Ջրատաքացուցիչների հարցը լուծվեց

23/07/2006

Երեկ ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմը դադարեցրել է ՀՀ Ոստիկանության Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (ԿՀԴՊԳ) վարչության դիմումի հիման վրա հարուցված վարչական վարույթը: Հունիսի 26-ին ԿՀԴՊԳ վարչությունը հանձնաժողովին տրամադրել էր «Իմէքս գրուպ» ընկերության ապրանքային նշանին շփոթության աստիճան նման ապրանքային նշաններով ջրատաքացուցիչների ներմուծման եւ իրացման վերաբերյալ նախապատրաստված նյութերը: «Իմեքս գրուպը» բողոքել է, թե իր կողմից արտոնագրվել է «Mercury» ապրանքային նշանը, որի տակ ներմուծում է գազի ջրատաքացուցիչներ, գովազդում եւ այլ ֆինանսական ծախսեր կատարում, մինչդեռ նույն ապրանքային նշանով «Վայթ Ալբինոս» եւ «Արտար Գոգ» ընկերությունների կողմից եւս շուկայում վաճառվում են գազի ջրատաքացուցիչներ: Հանձնաժողովի հարցմանն ի պատասխան` Մտավոր սեփականության գործակալությունը հայտնել է, որ «Mercury» ապրանքանշանով մի շարք ապրանքատեսակների նկատմամբ գրանցված է «Իմեքս գրուպի» սեփականության իրավունքը, սակայն այդ նույն ապրանքանիշի գազի ջրատաքացուցիչների նկատմամբ որեւէ ընկերության սեփականության իրավունք գրանցված չէ: Հետեւաբար, Հանձնաժողովի մասնագետների գնահատմամբ, տվյալ շուկան ազատ մրցակցային է: Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի կողմից վարչական վարույթը դադարեցնելու մասին երեկ պատասխան է ուղարկվել ՀՀ Ոստիկանության ԿՀԴՊԳ վարչության պետ Աշոտ Գիզիրյանին: