Խորհուրդներ

23/07/2006

Սալորը, բալը, կեռասը, հոնը չորացնելուց առաջ անհրաժեշտ է խաշել: Խաշելու համար պտուղները լցնում են ցանցադույլերի կամ հյուսած զամբյուղների մեջ եւ ստուգում սոդայի կամ պոտաշի (1 դույլ ջրին` 100 գր.) լուծույթի մեջ, եռացնելով 20 վայրկյան: Խաշելուց հետո պտուղները հովացնում են, դրանք ընկղմելով սառը ջրի մեջ:

Չորացման ենթակա պտուղների բնական գույնը պահպանելու համար դրանք ենթարկում են ծծմբական գազով ծխեցման: Պտուղները ծխեցնելու համար իրար վրա են շարում պտուղներով մատուցարանները: Դրանց կողքին դնում են վառվող ածուխի ամանը` վրան ցանում 60 գրամ ծծմբի փոշի եւ անմիջապես այդ բոլորը ծածկում արկղով: Որպեսզի ծծմբական գազի կորուստ չլինի, այդ արկղի ներքին մասը չորս կողմից փակում են ավազի շերտով:

Ծիրանը եւ դեղձը կիսած վիճակում ծխեցնում են 5 ժամ, իսկ ամբողջականները`

2 ժամ, սալորը` 2-3 ժամ, տանձը` 1-1,5 ժամ, խնձորը` 5-10 րոպե, թուզը` 1,5-2 ժամ, խաղողը` 1-1,5 ժամ:

Ծիրանը եւ դեղձը չորացնելու համար պտուղները դանակով բաժանում են երկու մասի եւ անջատում կորիզը: Կտորները կտրվածքով դեպի վեր դասավորում են մատուցարանի վրա եւ ենթարկում ծխեցման: Այնուհետեւ դնում են արեւի տակ եւ, 1-2 օրը մեկ անգամ շրջելով, պահում են 4-5 օր: Դրանց հետագա չորացումը կատարվում է ստվերում: