Հուլիսի 20-ին հանրապետության պետական 8 բուհերում մեկնարկել են ընդունելության քննությունները: Ընդունելության քննությունները կընթանան կենտրոնացված համակարգով` 19 առարկայական հանձնաժողովների կողմից: «Իրադարձություն» դարձած քննություններին մեկ ամիս շարունակ կհետեւեն լրատվամիջոցները, մեկ ամիս շարունակ 33.448 դիմորդ կանցկացնի լարվածության եւ սպասումների մեծ շրջան:
Հուլիսի 21-ին, քննությունների երկրորդ օրը ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանը, իր ուղեկից խմբով, ժամը 10.30-ի սահմաններում արդեն ավարտում էր ավանդական շրջայցը: Այցելության վերջին հանգրվանը ԵՊՀ-ն էր` ֆիզիկայի հանձնաժողովը: ԿԳ նախարարը մեզ հավաստիացնում էր, որ` քննությունները, ընդհանուր առմամբ, անցնում են կանոնակարգված, ավելին՝ ծնողների հետ զրույցներում արտահայտված մեծ սպասելիքները նախարարին պարտավորեցրել են քննություններն անցկացնել կազմակերպված եւ արդարության մթնոլորտում: Մեկ օրվա ամփոփված գնահատականները ցույց են տվել, որ զգացվում է միավորների հավասարաչափություն: «Շատ վատ է, երբ քննությունների գնահատականների կորը որոշակիորեն պիկ է տալիս, եւ ընդհանուր օրինաչափությունը խախտվում է: Մեկ օրվա մեջ բարձր թվանշանների մեծ շքերթ կամ խզում միջին եւ բարձր թվանշանների միջեւ չի եղել»,- նշեց ընդունելության քննությունների ընթացքին հետեւող Լ. Մկրտչյանը: Ի դեպ, առաջին օրը մեծաթիվ «կտրվողներ» եղել են հենց ֆիզիկա առարկայից: Իսկ ամենածանր առարկա համարվող մաթեմատիկայի ներքեւի շեմը հեշտ է հաղթահարվում` ի նպաստ դիմորդի, իսկ վերին շեմը` բավականին բարդ է, որն, ըստ նախարարի, հնարավորություն է տալիս հավասարաչափ բաշխել դիմորդների հոսքը: Դիմորդները, բարձր առաջադիմություն ընդհանուր քննություններից ցուցաբերում են հայոց լեզու եւ անգլերեն առարկաներից` 4-5 տարի գոյություն ունեցող շտեմարանների շնորհիվ: ԵՊՀ ֆիզկուլտուրայի դահլիճում ընթացող ֆիզիկայի ընդունելության քննություններն անցնում էին հանգիստ, սակայն բավականին տոթ մթնոլորտում (էլեկտրական հովհարիչները քիչ էին օգնում շոգը հաղթահարելուն): Ինչպես նշեց նախարարը, օդափոխիչ համակարգի թերությունը ներկայումս ամենամեծ խնդիրն է: Ավելի «անողոք» վիճակում է հայտնվել ՀՊՃՀ-ն. այնտեղի օդափոխիչներն, աղմուկով աշխատելու պատճառով, չեն գործում:
Ֆիզիկայի հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ ֆիզիկայի ամբիոնի վարիչ Ռոլանդ Ավագյանի դիտարկմամբ, անբավարար գնահատականները պայմանավորված են ոչ թե առաջադրանքների բարդությամբ, այլ դիմորդների թերի պատրաստվածությամբ: «Այն դիմորդները, ովքեր 1-2 տարի հոսքային գծով պարապել են առարկան, լավ են հանձնում, իսկ շրջաններից եկածները ձախողվում են»,- նկատում է նախագահը: Անգլերեն լեզվի գրավոր առարկայական հանձնաժողովի նախագահ, ԵՊՀ ռոմանագերմանական ֆակուլտետի անգլերեն բանասիրության ամբիոնի վարիչ Նվարդ Երնջակյանը ժպիտով դիմավորեց մեզ, սակայն չթույլատրեց շրջել դահլիճում: Նունե Շիրվանյանը, որը դիմել էր ԵՊՀ իրավաբանական բաժին, մեկ ժամվա ընթացքում (նախատեսված է 2,5 ժամ) լուծել էր առաջադրանքը եւ բարձր գնահատականի ակնկալիք ուներ: Նույն ակնկալիքով ԵՊՀ բակում շրջում էին նաեւ դիմորդների ծնողները:
Ինչ վերաբերում է բացակայություններին, ապա, ըստ նախարարի, այն չի հատում նորմայի` 10%-ի սահմանը: Անգլերենի 230 դիմորդներից հուլիսի 21-ին ներկայացել էին 223-ը, իսկ ֆիզիկայի 171-ից` 152-ը: «Բացակայողները հաջորդ օրերին կհանձնեն քննությունը, այլ ոչ թե քննության ավարտին: Մարդիկ պետք է հասկանան, որ սա հարցի լուծում չէ»,- ընդգծում է Լ. Մկրտչյանը: Հանրապետական ընդունող հանձնաժողովի տվյալներով, ընդունելության քննությունների առաջին օրը մասնակցել է նախատեսված 1640 դիմորդներից 1472-ը: Ֆիզիկա առարկայից 20 միավոր վաստակածներ չեն եղել, 8-ից ցածր, այսինքն` անբավարար են ստացել մասնակցած 124 դիմորդներից 42-ը: Հայոց լեզվից առավելագույն դրական` 20 են հավաքել 216 դիմորդից 9-ը, իսկ անգլերենից` 124 դիմորդից` 2-ը: Ձախողվել են 27-ը:
Հ.Գ. ԵՊՀ-ի բակում առաջադրանքների հրապարակված տարբերակները վաճառվում էին 100-200 դրամով: Ըստ Հանրապետական ընդունող հանձնաժողովի (ՀԸԿ) մամուլի պատասխանատու Լիլիթ Գալստյանի` օրենքով դրանց տարածումը չի արգելվում եւ ՀԸԿ-ն իրավունք չունի դրանց տարածումն արգելել: Նա նաեւ ավելացրեց, թե «2006-դիմորդ» ուղեցույցում տպագրված տարբերակները մյուս տարբերակներից իրենց մեխանիզմով չեն տարբերվում, պարզապես առաջադրանքներն են ուրիշ: