Ադրբեջանական «շառ»

23/07/2006

«Ադրբեջանի բնապահպանության եւ բնապաշարների նախարարությունը երկրի ԱԳՆ եւ ՆԳՆ է ներկայացրել գրավյալ ադրբեջանական տարածքներում հրկիզումների մասին վկայող փաստաթղթեր»,- հաղորդում է «Թուրանը»: Բնապահպանության նախարար Հուսեին Բագիրովը կարծում է, թե հրկիզումները «գրավյալ տարածքներում հայերի գործողությունների մասին փաստարկներ են»: Նրա ասելով, հայերը «հրկիզման ռազմավարություն են կիրառում ինչ-ինչ նպատակների հասնելու համար»: «Վերջին հրկիզումները հայկական կողմի ռազմական դիրքերն ամրապնդելու նպատակ են հետապնդում»,- ռազմական վերլուծության մեջ խորանում է հաջողակ բնապահպանը: Հուլիսի 3-5-ը ԼՂՀ ղեկավարության հրավերով ԵԱՀԿ առաքելությունը մի շարք դիտարկումներ է անցկացրել սահմանամերձ գոտում, որոնց արդյունքում նախապատրաստվել է համապատասխան հաշվետվություն: Տվյալ պահին փաստաթուղթն ուսումնասիրվում է ԼՂՀ ԱԳՆ-ում, սակայն արդեն կարելի է փաստել, որ ԵԱՀԿ առաքելությունը չի հայտնաբերել ԼՂՀ անվտանգության գոտու բնակավայրերին հրդեհների հասցրած վնասի փաստեր, ինչպես փորձում էր ներկայացնել ադրբեջանական կողմը: