Ըստ Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանի՝ 2004թ. հարկային ոլորտում ձեռքբերումներն ավելի շատ էին, քան թերացումները. «Թերացումներ իհարկե ունենք, բայց ձեռքբերումների մոտ որակ չեն կազմում: Առաջին լուրջ ձեռքբերումը հարկային եկամուտների ապահովումն է, օրենքով նախատեսած չափով, առանձին հարկատեսակների մասով նույնիսկ գերավճարներ ունենք: Հարկային եկամուտները կկազմեն 142 մլրդ դրամ: Նախորդ տարիների համեմատ տեղի է ունեցել շահութահարկի եւ եկամտահարկի տեսակարար կշռի զգալի աճ: Սա եւ՛ տնտեսական աճի, եւ՛ հարկային վարչարարության արդյունք է»: Պարտադիր սոցիալական վճարների հավաքագրման գործառույթը հարկային համակարգ տեղափոխելը, ըստ պարոն Ալավերդյանի, նույնպես ձեռքբերում է: Նրա կարծիքով՝ հարկային մարմիններն իրենց կոշտ վարչարարությամբ կկարողանան ստվերային աշխատուժ լույս աշխարհ հանել: Լուրջ ձեռքբերում է նաեւ ավելացված արժեքի հարկի վերադարձը: «2004թ. մեզ հաջողվել է մոտ 11 մլրդ գերավճար վերադարձնել, նախորդ տարվա համեմատ սա երկուս ու կես անգամ ավելի է»: Նախորդ տարիներից պետությունն ունեցել է գերավճարների եւ ապառքների մեծ ժառանգություն, բայց կոնկրետ ինչքան, պարոն Ալավերդյանը չմանրամասնեց, ուղղակի նշեց, որ 2004թ. աննախադեպ է նրանով, որ տարվա կտրվածքով գերավճարները մեծամասամբ վճարված են: Նույն գերավճարների թերվճարումը հարկային պետի տեղակալը նշեց նաեւ թերացումների շարքում, այստեղ՝ այն կտրվածքով, որ այնուամենայնիվ հարկատուների նկատմամբ պարտքեր կան եւ պետք է անպայման վճարել ժամանակի ընթացքում: Վերջնականապես լուծված չէ նաեւ ապառքի, այսինքն՝ պետությանը հարկատուների ունեցած պարտքի խնդիրը: «Շատ լուրջ անելիքներ ունենք նաեւ առանձին ոլորտների առումով. ոլորտներ կան, որ տարիներ շարունակ հնարավորինս խուսափել են հարկումից, դրանք հիմնականում կանխիկ դրամաշրջանառությամբ աշխատող ոլորտներն են,- նշեց պարոն Ալավերդյանը: -Օրինակ՝ շինարարությունը, տրանսպորտը, հացամթերքի արտադրությունը: Այս ոլորտներում ամեն օր հազարավոր գործարքներ են կատարվում կանխիկ վճարումներով, մեծ եկամուտներ են ստանում, բայց թաքցնում են եւ անհրաժեշտ չափով հարկեր չեն վճարվում: Այդ փոքրիկ գումարներով են ձեւավորվում մեծ գումարները, հարկային վարչարարությունը պետք է այնպես լինի, որ ամեն օր մենք մեր բաժինը ստանանք: Օրենսդրական փոփոխությունների շնորհիվ պետք է ապահովել հարկ եղած գումարների մուտքը բյուջե»: Արմեն Ալավերդյանը հավատացնում է, որ եկող տարի տրանսպորտը, մասնավորապես՝ երթուղային տաքսիների եւ տաքսի ծառայությունների ոլորտը, օրենքով ստվերից դուրս կբերվի: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ հենց այս ոլորտների ստվերն ապահովում են օրենսդիր, նաեւ գործադիր ոլորտների ներկայացուցիչները: Այնուամենայնիվ, պարոն Ալավերդյանը վստահ է, որ համապատասխան փոփոխություններն անպայման կլինեն, նույնիսկ՝ մեծ դիմադրությունների դեպքում: