Մաքսիմիլիան Վալերաթը գերմանացի իրավագետ է, Գերմանիայի Գրայֆսվալդ քաղաքի Էրնստ-Մորիտց-Արնդտ համալսարանի իրավագիտության ֆակուլտետի ամբիոնի վարիչ, դոկտոր-պրոֆեսոր: Սկսած 1997թ.-ից նա նաեւ Մեքլենբուրգ-Ֆորպոմերն երկրամասի Սահմանադրական դատարանի անդամ է: Բացի այդ, պարոն Վալերաթը բազմաթիվ մասնագիտական գրքերի հեղինակ է, այդ թվում` «Ընդհանուր Վարչարարության իրավունք», «Հասարակական պահանջմունքի բավարարում եւ սահմանադրական իրավունք», «Համայնքները մրցակցության մեջ», «Վարչական կառույցները եւ վարչական արդյունավետությունը» եւ այլ գրքեր:
– Պարոն Վալերաթ, Եվրամիությանը շուտով անդամակցելու են Ռումինիան եւ Բուլղարիան: Սակայն եվրոպական հանրությունը կասկածանքով է վերաբերվում դրան` պատճառաբանելով, որ այդ երկրները չեն բավարարում եվրոպական ստանդարտներին: Այդ երկրներում մասնավորապես մեծ տարածում ունի կոռուպցիան: Իսկ Գերմանիայում կոռուպցիա չկա՞:
– Այո, իսկապես, այս խնդրում Գերմանիան չի կարելի հավասար դասել այնպիսի երկրների թվին, ինչպիսիք են Դանիան, Շվեդիան, Ֆինլանդիան: Այդ երկրներն այսօր, ըստ էության, կոռուպցիայից զերծ են: Նաեւ Գերմանիան կոռուպցիայի նկատմամբ իմունիտետ ունի, բայց թերեւս այնպես չէ, ինչպես առաջ: Վերջին 10-15 տարիներին առաջին պլան է մղվել հենց կոռուպցիայի խնդիրը:
– Խոսքը ո՞ր բնագավառի մասին է:
– Կոռուպցիան Գերմանիայում մասնավորապես տարածված է շինարարության ոլորտում: Այստեղ մեծ գումարներ են շրջանառվում: Հաճախ դա տեղի է ունենում հենց արդյունաբերության մեջ, երբ պատվիրատուները պայմանավորվածություն են ձեռք բերում որեւէ սահմանային գնի վերաբերյալ: Ասենք, մի մեծ նախագիծ է առաջարկվում, որն արժե 30 միլիոն եվրո: Ահա այստեղ պատվիրատուները պայմանավորվում են կապալառուների հետ 30 միլիոն եվրոյի վրա, այն դեպքում, երբ տեսականորեն այդ աշխատանքը կարժենար 25 միլիոն եվրո: Մնացած 5 միլիոնը բաժանվում է պատվիրատուի եւ կապալառուի միջեւ: Ահա այսպես է տնտեսության ներսում աղավաղվում եւ կեղծվում մրցակցությունը:
– Մի՞թե սա նշանակում է, որ Գերմանիան ի տարբերություն մյուս երկրների պակաս իրավապահ է: Մինչդեռ այն հայտնի է մեզանում որպես օրենքի եւ ճշտապահության երկիր:
– Օրենքը Գերմանիայում ընկալվում եւ իրացվում է առավել լրջորեն եւ հստակորեն, քան հարավային մյուս երկրներում: Հարավային երկրներում ասում են` այո, այո, սա շատ լավ կանոնակարգում է ասենք, միջավայրի պաշտպանության բնագավառում, հետո ընդունվում է տվյալ օրենքը, որը մեծ պահանջներ է դնում թե դրա իրացման եւ թե պահպանման նկատմամբ: Բայց երբ բանը գործնականին է հասնում, երբ այն պետք է իրացվի, ապա իրականությունը բավականին հեռու է նրանից, թե ինչ է նախատեսում տվյալ օրենքը: Եվ մենք Եվրոպայում տեսնում ենք բավականին հստակ միտում հյուսիսից հարավ: Հարավային երկրներն ընդհանուր առմամբ առավել «մեծահոգի» են այս խնդրում: Եվ դա բացատրում է այն քննադատական կեցվածքը, որ առկա է ԵՄ ընդլայնման հարցում:
– Ի՞նչ խնդիրներ ունի ԵՄ-ն այսօր:
– Ներկայումս ունենք 25 անդամ երկրներ: Իմ կարծիքն այն է, որ նման մեծության հաստատությունը պարզապես անղեկավարելի է: Քաղաքականության տեսանկյունից այն հնարավոր չէ տանել որեւէ մի ուղղությամբ: Խնդիրը սա է: Քաղաքական գործիչները չկարողացան Եվրոպայի հարցում ճիշտ հաշվարկել այն հետեւանքները, որոնց առջեւ այսօր կանգնած է ԵՄ-ն: ԵՄ-ն այսօր պետք է իրեն հարցնի, թե ի՞նչ է ուզում, ո՞ւր է ուզում գնալ, ինչպե՞ս է պատկերացնում ապագան, ի՞նչ հաստատություններ պետք է ունենա, ազգային պետությունների ո՞ր իրավասությունների հետ պետք է հաշվի նստի: Այս խնդրի լուծումը կարեւոր է նաեւ այն երկրների համար, որոնք ձգտում են միանալ ԵՄ-ին:
– Դուք ԵՄ այս նախագծի հակառակո՞րդ եք: Ձեզ այս նախագիծն անիրակա՞ն է թվում:
– Ես չեմ ուզում գուշակել, թե ինչ ավարտ կունենա այս նախագիծը: Ըստ իս, դա ոչ ոք այս պահին չի կարող ասել: Ես համարում եմ ինձ եվրոպացի, հետեւաբար նախագծի գաղափարը լրիվ ընդունում եմ: Չեմ ընդունում սակայն այն ձեւը, որով իրականացվում է այս մոդելը: Դա արվում է չափազանց շտապողական, չմտածված եւ անհավասարակշիռ ձեւով: Պետք էր վաղօրոք մտածել կոնկրետ քայլերի մասին: Հենց սկզբից պարզություն էր պետք, թե ինչ ենք ուզում մենք: Ուզո՞ւմ ենք արդյոք Եվրոպա «կորիզի» շուրջ շրջանակներ անցկացնել եւ այդ շրջանակներում ընդգրկված ազգային պետությունների ինքնուրույնության հետ հաշվի նստել: Չէ՞ որ այսօր Եվրոպայի ներսում հակակարծություն է տիրում այն հարցում, որ Բրյուսելը չափազանց մեծ իրավասություններ ունի անդամ երկրների նկատմամբ: Դա ցանկալի չէ ոչ մեկի համար:
– Կարո՞ղ եք մանրամասնել, թե ինչը կոնկրետ պետք է փոխվի:
– Կառուցվածքը: Կան ներքին խնդիրներ, որոնք պետք է լուծվեն այսօր, նախքան ԵՄ հետագա ընդլայնումը: Բայց քաղաքական գործիչներն առավել մեծ կարեւորություն են տալիս արտաքին աճին, եւ ոչ թե ներքին, այն, ինչը տեսանելի է հանրությանը: Քանզի դա է քաղաքականության հաջողության չափանիշը: Հարկավոր է ստեղծել մեկ միասնական իրավական դաշտ: Քանզի պառլամենտները չեն կարող կառավարել այն պայմաններում, երբ միաժամանակ գործում են տարբեր օրենքներ` ռումինական, բուլղարական, գերմանական, ֆրանսիական, պորտուգալական եւ այլն: Դա տեսական պատկերացում է:
– Շուտով Գերմանիան է ստանձնելու ԵՄ նախագահությունը: Ի՞նչ եք կարծում, ի՞նչ քաղաքականություն կվարի այն:
– Դժվար է ասել: Կարծում եմ՝ Գերմանիան կփորձի եվրոպական պայմանագիրը նեղ շրջանակներում իրականացնել: Ես հույս ունեմ, որ կհստակեցվեն ԵՄ իրավասություններն անդամ երկրների նկատմամբ: ԵՄ Սահմանադրության մեջ կան բազմաթիվ հասկացություններ, որոնք հստակեցման կարիք ունեն, եւ որոնք իրենց անորոշության պատճառով Եվրոպական դատարանին եւ եվրոպական մակարդակով տեղի ունեցող քաղաքականությանը լայն ասպարեզ են տալիս: Իրավական նորմերի հստակեցման միջոցով է միայն հնարավոր հասնել ԵՄ եւ անդամ երկրների միջեւ իրավասությունների հստակ տարանջատմանը: Դա նպաստում է նաեւ ինքնության ձեւավորմանը: Քաղաքացիները պետք է կրկին զգան, որ պառլամենտները, որ նրանք ընտրում են, ասելիք ունեն: Իսկ այսօր նրանք այն տպավորությունն ունեն, որ պառլամենտներն ասելիք չունեն, որովհետեւ ամեն ինչ ԵՄ մակարդակով է որոշվում: Մինչդեռ ԵՄ-ն չի կարող ստանձնել այդ դերը, քանզի այն դիֆուզ բնույթ ունի: Եվ դա հանգեցնում է ընտրությունների նկատմամբ բնակչության անտարբերությանը:
– Միասնականությունը բազմազանության մեջ. այս սկզբունքով է շարժվում Եվրոպան: Այստեղ որոշակի հակասություն չե՞ք տեսնում: Չէ՞ որ յուրաքանչյուր ազգ ձգտում է պահպանել իր ինքնությունը, եւ էլ ավելի ուժգնորեն, երբ այն վտանգված է զգում: Ի վերջո, ինքնությունը պահպանելու միջոցներից մեկը հենց հակադրելն է:
– Փորձեմ դա բացատրել կրոնական հիմքի վրա: Ունենք քրիստոնեություն, օրինակ, ես կաթոլիկ եմ, կան բողոքականներ, կա Հայ Առաքելական եկեղեցին: Քրիստոնեությունը տվյալ դեպքում ընդհանուր հայտարարն է, իսկ մնացածը` դրա արտահայտման ձեւերը: Միեւնույն ժամանակ` քրիստոնեությունը հակադրվում է իսլամին: ԵՄ խնդիրն է ստեղծել այնպիսի կառուցվածք, որի հիման վրա հնարավոր կլինի ամրացնել ենթակառուցվածքներ, որոնք կապահովեն բազմազանությունը: Ասեմ՝ Խորհրդային Միությունը հենց այդ հողի վրա փլուզվեց, իր կառուցվածքի ահռելի մեծության հողի վրա, որտեղ փորձ էր արվում հասնել մեկ միասնական կառուցվածքի` բացառելով բազմազանությունը: ԽՍՀՄ նման մի կայսրություն հնարավոր էր պահել միայն ուժով, բռնությամբ, կամ թե բազմազանությունն ընդունել եւ խրախուսել, որը չարվեց: Հարկավոր է գտնել մեկ ընդհանուր հայտարար, որն էլ կապահովի կայունությունը:
– Իսկ ո՞ր երկրներն են համարվում եվրոպական:
– Միգուցե քրիստոնեական Արեւմուտքը:
– Ուրեմն Հայաստանը Եվրոպա՞ է:
– Այո: Բայց եթե դուք այսօր հարցնեք, թե արդյո՞ք Եվրոպան քրիստոնեական Արեւմուտքն է, տասը հարցվողներից ինը կասեն` ոչ:
– Այդ դեպքում ի՞նչ կասեին նրանք՝ ի՞նչ է Եվրոպան:
– Նրանք չէին կարողանա պատասխանել ձեր հարցին: Եվ դա մեծագույն պրոբլեմ է: Ինքս եմ դժվարանում պատասխանել: Ոչ, բնորոշել այն անկարող եմ, բայց կփորձեմ նկարագրել: Եվրոպան մի բան է, որն առաջացել է 2000 տարիների ընթացքում հունական փիլիսոփայությունից անցնելով քրիստոնեության ու լուսավորության շրջանները: Եվրոպան անընդմեջ հոգեւոր զարգացում է, որ սկիզբ է առել Միջերկրական ծովում: Այնտեղ կան տարրեր պարսկական մշակույթից, եգիպտականից: Դրանք վերամշակվել են Իտալիայում վերածննդի շրջանում, ապա լուսավորության ժամանակ, եւ, ի տարբերություն իսլամի, աշխարհիկ բնույթ ստացել: Դրանք ստացել են այնպիսի ձեւակերպումներ, ինչպիսիք են մարդու եւ քաղաքացու իրավունքները, ազատության իրավունքը: Իսկ այսօր Եվրոպան իրենից ներկայացնում է այս ավանդույթի հիման վրա ստեղծված մի հասարակություն, որը բազմազան է, զիջողական է: Միգուցե այն կորցրել է իր ինքնությունը բազմազանության մեջ: Բայց բազմազանությունից հրաժարվելն այլեւս անհնար է:
– Այս սահմանման մեջ հաշվի չառաք աշխարհագրական գործոնը: Եվ եթե շարժվենք այս սահմանմամբ, ապա Թուրքիայի հնարավոր անդամակցությունը Եվրոպային ոչ մի կերպ չի բացատրվում:
– Հայաստանը, Վրաստանն առավել մոտ են Եվրոպային: Բայց Թուրքիայի համար ասածս վերացական ձեւով կիրառելի է: Ասածս այն է, որ Եվրոպան մի զարգացման արդյունք է, որն իր արտահայտությունն է գտել մարդու եւ քաղաքացու իրավունքների մեջ եւ ունի բազմազան հասարակություն:
– Դուք ո՞ր դեպքում Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին կհամարեք ընդունելի:
– Այն ժամանակ, երբ Արեւմտյան Թուրքիան իր երկրում կհաստատի ազատականություն: Երբ այն հաշվի կնստի պետության եւ կրոնի տարանջատման հետ: Այո, տարածքը չէ որոշիչը, այլ համատեղ կյանքի համար անհրաժեշտ գաղափարական աշխարհը, որի հիմքում ընկած են որոշակի արժեքներ` ազատություն, հավասարություն, մարդու արժանապատվություն, որոնք հանգեցնում են հասարակության բազմազանությանը: Ոչ թե բազմազանություն` որպես ինքնարժեք, այլ` որն առաջացել է ազատության գաղափարից: Եվ, այս իմաստով, ամեն ինչ համադրելի է Եվրոպայի հետ, ինչը բավարարում է հիշյալ պահանջներին: Թուրքիան շատ անելիքներ ունի այս առումով: