Ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս ընդդիմության խոստացած թեժ քաղաքական աշունը տեղի չունեցավ: Չնայած տարվա սկզբից խորհրդարանի աշխատանքները բոյկոտած ընդդիմության քաղաքական ակտիվության խոստումները վերաբերում էին առավելապես արտախորհրդարանական գործունեությանը, սակայն որոշ կանխատեսումներ կային՝ կապված նաեւ ԱԺ-ում զարգացումների հետ: Կարծիք կար, թե հնարավոր է, առանձին հարցերի հետ կապված քննարկումների ժամանակ ընդդիմությունը վերադառնա խորհրդարան ու խաթարի իշխանությունների անվրդով կյանքը: Նման խոսակցություններ սկսեցին այն ժամանակ, երբ Լեհաստան կատարած պաշտոնական այցի ընթացքում Ռոբերտ Քոչարյանը Լեհաստանի նախագահի հետ ստորագրեց լեհական դիվիզիայի կազմում Իրաք հայկական 50 հոգիանոց կոնտինգենտ ուղարկելու մասին համաձայնագիրը: Ընդդիմությունը դա որակեց որպես «կործանարար» եւ խոստացավ համաձայնագիրը ԱԺ-ում վավերացման ներկայացնելու ժամանակ վերադառնալ խորհրդարան եւ տապալել այդ հարցի քվեարկությունը: Անցած ուրբաթ օրն ընդդիմությունը քաջաբար վերադարձավ խորհրդարան եւ ընդդիմադիրների մի մասը՝ ի դեմս «Ազգային Միաբանություն» խմբակցության պատգամավորների, նույնքան քաջաբար կողմ քվեարկեց Իրաք հայկական կոնտինգենտ ուղարկելու համաձայնագրին: Չէ՞ որ հարցը խորհրդարանում ներկայացնում էր պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, եւ Արտաշես Գեղամյանը չէր կարող նման սկզբունքային հարցում «քաշել» իր հետ որեւէ առնչություն չունեցող Սերժ Սարգսյանին:
Մյուս հարցը, որը կարող էր ընդդիմության համար որոշակի ակտիվացման նախադրյալ դառնալ, 2005 թվականի պետական բյուջեի նախագիծն էր: Սակայն հենց սկզբից ընդդիմադիրները բոյկոտեցին նաեւ պետբյուջեի նախագծի քննարկումները, եւ դրանք անցան «հաշտ ու խաղաղ» մթնոլորտում: Այս տարի առաջին անգամ բյուջեի քննարկումներին չէր մասնակցում ընդդիմությունը: Եվ չնայած նախորդ տարիներին էլ ընդդիմության մասնակցությունն առանձապես մեծ ազդեցություն չէր ունեցել տարվա ֆինանսական փաստաթղթի վրա, այնուամենայնիվ, կառավարությունը երբեւէ ԱԺ-ում բյուջե ներկայացնելիս իրեն այնքան ազատ չէր զգացել, որքան այս տարի: Եվ բյուջետային քննարկումներն էլ, ըստ էության, վերածվեցին կոալիցիոն կուսակցությունների միջեւ մրցակցության՝ թե ով որքան գումար «կպոկի» կառավարությունից իր ղեկավարած ոլորտների ֆինանսավորման համար: Բյուջեն ներկայացնելիս կառավարության ներկայացուցիչները հայտարարեցին, թե 2005 թվականի բյուջեն լինելու է «սոցիալական»: Իսկ «Հանրապետական» խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն էլ այն որակեց որպես «կուլիմինացիոն»: Իսկ ամենասենսացիոնը ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանի այն հայտարարությունն էր, թե 2005 թվականին Հայաստանում արձանագրվելու էն 1989 թվականի տնտեսական ցուցանիշները: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանն էլ հայտարարեց, թե 2005 թվականի պետական բյուջեն հնարավորություն կտա ստեղծել այնպիսի պայմաններ, «որ մեր արտագաղթած հայրենակիցները վերադառնան Հայաստան»:
Որպես 2005 թվականի պետբյուջեի որակական փոփոխություն էր ներկայացվում այն հանգամանքը, որ անկախ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ կրթության եւ գիտության ոլորտին ուղղվող ծախսերը գերազանցելու են պաշտպանության բնագավառի ֆինանսավորմանը: Բյուջեի նախագծով այդ տարբերությունը կազմելու էր շուրջ 5 մլրդ դրամ: Սակայն ինչպես հետագայում պարզ դարձավ, դա ընդամենը պոպուլիստական քայլ էր: Այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը «հույս հայտնեց», որ կառավարությունը կվերանայի պաշտպանությանն ուղղվող ծախսերը, ֆիննախարար Վարդան Խաչատրյանն անմիջապես խոստացավ այդ հարցը քննարկել կառավարությունում: Եվ ահա, արդեն ընդունված 2005 թվականի պետական բյուջեում պաշտպանության ոլորտին հատկացված ծախսերը ավելացվեցին ավելի քան 7 մլրդ դրամով: Արդյունքում, պաշտպանության եւ կրթության ու գիտության ոլորտների ֆինանսավորման տարբերությունը կազմեց ընդամենը 600 մլն դրամ:
Իհարկե, անցած ուրբաթ օրն ԱԺ վերջին արտահերթ նիստում 103 «կողմ», 7 «դեմ» ձայներով ընդունված պետական բյուջեն միայն պաշտպանական ծախսերի ավելացումով չի տարբերվում բյուջեի նախագծից: Կառավարությունն ավելացրել է բյուջեի ինչպես՝ ծախսային, այնպես էլ՝ եկամտային հատվածները: Բյուջեի վերջնական տարբերակում եկամուտներն ավելացել են 17,4 մլրդ դրամով եւ կազմելու են 345 մլրդ դրամ, իսկ բյուջեի ծախսային մասն ավելացել է 19,2 մլրդ դրամով՝ կազմելով 394,6 մլրդ դրամ: Իսկ բյուջեի դեֆիցիտը նախնական տարբերակի համեմատությամբ ավելացել է 1,7 մլրդ դրամով եւ կազմել 49,2 մլրդ դրամ: Դեֆիցիտի հիմնական մասը՝ 34,6 մլրդ դրամը, ծածկվելու է արտաքին աղբյուրների, մնացած 14,6 մլրդ դրամը՝ ներքին աղբյուրների հաշվին:
Այսպիսով, կառավարությունն առանց որեւէ դժվարության խորհրդարանում անցկացրեց հերթական բյուջեն՝ եւս մեկ անգամ ապացուցելով, որ Հայաստանում խորհրդարանն ընդամենը կառավարության որոշումները դակող մարմնի է վերածվել: Իսկ ընդդիմությունը, արդեն սովորության համաձայն, հիմա էլ խոստանում է թեժ քաղաքական գարուն: Նկատենք, որ խոստումների առումով ընդդիմությունը գնալով նմանվում է իշխանություններին: