«Ստեփանակերտի քաղաքապետարանի եկամուտներն աճում են «ստվերային» ռեսուրսների «երեւարկման» հաշվին»,- երեկվա ասուլիսում հայտարարել է Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը:
Քաղաքապետի խոսքերով, այս տարի համայնքների, այդ թվում` Ստեփանակերտի պետական դոտացիաները կրճատվել են 30 տոկոսով: Սակայն այս փաստն այդպես էլ անհասկանալի է քաղաքապետի համար, մանավանդ ՀՆԱ-ի աճի նման լավ ցուցանիշների պայմաններում: Նա միաժամանակ փաստեց, որ այնուամենայնիվ քաղաքապետարանն իր սեփական եկամուտների հաշվին կարող է ապահովել ծրագրված ծախսերը:
Ըստ Է.Աղաբեկյանի տեղեկատվության, տարեցտարի աճում են հարկային եկամուտները, մասնավորապես հողի հարկի եւ հողի վարձակալության գծով: «2004 եւ 2006թթ. համեմատությունը ցույց է տալիս, որ մոտավորապես 259 տոկոս աճ է գրանցվել հողի հարկի բնագավառում, իսկ հողի վարձակալության աճը կազմում է 800-ից ավելի տոկոս: Դա հնարավոր եղավ նրանից հետո, երբ հարկերի հավաքագրման գործընթացը կենտրոնացվեց եւ գործառույթների մի մասը փոխանցվեց տեղական ինքնակառավարման մարմիններին»,- նշել է քաղաքապետը: