Հայաստանի տարբեր քրեակատարողական հիմնարկներում պատիժն անցկացնող կալանավորները դժվար թե հարմարվեին Չարենցավանի «Սեւ գաղութի» պայմաններին: Այստեղ ապրելն արդեն դանդաղ ինքնասպանություն է: Նկարում պատկերված շինությունը Կոտայքի մարզի Չարենցավանի նախկին «Սեւ գաղութ» կոչվող շենքն է, որտեղ ներկայումս մարդիկ են ապրում: Հայաստանի կալանավայրերը «Սեւ գաղութի» համեմատ ճոխություն են թվում: Թեեւ գաղութային ռեժիմով մարդկանց պահելը նրանց դաստիարակելու միտում ունի, սակայն «Սեւ գաղութի» բնակիչներն առանց հանցանք կատարելու դատապարտված են կալանավայրում ապրելուն: Երկաթե ճաղերով արգելափակված պատուհաններից ներս միայն մթություն է երեւում ու ներսը միայն վախի զգացում է առաջացնում: Չարենցավանի «Սեւ գաղութը», որտեղ հիմա մարդիկ են ապրում, կառուցվել է կալանավորների համար, որոնց տեղափոխում էին այնտեղ շենքեր կառուցելու նպատակով: «Սեւ գաղութում», արդեն 16-17 տարի է, 12 անտուն ընտանիք է հանգրվանել, ովքեր ակամայից կալանավոր են դարձել, քանի որ շենքը մարդկանց ազատությունից զրկելու նախագծով է կառուցվել: Այնտեղ ապրող մարդիկ ազատազրկված չեն, սակայն բանտախցերի գորշ պատերի ու երկաթե ճաղերի մեջ ապրելն արդեն ազատազրկման հոգեբանական պատնեշ է:
Շենքում առհասարակ բացակայում են կոյուղի, բաղնիք, զուգարան, խոհանոց հասկացությունները: 12 ընտանիքների անդամները շենքից 15-20 մետր հեռավորության վրա գտնվող փայտե ընդհանուր զուգարանից են օգտվում: Երեխաներն ասում են, որ վախենում են մտնել զուգարան, որովհետեւ փայտե ծածկը թեքվել է, մի օր շրջվելու է իրենց վրա: Բնակիչներն ասում են, որ ի տարբերություն հայերի՝ իրենցով հաճախակի հետաքրքրվում են արտասահմանյան կազմակերպությունների ներկայացուցիչները: Եվ իրո՛ք, արտասահմանցիներին հետաքրքրելու շատ բան կա այստեղ: Գալիս, վավերագրական ֆիլմեր են նկարում «Սեւ գաղութի» բնակիչների կենսակերպի մասին ու արտասահմանցի հեռուստադիտողին զարմացնում են, որ աշխարհի երեսին գոյություն ունի Հայաստան կոչվող մի երկիր, որն առաջինն է քրիստոնեությունը որպես պետական կրոն ընդունել, որը նորանկախ է, որի տնտեսական աճը տարեցտարի վերելք է ապրում, որտեղ մեծ թափով էլիտար շենքեր են կառուցվում, ու որտեղի բնակիչներն էլիտար շենքերում այնուամենայնիվ չեն ապրում, այլ ապրում են կալանավորների համար նախատեսված «Սեւ գաղութում»: Չեխ ռեժիսորները «Սեւ գաղութի» բնակիչների մասին ֆիլմ են նկարահանել ու զարմացել են՝ ասելով, որ շունն այստեղ կսատկեր: Արտասահմանցի ռեժիսորների համար «Սեւ գաղութն» իրոք հրաշալի նյութ է, որովհետեւ ողջ տիեզերքում նման անմարդկային պայմաններում ապրող մարդկանց դժվար թե գտնեն:
«Զիբիլանոցից կոշիկ ու շոր եմ հանում»
3-րդ հարկից մի կին աղեկտուր կանչում է. «Խնդրում եմ, բարձրացե՛ք վերեւ: Ես չեմ կարա իջնեմ, հիվանդ եմ, եկե՛ք մեր վիճակը տեսե՛ք: Բարձրացե՛ք, խնդրում եմ, մի րոպեով վերեւ եկե՛ք»,- մեծահասակ կնոջ հետեւից գնալով մտնում եմ շենք ու մթությունից, անտանելի փլվածքներից վախենում եմ, որ ուր որ է հետեւիցս դռները կփակվեն: Բոլոր հարկերում շարքերով բանտախցեր են ու բոլոր խցերի առաջ կատուներ են նստած: Վերեւ բարձրանալու համար պարբերաբար մագլցում եմ, որովհետեւ աստիճաններ չկան: Շենքում թվով 48 բանտախուց կա:
60 տարեկան Սեդա Խատոյանի բանտախցում չէր համաձայնի մնալ ոչ մի կալանավոր: Ինքնասպանություն կգործեր: Նողկալի է, գարշահոտ, մռայլ ու ճնշող: 60 տարեկան է, իսկ ամուսինը՝ Նորիկը, նույնիսկ խոսել չի ցանկանում: Հոգնած է… Փախստականներ են, որոնց ժամանակավորապես բնակեցրել են «Սեւ գաղութում»` մինչեւ հարակից տարածքում բնակելի շենք կառուցեն: Համենայնդեպս, այսպես են նրանց ասել, ու նրանք, արդեն 16 տարի է, սպասում են: Սպասելով՝ հարմարվել են, հույս ունենալով, որ պետությունը բնակարան է տալու: Բնակելի շենք կառուցելն այլեւս երազանք է: Երկուսն էլ բանտախցի խոնավությունից հիվանդացել են: Ասում են՝ թոքախտով են հիվանդ: Շշնջալով են ասում, որ հարեւանները չլսեն ու չբողոքեն, որովհետեւ շենքում նաեւ երեխաներ են ապրում, իսկ թոքախտը վարակիչ հիվանդություն է: «1-ին կարգի հաշմանդամության համար 5000 դրամ թոշակ եմ ստանում, 7000 էլ՝ նպաստ: Թոքերից, պոչկեքից հիվանդ եմ: Խոնավությունից ինչ հիվանդություն ասես ձեռք եմ բերել: Ոտքերս չեմ կարում շարժեմ»,- ասում է Սեդա տատը, ում բանտախցի պատերը տանիքից թափվող ջրից արդեն քրքրվել են: Շենքը տանիք չունի, եւ անձրեւի ու ձյան ժամանակ երեք հարկանի շենքի ջուրը հասնում է մինչեւ առաջին հարկ: Բնակիչները թոշակները հավաքել, մեծ ցելոֆան են գնել, տանիքը ծածկել են, սակայն դա էլ չի փրկել: Լույսի վարձը հաճախ չեն կարողանում մուծել ու ստիպված մթության մեջ են ապրում: Բանտախցում, կիսաջուր պատերի մեջ անլույս օրերն այս մարդկանց խելագարության են հասցնում: Հարցնում եմ՝ «Ամսական 12.000 դրամ եկամուտով ո՞նց եք ապրում»: Հարցս ծերունիներին կատաղության է հասցնում: «Ասե՞մ ոնց եմ ապրում, հա՞, ասե՞մ… Մարդկանցից հաց եմ ուզում, ուտելու բան եմ խնդրում: Զիբլանոցից կոշիկ եմ գտնում, բերում, կարկատում, հագնում եմ, որ մի օր էլ խոլերա ընկնեմ: Զիբլանոցից քրջեր եմ հավաքում՝ հագնում եմ: Հասկացա՞ր, ոնց ենք ապրում»,- ասում է բարկությունից դողդողացող Սեդա տատիկը: Զարմանում է, որ 1-ին կարգի հաշմանդամին, ով անթիվ ցավեր ունի, հատկացնում են ընդամենը 5000 դրամ: «Էդքանով 1-ին կարգի հաշմանդամը, որը զրո կարգից անցնում ա, ո՞ր մի ցավը բուժի»: Հարեւաններն այս ծերունիների վիճակը նկարագրելու համար պատմում են, որ Սեդա տատն անգամ աստիճաններով չի կարողանում իջնել փայտե զուգարան հասնելու համար: Նրանց խուցը խոհանոց, ննջարան, զուգարան ու հյուրասենյակ է: «Տունն եմ անում, հասկանո՞ւմ ես իմ վիճակը: Իմ վիճակն անտանելի ա, վատ ա»:
Խռխռալով մեռնում են
Նորիկ պապը հոգնած ու սպառված է, սակայն ծախսելով իր մեջ եղած վերջին էներգիան` հազիվ պատմում է, թե ինչպես են իր հետ վարվել հիվանդանոցում: Վերջերս շատ է վատացել, սկսել է խռխռացնել: Գնացել է Չարենցավանի հիվանդանոց, որ իրեն օգնեն: «Բուժմասում ասեցին՝ մի գիշերվա համար, որ պիտի քեզ ստուգենք, պիտի 10.000 դրամ փող տաս: Եթե հացի փող չունեմ, սոված եմ, խռխռում եմ, ո՞նց պիտի 10.000 դրամ տամ, որ պառկեմ հիվանդանոց, ո՞նց»: Բժշկական ոչ մի օգնության չարժանացած պապիկը նորից վերադարձել է տուն, ու իր ծայրահեղ վատ վիճակի պատճառով հիվանդանոցից տուն հասնելը 3 ժամ է տեւել: Պարտքով փող է վերցրել եւ մի քանի սրվակ ցավազրկող դեղ են ներարկել հարեւանները: Նորիկ պապի խոսակցությունը համառորեն ընդհատում է հարեւանուհին՝ Արմինեն: Չի ուզում, որ նա պատմի, թե հիվանդանոցում ինչ անմարդկային ձեւով են ծերունու հետ վարվել, փորձում է թեման փոխել: Իսկ երբ Սեդա տատն ասաց, որ նա հիվանդանոցում բուժքույր է աշխատում, անմիջապես հասկացանք Արմինեի վարքագծի պատճառը: Արմինեն չի ուզում, որ Նորիկ պապը հիվանդանոցում գանձվող գումարների, խոհանոցի մասին պատմի, որովհետեւ ինքը բուժքույր է, եւ որովհետեւ Արմինեի բանտախուցը չես կարող համեմատել այս ծերունու խցի հետ: Նա կարողացել է խուցն ինչ-որ չափով կարգի բերել ու իր 3 երեխաներին կերակրել: Նորիկ պապի պատմածը կարող է նրան էլ մի կտոր հացից զրկել: «Կո-տոր-վում ենք»,- ասում է ծերունին:
Օգնությունները տեղ չեն հասնում
Արմինե Սերոբյանն ամուսնու եւ 3 երեխաների հետ 15 տարի «Սեւ գաղութում» է ապրում: Ծնունդով չարենցավանցի է, ամուսնացել է Ստեփանավանում, իսկ երկրաշարժից հետո եկել են կրկին Չարենցավան: Բնակարան ստանալու համար հերթագրված են եղել, «Սեւ գաղութ» են եկել 2 ամսով, մինչեւ բնակարանի հերթը կհասներ, սակայն հերթն այդպես էլ չի հասել: Ասում է՝ աշխարհի որ ծայրից ասես եկել, իրենց կենսակերպի մասին ֆիլմեր են նկարահանել: «Տենց երկիր չկա, որ եկած չլինեն՝ Ավստրալիա, Ֆրանսիա, Չեխիա, որտեղից ասես, որ չեկան: Ծանոթանում են մեր ապրելակերպին` շշմում են: Բարեգործական կազմակերպություններից ասում են՝ մենք օգնություններն ուղարկում ենք, բայց տեղ չի հասնում»: Նա ասում էր, որ այստեղի «մարդիկ» իրենց բաժին փողն «իրենցով են անում» ու իրենց արտասահմանից ուղարկած փողերից ոչ մի կոպեկ չեն տալիս:
«2 մանեթ պենսի են տալիս, սովում ենք»
1988 թվին Բաքվից եկած փախստականներ Ամյան Շուշանիկն ու Արմինե Եղինյանն 80-ն անց են: «Սեւ գաղութի» շենքի պատի տակ նստարանին նստած մեջքները տվել են արեւին, որովհետեւ ներսում խոնավ է: Հարցնում եմ՝ ո՞նց եք, հեգնելով ասում է. «Գերազանցիկ»:
Ու հետաքրքրվում է՝ «Ի՞նչ լուր եք բերել, մեր պենսիները բարձրացրե՞լ են էդ տափը եկածները»: «Երկու մանեթ պենսի են տալի, սովում ենք: Չեմ կարա խուցս ցից տամ, կարըմ չեմ քայլեմ, մի հատ փեչ ա, մի հատ կռավաթ, մի հատ ալ յորղան-դոշակ»,- ասում է Շուշան տատը՝ մատնացույց անելով իրենց փայտե ընդհանուր զուգարանը: «Ես վետավ մինչեւ քինում եմ՝ հենա մեռնում եմ, էս փետն ա իմ վետը»,- ասում է Շուշան տատը՝ բարձրացնելով ձեռնափայտը: Ասում է՝ լույս ու ջրի երես չի տեսնում: Արմինե տատը տղայի հետ է ապրում, ասում է՝ տղան հոգեկան հիվանդ է, ու չի կարող դրա պատճառով հետ գնալ Ղարաբաղ. «Ստեղ մեկ-մեկ բալնիցա եմ տանում, տանեմ հընդե՝ ի՞նչ անեմ»: Ասում է՝ «Բանակից եկավ հիվանդացած: Թակալ են, էլի, բանակում, ներվն ա, թակալ են կյլխին: Մի օգնեցե՛ք էլի, տյուրս կյանք էս կացության միջից: 16 տարի ա ստեղ ենք, եկալ ենք ու մնացել «չոռնի» գաղութում»:
«Սեւ գաղութում» մեծացող երեխաները պատմում են, որ երբ նախագահ Ռոբերտ Քոչարյանը եկել է Չարենցավան ու իրենց շենքի մոտով անցել է, իրենք շենքի ճաղապատված պատուհաններից փուչիկներ ու գունավոր թղթեր էին կախել, ուրախացել են՝ մտածելով, որ նաեւ իրենց կայցելի երկրի նախագահը, սակայն Ռ. Քոչարյանի ավտոշարասյունն այդպես էլ «Սեւ գաղութում» չի կանգնել: Երեւի շենքի մոտ այդ ժամանակ լվացքի պարաններ չեն եղել, ու Ռ. Քոչարյանի մտքով չի էլ անցել, որ այդտեղ կարող են մարդիկ ապրել: