Կգնաք Բաթումի… եթե ծանոթ ունեք

23/07/2006 Կարապետ ԹՈՄԻԿՅԱՆ

Սակայն հայաստանցիներն ունեն համեմատաբար էժան այլընտրանք` գնացքով մեկնել Բաթումի: Այնտեղ սովորական քաղաքացին հնարավորություն ունի ոչ «կատաղի» փողերով մի քանի օր կտրվել առօրյա հոգսերից: Իսկ Երեւան-Բաթումի գնացքի տոմսի արժեքն առանձնապես թանկ չէ: Հայկական գնացքով այն արժե 9000, իսկ վրացականով` մոտ 11.000 դրամ: Բայց իրականում ամեն ինչ այդքան էլ հեշտ չի կատարվում. գնացքի տոմս ձեռք բերելը, պարզվում է՝ մեծ պրոբլեմ է:

Դեռ հունիսին զանգահարեցինք Երեւանի երկաթուղային կայարան եւ փորձեցինք ճշտել, թե ինչ է անհրաժեշտ տոմս ձեռք բերելու համար: Մեզ պատասխանեցին, որ երկրից դուրս գալու թույլտվության կնիքով անձնագիր ունեցող ցանկացած քաղաքացի կարող է ուղեւորությունից 1-15 օր առաջ ներկայանալ կայարան եւ տոմս ձեռք բերել: Գնացքը մեկնում է «կենտ» օրերին: Հուլիսի 8-ին գնացինք կայարան: 1956թ. կառուցված այդ հսկայական եւ գեղեցիկ շինությունում գրեթե դատարկություն էր: Պատին ռուսերեն լեզվով ցուցանակ էր փակցված, որտեղ գրված էր, թե Թբիլիսիի եւ Բաթումիի գնացքները որ օրերին են մեկնում: Մի պապիկ ժպտալով ասաց. «Էրեխեք ջան, էդ դեռ Սովետի ժամանակներից է փակցված»: Սկսեցինք կասկածել, որ այդ շինությունից հնարավոր կլինի գնացքի տոմս գնել: Այնուամենայնիվ, տոմսարկղը գտանք: Այնտեղ փակցված էր գնացուցակը եւ հավելյալ մի քանի տեղեկություններ: Տոմսարկղի մոտ մի տղամարդ էր կանգնած` 4 անձնագրերով, որը նույնպես ցանկանում էր գնացքի տոմս ձեռք բերել:

Նախապես կարդալով տոմսարկղի վերեւի մասում մեծ թվերով գրված «1-15 օր» առաջ տոմս ձեռք բերելու մասին գրությունը, ինչը հայերեն նշանակում է, որ տոմսերը պետք է գնել ուղեւորությունից այդքան օր առաջ, դիմեցինք տոմսավաճառին տոմս գնելու համար: Սակայն բարեհամբույր տոմսավաճառը, ով չէր զլանում պատասխանել մեր հարցերին, ասաց, որ Բաթումիի տոմսը պետք է ձեռք բերել ուղիղ 15 օր առաջ, ոչ ուշ, ոչ շուտ: Նա հավաստիացրեց, որ հուլիսի 23-ի բոլոր տոմսերն արդեն վաճառված են, այսինքն՝ այդ օրը հնարավոր չէր տոմս գնել: Սակայն ամենահետաքրքիրն այն էր, որ տոմսավաճառի խոսքերով, մինչեւ օգոստոսի 4-ը Բաթումիի տոմսերը սպառված են:

Այս հանելուկային իրավիճակը կայարանում շարունակում է տիրել մինչ այսօր: Շատ քաղաքացիներ բողոքում են, որ նույնիսկ 15 օր շուտ գնալու դեպքում տոմսերը վաճառված են: Երեկ տոմսարկղի մոտ ականատես եղանք մարդկանց հոծ բազմության: Նրանք, սակայն, այլ բանից էին դժգոհում: Բոլորը հավաստիացնում էին, որ տեղեկատուի «անբարեհամբույր աշխատակիցը» քաղաքացիներին նախօրոք տեղեկացնում է, որ Բաթումիի բոլոր տոմսերն արդեն սպառվել են, սակայն տոմսարկղի մոտ մարդկանց մոտ կրկին արթնանում է Վրաստան մեկնելու հույսը: Իսկ մի քանիսը հավաստիացնում էին, որ եթե «ծանոթ» չունենային, ապա կդասվեին կայարանի կողմից մերժված քաղաքացիների շարքը:

Ինչեւէ, «ծանոթի» մեխանիզմն աշխատում է նաեւ այս պարագայում, երբ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի հեշտությամբ օգտվել այս ծառայությունից: Հասկանալի է նաեւ, որ Բաթումիում հանգստանալ ցանկացողների թիվը շատ մեծ է, իսկ գնացքի տեղերը` սահմանափակ: Սակայն չենք կարծում, որ տոմսերն իրականում նման արագությամբ վերջանում են, եւ որ յուրաքանչյուր ուղերթի համար հատուկ պահված տոմսեր չկան, որոնք տրվում են միայն «ծանոթներին» ու «ծանոթի միջոցով»: Այսինքն՝ սա եւս մեկ առիթ էր հայերի համար` ստվերային գումարներ աշխատելու: