Առայժմ մի՛ մտահոգվեք

04/05/2005

Սոցիալական պարտադիր վճարների հավաքագրման գործառույթի տեղափոխումը հարկային ծառայության համակարգ հարկատուների մոտ առաջացրել է մեծ մտահոգություն. արդյոք այս փոփոխությանը չի՞ հետեւի այդ հարկատեսակի չափի բարձրացումը: Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանն առայժմ անհիմն համարեց այս մտավախությունը, բայց. «Ես կարող եմ պատասխանել միայն որպես մասնագետ: Այս ընթացքում եւ՛ արժեզրկում է տեղի ունեցել, եւ՛ տնտեսական ակտիվությունն է փոխվել, փոխվել է նաեւ բնակչության ռեալ եկամուտների աճը, ավելին, գործատուների եկամուտներն էլ են աճել, բայց հարկի այդ չափը մնացել է նույնը: Սակայն սա վերլուծական դաշտին է վերաբերում, դրա համար կառավարությունը պետք է իր մոտեցումն ունենա, Ազգային ժողովն իր համաձայնությունը տա: Նախագիծ՝ որպես այդպիսին, շրջանառության մեջ դեռ չկա դրված: Տնտեսական տարին մենք մտնում ենք առանց փոփոխությունների»: