Նախորդ շաբաթ Հայաստանի մի քանի կոմունիստական կուսակցությունների միավորման փորձի նախանշաններ երեւացին եւ արագ մարեցին: Միավորվելու պատրաստվողները միավորման փորձի օրն ու դրան հաջորդող օրերին ԶԼՄ-ների միջոցով միմյանց անվանեցին կարիերիստ, դավաճան, զառանցող, վայրահաչող, սերժամոլ, քոչարյանամետ…:
Կարճ ասած` է՛լ գող փիսո, է՛լ քաչալ շուն…: Եվ արդյունքում, բացի ոմանց զվարճացնելուց, ոչնչի չհասան ու, ինչպես երեւում է, տեսանելի ապագայում չեն էլ հասնի: Իսկ միավորվել փորձում էին ՀԿԿ-ից տարբեր ժամանակներում հեռացված Յուրի Մանուկյանը, ով այսօր գլխավորում է Նորացված կոմունիստական կուսակցությունը (ՀՆԿԿ), Վազգեն Սաֆարյանը` Առաջադիմական կոմկուսի ղեկավարը, Նորիկ Պետրոսյանը, Սանատրուկ Սահակյանը եւ Խորեն Սարգսյանը: ՀԿԿ-ն վերոնշյալ անձանց մեղադրում է իշխանությունների պատվերով միավորվելու եւ ապագա ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար ձախաթեւյան գաղափարական հենք ապահովելու մեջ։ Անցած շաբաթ ՀԿԿ բյուրոն եւ ՀԿԿ Երեւանի քաղաքային կոմիտեն ընդունել են հայտարարություն, որտեղ ՀԿԿ-ից հեռացվածներին մեղադրում են դավաճանության, անսկզբունքայնության, կարիերիզմի, իրենց ջուր տված ջրհորի մեջ թքելու եւ հակակոմունիստական հիստերիա հրահրելու մեջ։ «Նրանց մենք թույլ չենք տալու վերակենդանանալ»,- ՀԿԿ-ի անունից նորացված հեռացվածներին սպառնացել էր ՀԿԿ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Հուլիսի 14-ին տարածած հայտարարությամբ ՀԿԿ բյուրոն մերժել է ՀԿԿ շարքերից վտարվածների առաջարկը՝ միավորվել մեկ կուսակցության մեջ։ Սակայն, ըստ որոշ տեղեկությունների` ՀԿԿ-ին նման առաջարկ չէր էլ արվել: Այս փաստը մամուլում հաստատել էր նաեւ ՀԿԿ Երեւանի քաղկոմի առաջին քարտուղար Տաճատ Սարգսյանը: Եվ այսքանից հետո, թե կոնկրետ ի՞նչն էր մերժել ՀԿԿ-ն, երեւի միայն ընկեր Տաճատը գիտի: Ինչեւէ, ըստ ՀԿԿ-ից վտարված Խորեն Թռչունիչի, մասնավոր սեփականության դեմ պայքարող ՀԿԿ 2-րդ քարտուղար Ֆրունզե Խառատյանը սեփական համալսարանն ունի: Խոսքը «Գալիք» համալսարանի մասին է: Իսկ ՀԿԿ առաջին քարտուղար Ռուբեն Թովմասյանն էլ, ըստ Սանատրուկ Սահակյանի տեղեկությունների, «ՍՍՌ» անունով կազինո ունի: Անցած շաբաթ մամուլում եւ՛ Ս. Սահակյանը, եւ՛ Խ. Թռչունիչը նշել էին նաեւ, թե իրենք բանակցել են Ռոբերտ Քոչարյանին շատ սիրող ՀՆԿԿ ղեկավար Յուրի Մանուկյանի հետ եւ արդյունքում Մանուկյանը հակված է եղել այլեւս չսիրել Ռ. Քոչարյանին եւ Ս. Սարգսյանին: Այս կապակցությամբ երեկ մեզ հետ զրույցում Յու. Մանուկյանն ասաց. «Դա այն կարգի խեղկատակություն է… Մանուկյանի մոտեցումները թաշկինակի նման փոփոխության ենթակա չեն: Մանուկյանը ոչ թե իշխանամետ է կամ քոչարյանամետ, այլ` պետականամետ: Մանուկյանը գնահատում է հայոց պետականությունը եւ պատրաստ է դրան ծառայել»: Ընկեր Մանուկյանը նշում է, որ ինքը հայ է, հետո կոմունիստ, ինչը նրա խոսքերով` նշանակում է, որ նա իր ժողովրդին, իր երկրին կծառայի այնքան, ինչքան կարող է, եւ դրանից հետո միայն գաղափարախոսությանը կարեւորություն կտա: Իսկ նրանք, ովքեր պատրաստվում են Ռ. Քոչարյանի փոխարեն մեկ ուրիշին ձայն տալ, դա ՀՆԿԿ ղեկավարի կարծիքով նշանակում է, որ նրանք ԼՂՀ «գերխնդիրը չեն պատկերացնում» եւ չեն հասկանում, որ դրանով խանգարում են ԼՂ հարցի լուծմանը: «Եվ այն մարդիկ, ովքեր այսօր հայհոյում են ինձ կամ իմ ընկերներին, դրանք հայախոս թուրքեր են»,- նշեց մեր զրուցակիցը: Վերջինս մեզ հետ զրույցում նաեւ նշեց, որ արդեն ունի հաջորդ նախագահի իր թեկնածուն: «Անպայման նրան ենք պաշտպանելու, անպայման, եւ պետք է պայքարել ԼՂՀ հարցի հայանպաստ լուծման համար: Դրանից հետո ես նոր կմտածեմ սոցիալիզմի համար պայքարողների համախմբման ուղղությամբ»,- առանց այդ թեկնածուի անունը որոշակիացնելու, ասաց ՀՆԿԿ ղեկավարը` հավելելով, որ տվյալ դեպքում եւս ինքն ընտրություն է կատարել` ելնելով ԼՂ շահերից: Մեզ հետ զրույցում նա անդրադարձավ նաեւ կոմունիստների միավորման թեմային: Նրա խոսքերով` նախորդ շաբաթ՝ «ինչո՞ւ չեն միավորվում կոմունիստները» հարցի շրջանակներում հրավիրել էր կոմունիստական բոլոր կուսակցությունների կառույցների ներկայացուցիչներին, չէր եկել միայն ՀԿԿ-ի ղեկավար Ռուբեն Թովմասյանը: Ինչ վերաբերում է կոմունիստների անմիաբանությանը, դա, ըստ Յու. Մանուկյանի, տարբեր մտածելակերպերի բախման արդյունք է: «70 տարիների ընթացքում բոլորս ապրել ենք այն հոգեբանությամբ, որ վերեւից պետք է հրամայեն, մենք կատարենք, որը նստվածք է թողել: Եկել են ինքնուրույն մտածելու, ինքնուրույն գործելու ժամանակները, իսկ մենք պատրաստ չենք դրան. ոչ միայն կոմունիստները, այլեւ բոլորը: Կոմունիստների շատ փոքր հատվածը կարողացավ ընկալել ժամանակի շունչը»,- գտնում է նա: Վերջինս առաջարկում է մի կողմ դնել անձերը եւ «դուրս գալ խաղից»: «Ես ո՛չ ուզում եմ առաջին դեմք լինել, ո՛չ պառլամենտ եմ ուզում, ո՛չ էլ որեւիցե մի այլ բան»,- վստահեցնում է նա: Սակայն այս անգամ եւս կոմունիստներին թեկուզ մասամբ միավորվել չի հաջողվում, որովհետեւ, ըստ Մանուկյանի, Ս. Սահակյանը, Ն. Պետրոսյանն ու Խորեն Թռչունիչը պահանջում են ՀԿԿ նոր համագումար, որովհետեւ Թովմասյանին համարում են ոչ լեգիտիմ 1-ին քարտուղար: «Նրանք պահանջում են նոր համագումար. դա ինձ հետ չի առնչվում: Վազգեն Սաֆարյանն ասում է` դաշինքով գնանք. դա ինձ հետ չի առնչվում: Ես էլ խնդրում եմ բոլոր կոմունիստական կուսակցություններին միավորվել: Անցյալում ինչ եղել՝ եղել է: Մանկապարտեզի տարիքից պետք է դուրս գալ,- հայտարարում է ՀՄԿԿ ղեկավարը` հավելելով: – Ի՞նչ է նշանակում 3 կոմունիստական կուսակցությունների դաշինք: Դա առնվազն ծաղր է այն շարքային կոմունիստների նկատմամբ, որոնք պետք է գնահատեն մեր վարքագիծը: Կոմունիստական կուսակցությունը Հայաստանում պետք է լինի միայն մեկը. դա ՀԿԿ-ն է: Ռ. Թովմասյանը դեմ չէ սրան, բայց ասում է, որ իմ նման մարդիկ, ովքեր վտարված են Կոմկուսից, չեն կարող իրենց հետ միավորվել, որովհետեւ ՀԿԿ-ն վտարել է մեզ, մենք պարտավոր ենք կանոնադրության սահմաններում դիմել վերականգնվելու համար»: Բացի այդ, Յու. Մանուկյանի գնահատմամբ` Ս. Սահակյանը, Ն. Պետրոսյանն ու Խ. Թռչունիչը չեն հասկանում, որ ժամանակները փոխվել են եւ այսօր զուտ իշխանություններին հայհոյելով, ու ժողովրդին հեղափոխական «կեղծ կոչեր» հրամցնելով` առաջ չես շարժվի, եւ կկորցնենք երկիրն ու ժողովրդին փորձանքի կբերենք: Անդրադառնալով ՀԿԿ-ի ներկայացրած այն մեղադրանքներին, թե միավորվել փորձող կոմունիստները գործում են իշխանությունների պատվերով` ապագա ընտրություններում նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի համար ձախաթեւյան գաղափարական հենք ապահովելու համար, Յու. Մանուկյանը կրկնում է, թե ժամանակները փոխվել են եւ այժմ ղեկավարությանը հայհոյելով ոչնչի հնարավոր չի հասնել, ու հավելում. «Արդեն ուշացել են. հայհոյողների բանակում այլեւս տեղ չկա: Շատ-շատ հայհոյողներ կան: Անցեք ուրիշ թեմաների: Ժամանակին էլ ասում էին, թե այդ նույն անձնավորությունն է մեղավորը (խոսքը Ս. Սարգսյանի մասին է.-Ռ.Թ.), որ բաժան-բաժան ենք եղել, բայց 5 տարի մենք մեր խմբով պահանջում ենք միավորում: Այդ դեպքում ինչո՞ւ չեն միավորվում: Թող հայտարարեն, որ 2001թ. իրենց ընդունած որոշումն անբարոյական է մարդկանց նկատմամբ, որ դա համարվում է ոչ իրավացի, ես հետ գամ, գնամ իրենց կողքին կանգնեմ կամ իրենց անդամը դառնամ: Այստեղ ի՞նչ կապ կա ազգանունների հետ»:
Այս ամենից կարելի է եզրակացնել, որ հայրենի տարատեսակ կոմունիստների ջրերն այսօր բոլորովին էլ մի առվով չեն հոսում եւ նրանց միավորման մասին խոսելը գոնե հիմա ավելորդ է: