«Հայաստանում հիմա ազատություն է, պետք է միայն ճիշտ կողմնորոշվել»

23/07/2006 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Հայտնի եւ սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը նոր է վերադարձել Գերմանիայից, որտեղ մասնակցում էր հանրահայտ ջութակահար Օլեգ Կագանի անունը կրող փառատոնին: Նա այդ փառատոնի պատվերով նոր երաժշտական ստեղծագործություն է գրել, որը կոչվում է «Agnus Dei»: «Ես միակ կոմպոզիտորն եմ, ում փառատոնը գործ էր պատվիրել»,- ասաց Տ. Մանսուրյանը:

Այսօրվա մեր մշակութային դաշտը Տ. Մանսուրյանը համեմատում է խորհրդային տարիների մշակութային մոդելի հետ. «Մշակութային դաշտի բաժանում գոյություն չունի: Մենք բոլորին նույն արժեքների մեջ ենք տեսնում: Մինչդեռ էժան ապրանքը ամենուրեք է էժան, իսկ թանկ ապրանքը ամեն տեղ է թանկ: Շոստակովիչի եւ փոփ-աստղերի միջեւ պետք է տարբերություն դրվի: Սովետական Միությունն, իհարկե, իր ծառաներին, այդ թվում նաեւ` արվեստագետներին լավ էր պահում-պահպանում: Սակայն բոլորին նույն արժեքների մեջ էր տեսնում: Նորավարտ ուսանողի եւ Սարյանի կտավները նույն գնացուցակում էին հայտնվում»,- ասում է նա: Ըստ Տ. Մանսուրյանի` հիմա էլ մենք հաճախ շփոթում եւ իրար ենք խառնում այնպիսի տարբեր ոլորտներ, ինչպիսին են, ասենք, նկարչությունը եւ ցուցափեղկերի նկարազարդումը, իսկական ավանգարդ երաժշտությունը եւ անճաշակ նմանակումները: Նա նշում է նաեւ, որ այսօր մշակութային դաշտում շատ է աղբը, սակայն այդպես է ողջ աշխարհում. «Ուրեմն, այդ աղբի պահանջարկ կա»:

«Ես անկախ եմ, որեւէ մեկին հաշիվ չեմ տալիս, որեւէ մեկի թույլտվությանը, գնահատականին եւ հոնորարին չեմ սպասում: Եթե այդպիսի վիճակ լիներ տասը տարի առաջ, ես շատ ավելի բան կհասցնեի անել: Եթե ես եմ դա գնահատում, կարծում եմ, երիտասարդների համար շատ ավելի մեծ նշանակություն պիտի ունենա»,- ասում է Տ.Մանսուրյանը, որ իրեն սովետական «համակարգի մարդ» երբեք չի համարել, «պետությունից նվերներ եւ բաշխվելիք պարգեւներ չի ստացել», չի «խաղացել այն խաղի կանոններով, որոնք ուրիշներն են թելադրել»: Նա փորձել է իշխանական պարտադրանքներն ու իր ստեղծագործական ազատությունը միշտ որոշակի հեռավորության վրա պահել: Հիմա, Հայաստանի անկախացումից տարիներ անց, նա հորդորում է երիտասարդ ստեղծագործողներին` օգտագործել իրենց առջեւ բացված նոր հնարավորությունները: «Աշխարհի որ երկրում էլ լինում եմ, ինձ միաժամանակ եւ տանը, եւ ամենուրեք եմ զգում: Ուզած պահին կարող եմ մեկնել, այլ երաժիշտների հետ հանդիպել, նվագել, պատկերացում կազմել ժամանակակից ավանգարդ երաժշտության մասին: Տարիներ առաջ դրա մասին կարող էինք միայն երազել»,- ասաց կոմպոզիտորը` հիշելով այն ժամանակները, երբ կոմպոզիտորների աշխատանքը համարվում էր գաղափարախոսության մի տարրը, եւ այդ պատճառով էլ իրեն թույլ չտվեցին գնալ Իտալիա սովորելու: Հիմա, երբ նման հնարավորություններ կան, պետք է գնահատել դրանք եւ շնորհակալ լինել ճակատագրից: Ըստ Տ.Մանսուրյանի` հիմա կյանքը նմանվել է գոյամարտի, սակայն եթե մարդը հստակ գիտի, թե ինչ է ուզում, նա անպայման իր երազանքը իրականացնելու ճանապարհը կգտնի. «Պետք է միայն ճիշտ կողմնորոշվել»: Տ. Մանսուրյանն իր կարծիքը հայտնեց նաեւ այն արվեստագետների մասին, ովքեր քաղաքականության մեջ են մտնում. «Ժամանակին դա մոդա էր, հիմա կարծես այդ մոդան անցնում է: Համոզված եմ, որ պատգամավոր դառնալով, գրողը ստիպված է իր գրասեղանից հրաժարվել: Իսկ գրասեղանը նախընտրողը` քաղաքականությունից»:

Տ.Մանսուրյանը` շատ սիրված եւ ճանաչված լինելով, ավելորդ ուշադրության չի ձգտել: Նա երաժշտություն է գրել: Այնպիսի երաժշտություն, որով մենք կարող ենք դեռ դարեր շարունակ հիանալ:

Հայաստանի օրհներգի մրցույթին Տ. Մանսուրյանն` ի տարբերություն Ռոբերտ Ամիրխանյանի, ավելի մեղմ է վերաբերվում. «Երեւի Ամիրխանյանն այդ մրցույթի ազնվության մեջ կասկածելու հիմքեր ունի, ես` չունեմ»: Տ. Մանսուրյանը մրցույթին առաջադրելու է օրհներգի իր տարբերակը, որը գրվել է Եղիշե Չարենցի՝ «Ես իմ անուշ Հայաստանի…» բանաստեղծության հիման վրա: «Այդ բանաստեղծությունը այնքան հայտնի եւ սիրված է, որ պետք էր նրան միայն մեղեդայնության թեւեր տալ»,- ասում է կոմպոզիտորը: Նա նշում է նաեւ, որ Հայաստանից երաժշտություն գրելու պատվերներ չի ստանում, մինչդեռ շատ է ցանկանում Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված «Ռեքվիեմ» գրել. «Ես ուզում էի իմ «Ռեքվիեմը» Եղեռնի 90-ամյակին գրել, սակայն պատվիրատու չգտա, թեեւ երկար փնտրում էի: Իսկ եթե կոմպոզիտորը պատվիրատու չունենա եւ մի քանի տարի մեկ ստեղծագործությունը գրելուն նվիրի, նա եկամտից կզրկվի»: Շեշտելով, որ «դասական երաժշտության բնագավառի մարդիկ աշխարհում շատ չեն», Տ. Մանսուրյանը նկատում է, որ երաժշտությունն այն ոլորտն է, որը լեզվական սահմանափակումներ եւ թարգմանության կարիք չունի. այն կարող է դիպչել յուրաքանչյուր մարդու սրտի լարերին եւ խորապես հուզել նրան: