայլերով ու փուչիկներով»: Ամբողջ հասույթը, Արթուր Կարապետյանի խոսքերով, վերադառնում է Վանաձոր՝ «Գայաննա» ԲՀԿ հիմնադրամ: Այս հիմնադրամի միջոցներով են հետագայում կարվում զգեստներ, ձեռք բերվում գրիմ, վճարվում աշխատակիցների սիմվոլիկ աշխատավարձերը: Ձմեռ պապի հաջողությունը չափվում է ոչ այնքան նրա վաստակած գումարով, որքան՝ տոների ընթացքում ձեռք բերած «մշտական այցելուներով»: Ծառայությունների մատուցման այս ոլորտը եւս շարժվում է մրցակցության հաղթահարման սկզբունքներով: