«Լիբանանից նման զանգվածային էվակուացիան վկայում է, որ բոլոր երկրները մեծ պատերազմի են սպասում»,- օրերս մամուլի ասուլիսում հայտարարել է ՌԴ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ Եվգենի Պրիմակովը: Նրա կարծիքով՝ Թել Ավիվը դուրս է եկել հակաահաբեկչական պայքարի շրջանակներից. «Հիզբալլահի» (արաբերեն՝ «Ալլահի կուսակցություն») դեմ Իսրայելի պայքարը վեր է ածվել լուրջ պատերազմի: Իսկ Բուշի՝ վերջերս արած հայտարարությունը, թե «աշխարհը պետք է զբաղվի «Հիզբալլահով» եւ Սիրիայով, ինչպես նաեւ շարունակի Իրանի մեկուսացումը», Ե. Պրիմակովին ստիպում է ենթադրել, թե այս հակամարտության մեջ հնարավոր է նաեւ այլ երկրների ներգրավումը: «Պետք է անհապաղ դադարեցնել պատերազմը»,- ասել է նա՝ նշելով, որ Լիբանանում դեպքերի հետագա սրումը կարող է կանխվել միայն տարածաշրջան ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի մուտքով: Թե դեռ որքան կտեւի «Հիզբալլահի» զինաթափման, ապա եւ ոչնչացման օպերացիան՝ դժվար է ասել: Դիվանագիտական որոշ աղբյուրների համաձայն՝ Բուշն Իսրայելին առաջարկել է «ամփոփվել» մեկ շաբաթով, սակայն Իսրայելի ռազմական շրջանակներում համարում են, որ «Հիզբալլահի» լիակատար ոչնչացման համար անհրաժեշտ է 10-15 օր: Ամեն դեպքում, ԱՄՆ Կոնգրեսն իր հայտարարության մեջ իրավիճակի սրման ողջ պատասխանատվությունը բարդում է «Համասի» եւ «Հիզբալլահի» վրա: Փաստաթղթում ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջ կամ առաջարկ՝ ուղղված Իսրայելին՝ չկա: Լիբանանի կառավարության եւ «Հիզբալլահի» ղեկավարության անհամաձայնությունների վրա հույս դրած եւ դրանով ռազմական գործողությունների ընթացքը պայմանավորող ուժերին լիբանանյան առաջատար թերթերից մեկին տված հարցազրույցում երկրի ղեկավար Էմիլ Լահուդն ասել է. «Իմ ժողովուրդը երբեք չի հանձնի շեյխ Նասրալլահին («Հիզբալլահի» առաջնորդ.-խմբ)»:
Մերձավոր Արեւելքում դեպքերի նման զարգացման արմատների, ինչպես նաեւ` ռազմական գործողությունների հնարավոր հանգուցալուծումների մասին զրուցեցինք ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի արաբական երկրների բաժնի գիտաշխատող, պատմական գիտությունների թեկնածու Լիլիթ Հարությունյանի հետ: Ըստ նրա՝ այսօր Լիբանանում եւ նրա շուրջ ընթացող գործընթացները գրեթե կրկնում են 1982 թվականի իրադարձությունները, երբ Իսրայելը երկրորդ անգամ ներխուժեց Լիբանան եւ իրականացրեց լայնածավալ ագրեսիա՝ գրավելով երկրի մայրաքաղաք Բեյրութը: Միայն այն տարբերությամբ, որ Հարավային Լիբանանում Իսրայելի դեմ պայքարում էին ոչ թե «Հիզբալլահ» շարժման զինված մարտիկները, այլ պաղեստինյան խմբավորումները («Հիզբալլահը» դեռ չէր ստեղծվել): «Այսօր Իսրայելի թիրախը Լիբանանի հարավում «Հիզբալլահն» է՝ իր զինված կառույցներով: Ի դեպ, «Հիզբալլահը» կազմավորվեց հենց 1982 թվականի ամռանը` Բեքաայի հովտում: Այս կառույցի ստեղծման հիմնական նպատակներից էր իսրայելական ագրեսիային դիմակայությունը: «Հիզբալլահը» շիական կազմակերպություն է, որի հիմնական հովանավորներն Իրանն ու Սիրիան են:
1989թ. Տաիֆի համաձայնագրի համաձայն, երբ Լիբանանում վերջ դրվեց երկարատեւ քաղաքացիական պատերազմին, «Հիզբալլահը» միակ խմբավորումն էր, որն, ի տարբերություն լիբանանյան հակամարտության մեջ ներգրավված մյուս ուժերի, օգտվելով Սիրիայի աջակցությունից, պահպանեց իր ռազմական թեւը եւ միեւնույն ժամանակ մուտք գործեց Լիբանանի քաղաքական դաշտ: Լիբանանի հարավը համարելով իր ազդեցության գոտի՝ 1980-ականների կեսից «Հիզբալլահը» սկսեց պայքարել երկրում պահպանվող իսրայելական ռազմական ներկայության դեմ: Խնդիրն այն է, որ իսրայելական զորքերը 1982թ. ներխուժումից հետո միայն 1985-ին ստիպված եղան իրենց զորքերը մասամբ դուրս բերել Լիբանանից՝ ռազմական ներկայությունը պահպանելով միայն իսրայելալիբանանյան սահմանի երկայնքով 10 կմ-անոց «անվտանգության գոտում»: Սակայն «Հիզբալլահի» հետ պարբերական բախումների, ինչպես նաեւ` մերձավորարեւելյան հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացով եւ մի շարք այլ գործոններով պայմանավորված՝ իսրայելական կառավարությունը 2000թ. իր զորքերը դուրս բերեց Լիբանանի ողջ տարածքից»:
2004թ. ՄԱԿ-ի ԱԽ 15.59 բանաձեւի համաձայն` Լիբանանում պետք է զինաթափվեին բոլոր զինված խմբավորումները (ակնարկվում էր «Հիզբալլահը»), ինչպես նաեւ դուրս բերվեին 1976-ից ի վեր Լիբանանում առկա սիրիական ռազմական ուժերը: Ռաֆիկ Հարիրիի սպանությանը հաջորդած միջազգային ճնշումների արդյունքում սիրիական զորամիավորումները ստիպված էին մինչեւ 2005թ. մայիսը լքել Լիբանանի տարածքը:
Ըստ Լիլիթ Հարությունյանի՝ ժամանակ առ ժամանակ արաբական աշխարհում հնչող միասնականության կոչերին հակառակ` այսօր արաբական երկրները որեւէ կառուցողական դեր չեն կարողանում խաղալ Լիբանանում եւ նրա շուրջն ստեղծված իրավիճակի կայունացման գործում. «Լիբանանը Մերձավոր Արեւելքի ֆինանսական եւ առեւտրաբանկային խոշոր կենտրոններից մեկն է: Պատահական չէ, որ եւ՛ Իսրայելը, եւ՛ արաբական մի շարք երկրներ որոշակի «խանդով» են վերաբերվում Բեյրութի վերոնշյալ կարգավիճակին, որ երկարատեւ քաղաքացիական պատերազմից հետո հաջողել էր լիովին վերականգնել իր դիրքերը: Լիբանանի` «մերձավորարեւելյան Շվեյցարիա» լինելու հանգամանքն այդ երկիրը դարձրել է նաեւ որոշակի օֆշորային գոտի, որտեղ հոսում են սաուդական, իրանական եւ այլ վարչակարգերի գումարներ»:
Ենթադրվում է, որ այս դեպքերից հետո էլ ավելի կուժեղանան արեւմտյան ճնշումները «Հիզբալլահ» շարժման հիմնական հովանավորների` Սիրիայի եւ Իրանի նկատմամբ, որոնք անուղղակիորեն ներքաշված են լիբանանյան ճգնաժամում: Արաբագետի կարծիքով՝ ԱՄՆ-ը իր ռազմավարական շահերի համատեքստում ծրագրում է «Մեծ Մերձավոր Արեւելքում» «ժողովրդավարական» ճանապարհով հասնել կանխատեսելի վարչակարգերի ստեղծմանը: Հետեւաբար, ԱՄՆ-ը տարածաշրջանում իր իսկ դաշնակից Իսրայելի միջոցով պետք է փորձի կյանքի կոչել հիշյալ ծրագիրը: Ակնհայտ է, որ Իսրայելի՝ Լիբանանի օդային տարածք ներխուժելն ու ամենօրյա ռմբակոծություններն ուղղված չեն միայն «Հիզբալլահի» դեմ: «Հիզբալլահին» թիրախ դարձնելն առաջին հերթին թուլացնում է Լիբանան պետությունը, ինչպես նաեւ որոշակի նախադրյալներ է ստեղծում լիբանանյան ճգնաժամում անուղղակիորեն ներգրավված Իրանի եւ Սիրիայի նկատմամբ առկա միջազգային ճնշումներն ուժեղացնելու համար:
Ինչպես միշտ, Լիբանանում, փաստորեն, կրկին բախվում են մի շարք տարածաշրջանային եւ ոչ տարածաշրջանային երկրների շահեր: