Քաղաքական դասընթացների երեւանյան դպրոցի (ՔԴԵԴ) 40 մասնակիցներն օրերս վերադարձել են Ստրասբուրգից, որտեղ աշխարհի նմանատիպ 10 դպրոցների հետ մասնակցել են «Ժողովրդավարության ամառային դպրոցի» համադպրոցական սեմինարին: «Կարող ենք ասել, որ մեր դպրոցի շրջանավարտները ոչնչով չէին զիջում մնացած 10 դպրոցների շրջանավարտներին` թե իրենց աշխատանքներով, թե հարցերով»,- երեկ ասուլիսի ժամանակ Ստրասբուրգի ճանապարհորդության արդյունքներն էր ամփոփում ՔԴԵԴ-ի տնօրեն Արմեն Զաքարյանը:
Սա առաջին անգամն էր, երբ բոլոր դպրոցները միաժամանակ հավաքվել էին Ստրասբուրգում: «40 հոգուց բաղկացած հայկական պատվիրակությանը հաջողվել է ներկայանալ հավուր պատշաճի եւ տարբերվել մնացած բոլոր դպրոցներից»,- հայտարարեց Ա. Զաքարյանը՝ ավելացնելով, որ ՔԴԵԴ-ը, պարտադիր ծրագրից զատ, սեփական դպրոցի եւ երկրի մասին նաեւ ֆիլմ էր ներկայացրել:
Մեկ անգամ եւս նշենք (այս դպրոցին մենք մեր նախորդ համարներից մեկում անդրադարձել էինք), որ այս դպրոցում քաղաքական տարբեր կողմնորոշում ունեցողներին (իշխանամետ, ընդդիմադիր), ինչպես նաեւ այլ մասնագիտության տեր մարդկանց միասին աշխատելու հնարավորություն է տրվում: Ասուլիսի ժամանակ ներկա գտնվող ԱԺ ՄԱԿ խմբակցության պատգամավոր Հռիփսիմե Ավետիսյանն ու Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության փոխնախարար Արծվիկ Մինասյանը, ովքեր ՔԴԵԴ-ի շրջանավարտներ են, համոզմունք հայտնեցին, որ Ստրասբուրգում մնացած 10 դպրոցների, ինչպես նաեւ զեկույցներով հանդես եկողների հետ հանդիպումը բավական լուրջ ազդեցություն ունեցավ իրենց վրա եւ «փորձի փոխանակումը կարող է շատ նպաստավոր դեր ունենալ Հայաստանի հետագա զարգացման համար»: Փորձի փոխանակումն, իհարկե, կարեւոր է, սակայն քաղաքականապես ինֆորմացված եւ ակտիվ լինելը դեռեւս չի նշանակում կարողանալ ազդել այն մարդկանց վրա, ովքեր, ասենք, չեն անցել այդ դպրոցը: Իսկ եթե չե՞ս կարողանում դիմացինին փոխանցել կամ համոզել այն, ինչ դու գիտես… «Եթե դուք հակված չեք մարդուն դիտել որպես քեզ նմանին, նրա իրավունքները հարգելուն, ինչքան էլ կրթվեք, չեք կարող ազդել: Դասընթացներին մասնակցելով` դուք միայն արվեստին եք վարժվում` ինչպես շփվել, ինչպես փորձել համակարգը բարելավել, մնացածը մարդուց է գալիս: Դպրոցը չէ, որ պետք է դեղատոմս տա` ինչպես ազդել մարդկանց վրա»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Այս տարվա ՔԴԵԴ ընդունելությունն արդեն ավարտվել է: Հաջորդ խումբը կընտրվի 2007-ին: Դպրոց ընդունվելու գլխավոր սկզբունքն, ըստ Ա. Զաքարյանի, այն է, որ մարդ պետք է քաղաքական հետաքրքրություն եւ քաղաքական մասնակցություն ունենա:
«Սա դպրոց չէ բոլորի համար: Պետք է գան այն մարդիկ, ովքեր մասնակցում են քաղաքական գործընթացներին»: