Դարձյալ վտարում են

23/07/2006

Հայաստանի նախկին արտգործնախարար Րաֆֆի Հովհաննիսյանի գլխավորած «Ժառանգություն» կուսակցությունը, որի ներկայացուցիչները նախօրեին կրկին հնարավորություն էին ստացել մուտք գործել Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի շենքում գտնվող կուսակցության վարձակալած տարածք, երեկ կրկին կանգնել են վտարման սպառնալիքի առաջ: Առավոտյան կուսակցության անդամներին գրասենյակից վտարելու եկած Դատական ակտերի հարկադիր կատարման (ԴԱՀԿ) ծառայության Կենտրոն եւ Նորք-Մարաշ ստորաբաժանման աշխատակիցները պնդել են, թե նախօրեին կուսակցության ներկայացուցիչներն անօրինական են մտել գրասենյակ, քանի որ նրանց չի ուղեկցել ԴԱՀԿ ներկայացուցիչը: Բանն այն է, որ Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի՝ հունիսի 26-ին կայացված եւ հուլիսի 12-ին օրինական ուժի մեջ մտած վճիռը տարընթերցումների տեղիք է տվել: «Ժառանգությունը» դիմել է դատավոր Էդուարդ Ավետիսյանին՝ իր կայացրած վճիռը պարզաբանելու խնդրանքով: Հարկադիր կատարողները չեն սպասել դատավորի՝ իր կայացրած վճռի պաշտոնական պարզաբանմանը: «Ժառանգության» գրասենյակի դռները կրկին փակվել եւ կնքվել են: