Ժողպատգամավորն էլ մտավ ՀՀԿ

21/07/2006

ՀՀԿ-ն, որին վերջերս անդամագրվել է պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը, պատրաստվում է նաեւ կուսակցությունում համապատասխան պաշտոն տրամադրել նրան: Հուլիսի 22-ին կուսակցության արտահերթ համագումարում այդ նպատակով կվերականգնվի նախորդ համագումարում կանոնադրությամբ վերացված ՀՀԿ խորհրդի նախագահի պաշտոնը: «Կանոնադրության մեջ որոշակի լրացումներով կլինի խորհրդի նախագահի պաշտոն. այդ պաշտոնը թերեւս առաջարկվի Սերժ Սարգսյանին»,- երեկ լրագրողներին ասել է ՀՀԿ փոխնախագահ Ռազմիկ Զոհրաբյանը: Իսկ հարցին, թե Պաշտպանության նախարարի` կուսակցականացվելն արդյոք չի՞ հակասում ՀՀ Սահմանադրությանն ու օրենքներին, Ռ. Զոհրաբյանը պատասխանեց. «Սերժ Սարգսյանի պաշտպանության նախարար լինելը չի բացառում եւ չի հակասում նրա կուսակցական լինելուն: Սերժ Սարգսյանը ռազմական անձ չէ, այլ քաղաքական գործիչ»:

Բացի այդ, ընդլայնվելու է խորհրդի կազմը: ՀՀԿ-ին անդամակցել են նաեւ ԱԺ «Ժողպատգամավոր» խմբի 10 անդամներ՝ ներառյալ խմբի ղեկավար Կարեն Կարապետյանը: