Այդ առանձնահատկությունը կապված է կամ Երեւանի քաղաքապետարանի, կամ կառուցապատման ու ներդրումային ԾԻԳ-ի, կադաստրի, կամ էլ դատարանների հետ: Գաղտնիք չէ, որ այս կառույցների պաշտոնյաներն իրենց մտավոր ու ֆիզիկական ամբողջ կարողություններն օգտագործել են, որպեսզի խեղաթյուրեն իրականությունը եւ բնակիչներից խլեն նրանց ունեցվածքը: Այդպիսի պատմություններից մեկն էլ Աբովյան 4/18 հասցեի արդեն նախկին բնակիչ Գագիկ Սարգսյանի պատմությունն է: Այդ հատվածը հարեւան մի քանի տների հետ միասին՝ 5384 քմ ընդհանուր տարածքով, 2004թ. կառավարության հայտնի N 905 որոշմամբ հանձնել են ոչ անհայտ, ԱԺ նախկին պատգամավոր Մելիք Գասպարյանին: Նրա 150 քմ տան եւ բակային տարածքի համար առաջարկել են ընդամենը, 14.000 դոլար: Այսպես ասած, անկախ չափագրողներն ու գնահատողները չափել-գումարել-հանել են եւ որոշել են, որ Գ. Սարգսյանի տան մակերեսն ընդամենը 33 քառակուսի մետր է: Մոտ հինգ անգամ կրճատել են տան ընդհանուր մակերեսը, իսկ բակային տարածքն ընդհանրապես չեն հաշվել եւ Գ.Սարգսյանին ու իր մորն առաջարկել են ընդամենը 7 հազարական դոլար գումար: Իր մյուս բախտակիցների նման Սարգսյաններն էլ հրաժարվել են այդ չնչին գումարից: Եթե շինությունը չհաշվեն ու միայն տակի հողը հաշվեն, միեւնույն է 14.000 դոլարը նույնիսկ 33 քմ-ի համար շատ քիչ է: Քաղաքի այդ հատվածում 1 քմ հողի շուկայական նվազագույն արժեքը 1700-2000 դոլար է: Նույնիսկ 33 քմ-ի համար նրանց պետք է առաջարկեին գոնե 60.000 դոլար: Իսկ եթե հաշվարկը կատարեին տան ու բակի իրական չափերին համապատասխան, ապա այդ գումարը 3-4 անգամ կավելանար:
Սակայն Սարգսյանների ընտանիքին անցած տարի նոյեմբերին առանց տեղյակ պահելու վտարել են, հենց այն ժամանակ, երբ Գ.Սարգսյանը ՄԱԿ-ի գրասենյակի մոտ հացադուլ էր անում: ԴԱՀԿ-ի աշխատողներն ասել են, թե իբր Գ.Սարգսյանին փնտրել են ու չեն գտել, դրա համար էլ վտարումը կազմակերպել են առանց նրա գիտության: Տանտիրոջ հավաստմամբ, վտարողներն իրենց տնից գողացել են արժեքավոր բոլոր իրերն ու Ստրասբուրգ գնալու համար պարտք արած 2000 դոլարը:
Սա դեռ ամենը չէ: Գ.Սարգսյանը պատմում է, որ իր տան հետ կապված դատական պրոցեսների ժամանակ Կենտրոն, Նորք-Մարաշ առաջին ատյանի դատարանի դատավորներն իր գործերի միջից երկու անգամ փաստաթղթեր են գողացել, որ ապացույցները թաքցնեն ու վճիռներն իր դեմ կայացնեն: Հիմա Սարգսյանների գործը Հյուսիսային ու Բուզանդի փողոցների իրենց տներից վտարված մի շարք քաղաքացիների կամ պետության կարիքի զոհերի գործերի հետ գտնվում է Ստրասբուրգում՝ Եվրոդատարանում: Բացի այդ, Գ.Սարգսյանը Սահմանադրական դատարանի ապրիլի 18-ի որոշման՝ որպես ի հայտ եկած նոր հանգամանք, ուզում է նորից դիմել դատարան եւ վիճարկել չափագրողների այն հաշվարկները, որ իր 150 քառակուսի մետրանոց տունը դարձրել են 33 քմ: Սակայն նրա դիմումը չեն ընդունում, պատճառաբանում են, թե փաստաբան չունի: Գ.Սարգսյանը դիմել է Փաստաբանների միություն, բայց նրան փաստաբան չեն տրամադրել: Հիմա նա այլ ելքեր է փնտրում՝ իր դիմումը դատական ատյաններին հասու դարձնելու համար:
Պարզ է, որ Գուրգեն Սարգսյանը պետության կարիքի մյուս բոլոր զոհերի նման դեռ երկար կպայքարի իր կորցրած տան ու ոտնահարված իրավունքների համար: Իսկ թե Մելիք Գասպարյանն ինչո՞ւ ավարտին չի հասցնում նրանց տան տեղում սկսած իր կիսակառույցը՝ դժվար է ասել: Բայց կարելի է պնդել, որ այդ կիսակառույցն ավարտին հասցնելու համար արդեն պիտանի չէ, որովհետեւ երկար ժամանակ գտնվելով նման վիճակում՝ արդեն խարխլվել ու ծռվել է: Իսկ նրան հատկացված հողակտորի մյուս մասում դեռ շինարարություն չի էլ սկսվել: Գ. Սարգսյանը տեղեկություն ունի, որ այդ մասում էլ համատեղ շինարարություն պետք է անեն Շիրակի նախկին մարզպետ Արարատ Գոմցյանը, Աշոտ Աղաբաբյանն ու Ռ.Քոչարյանի աշխատակազմի նախկին ղեկավար Արտաշես Թումանյանը: Թումանյանն, ասում են, դուրս է եկել այդ եռյակից, իսկ մյուս երկուսը դեռ կառուցապատում չեն սկսել: Բայց եթե այդքան հրատապ չէր պետության կարիքների համար այդ մասի կառուցապատումը, ապա ինչո՞ւ խեղճ բնակիչներին այդքան հապշտապ ու առանց փոխհատուցելու վտարեցին իրենց բնակարաններից: Այս հանգամանքը մեկ անգամ եւս ապացուցում է, որ Երեւանի կենտրոնի կառուցապատման հետ կապված բոլոր կողմերի նպատակը մեկն է՝ ժողովրդի հաշվին հնարավորինս շատ փող աշխատել: Մենք չգիտենք, թե Մելիք Գասպարյանն իր մյուս գործընկերների հետ ինչքան է վճարել այդ հողակտորի համար, սակայն արդեն պարզ է, որ նրանք կառուցապատում իրականացնելու մտադրություն չունեն: Եթե ունենային, վաղուց սկսած կլինեին: Նրանք կոպեկներով վերցրել են բնակիչների սեփականությունն ու նրանց դուրս են արել իրենց տներից: Իսկ հիմա հավանաբար գնորդ են փնտրում, որ այդ հողակտորն արդեն շուկայական արժեքով վաճառեն ու գործարքից մեծ գումարներ աշխատեն: