Անցած շաբաթ էլեկտրոնային փոստով մի նամակ էի ստացել Ադրբեջանից։ Դա այդ երկրի մտավորականության ներկայացուցիչների կոչն էր հայ ժողովրդին։ Այն ստորագրել են 101 մտավորական։ Տեքստի վերջում հեղինակները խնդրում են իրենց կոչն ընկալել որպես խաղաղության համար մեկնված ձեռք, չփնտրել թաքնված միտումներ ու չներկայացնել հակափաստարկներ։
Թաքնված միտումներ փնտրելու հակում չունեմ ու երբեւէ չեմ ունեցել։ Որպես մարդ պատրաստ եմ սեղմելու խաղաղության համար մեկնված ցանկացած ձեռք, նույնիսկ եթե այդ ձեռքն ուղղորդված լինի պաշտոնական Բաքվի կողմից։ (Եթե պաշտոնական Բաքուն ինչ-որ ձեռքեր է ուղորդում, ուրեմն ունի դրա կարիքը): Ինձ համար անհասկանալի են ադրբեջանցի մտավորականների նամակի վերջին բառերը՝ «չներկայացնել հակափաստարկներ»։
Սուրբ գրերից բացի չկա որեւէ տեքստ, որին անկարելի լինի հակափաստարկներ ներկայացնել, քանի որ ցանկացած գրող, լինի մեկը, թե հարյուր մեկը, իր գրածի մեջ ներդնում է հույզեր, սուբյեկտիվ պատկերացումներ ու մոտեցումներ, որոնք անպայմանորեն կարող են հանդիպել հակափաստարկների։ Սակայն խնդիրը միայն տեքստի փաստարկելիությունը չէ։ Խնդիրն այն է, որ մեր տարածաշրջանում ձեւավորված քաղաքական եւ հասարակական կուլտուրան դեռեւս թույլ չի տալիս հասկանալ, որ քաղաքական այնպիսի կնճռոտ խնդիր, ինչպիսին է ղարաբաղյան հակամարտությունը, կարող է լուծվել միայն երկխոսության միջոցով։
Մոտ մեկ ամիս առաջ ադրբեջանցի բարձրաստիճան մի պաշտոնյա առաջարկում էր Ղարաբաղին տալ ինքնավարության այնպիսի կարգավիճակ, ինչպիսին ունի Թաթարստանը Ռուսաստանի Դաշնությունում։ Հարց է առաջանում, ադրբեջանցի պաշտոնյան բաղադրե՞լ էր իր առաջարկը, մենախոսությամբ կամ շրջապատի մարդկանց հետ շփվելով քննարկե՞լ էր, թե ինչ է առաջարկում ղարաբաղցիներին, ովքեր արդեն մոտ քսան տարի ենթակա չեն Բաքվի իշխանություններին։ Եթե քննարկեր, կհասկանար, որ առաջարկվող կարգավիճակն ամենեւին էլ ղարաբաղցիների սրտով չի լինելու։
Ադրբեջանցի այդ պաշտոնյայի հայտարարությունից հետո ես սկսեցի մանրամասնորեն ուսումնասիրել ինտերնետում Թաթարստանի հանրապետության մասին եղած նյութերը։ Պետք է խոստովանեմ, որ ինքնավարության այդ տեսակը բավական տպավորիչ է։ Հնարավոր բոլոր հարցերը կարգավորված են սահմանադրությամբ, օրենքներով, Թաթարստանի եւ ֆեդերալ իշխանությունների միջեւ կնքված համաձայնագրերով։ Մի խոսքով, ներդաշնակություն է՝ դուք մեզ թողնում եք հանգիստ ապրել ու զարգանալ, իսկ մենք չենք պոկում մեծ թխվածքի մեր կտորը։
Այս ամենն ուսումնասիրելուց հետո անմիջապես հարց է ծագում, թե ինչո՞ւ Ռուսաստանը Թաթարական ինքնավարության օրինակով չի կարգավորում իր խնդիրները Հյուսիսային Կովկասում, մի՞թե հնարավոր չէ ռուս-թաթարական ներդաշնակությունը պատվաստել Իչկերիայի բազմաչարչար հողում։ Կարծում եմ, Ռուսաստանում դրա մասին մտածել են, բայց չեն էլ փորձել որոշակի քայլերի դիմել, քանի որ հասկանում են, որ արյունալի պատերազմից հետո մաքսային կամ հարկային լավ մշակված համաձայնագրերով ոչ միայն ներդաշնակության չես հասնի, այլեւ չես տեսնի խաղաղության երեսը։
Նույնն էլ մեզ մոտ է՝ Հայաստանում։ Երբ ադրբեջանցի պաշտոնյայի հայտարարությանը կոշտ ու կոպիտ պատասխանում են, թե ձեզ պահեք ձեր ինքնավարությունը, մենք մեր անկախությունն արդեն մեկ ու կես տասնամյակ ունենք, չեն քննարկում ու չեն մտածում, որ եթե տնտեսական այս վիճակում հնարավոր էր միայն հաղթանակի էյֆորիայի հաշվին ապրել մեկուկես տասնամյակ, հաջորդ մեկուկեսը համապատասխան սնունդ է պահանջելու՝ ներդրումներ, աշխատատեղեր, կյանքի տանելի պայմաններ եւ այլն։
Երկու դեպքում էլ չեն մտածում, որ քաղաքական այս պինգ-պոնգի հանդիսատեսը ժողովուրդներն են, ում խաղն արդեն ոչ միայն սպորտային հաճույք չի պատճառում, այլեւ չի ոգեւորում կամ չի տխրեցնում հաղթանակի կամ պարտության հեռանկարներով։ Եվ գուցե սա է պատճառը, որ ադրբեջանցի մտավորականները խաղաղության ձեռք պարզելով՝ շփոթում են խաղաղության առաջարկն ու պատերազմի սպառնալիքը։ Ադրբեջանցի մտավորականները գրում են. «Եվ այս իրավիճակը՝ ոչ խաղաղություն, ոչ պատերազմ, չի կարող հարատեւել։ Այս սառը պատերազմն ու հակամարտությունը Հայաստանում եւ Ադրբեջանում ահռելի միջոցներ են խժռում։ Իրավիճակի զարգացման դեպքում շատ շատերն Ադրբեջանում միակ ելք են համարում նոր պատերազմի պատրաստվելը»։
«Ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» իրավիճակի նկարագրությանը ծանոթանալուց հետո սպասում էի, որ ադրբեջանցի մտավորականները երկխոսության ու ազգամիջյան շփումների առաջարկ են անելու, բայց, ցավոք, առաջարկվածը պատերազմը վերսկսելու մասին վաղուց ծանոթ հանգերգն էր եւ թվարկումն այն առավելությունների, որոնք ունի կամ կարող է ունենալ Ադրբեջանը։ Եվ այս տոնով նրանք առաջարկում են հայ ժողովրդին` մասնակցել ղարաբաղյան հարցի լուծմանը եւ նորից հիշեցնում. «Չէ՞ որ խաղաղության այլընտրանքը պատերազմն է»։
Մի շատ ակնբախ հակասություն կա Ադրբեջանի մտավորականության ներկայացուցիչների նամակում։ Ինչպես արդեն գրել եմ, տեքստի վերջում նրանք պահանջում են հակափաստարկներ չներկայացնել, մինչդեռ սկզբում խոսում են հակառակի մասին. «Մենք բերում ենք մեր փաստարկները՝ ամենեւին չհավակնելով, թե դրանք վերջին ատյանի ճշմարտություններ են, որովհետեւ ուզում ենք միասին գտնել խելամիտ ելք այս փակուղուց»։ Եթե միասին պիտի գտնենք, ո՞նց գտնենք առանց խոսելու։ Եթե պիտի խոսենք, ո՞նց կարող ենք խուսափել հակափաստարկներից։ Եվ վերջապես, եթե մարդիկ ուզում են մեզ ներքաշել խոսակցության մեջ, ինչո՞ւ են առաջարկում հարեւան երկրի ժողովրդին հանրաքվե անցկացնել գրավված վեց շրջանները վերադարձնելու հարցով։
Այս առաջարկից նաեւ կարելի է եզրակացնել, որ ադրբեջանցի ժողովրդին ներկայացնող մտավորականությունն արդեն հաշտվել է Ղարաբաղը չունենալու մտքի հետ, հակառակ դեպքում նրա ներկայացուցիչները չէին գրի «վերադարձնել Ղարաբաղը շրջապատող գոնե վեց շրջաններ» բառերը եւ շրջանների անունները թվարկելիս չէին մոռանա Լաչինն ու Քելբաջարը։
Ե՛վ Ադրբեջանում, եւ՛ Հայաստանում վաղուց արդեն հասունացել է պահանջը հասարակական առողջ երկխոսության, որտեղ զրույցները պետք է վարվեն փաստարկների ու հակափաստարկների, առասպելածին մտակաղապարների փլուզման եւ կենսունակ վերլուծությունների ճանապարհով։ Երկու կողմում էլ կան բավարար թվով մարդիկ, ովքեր պատրաստ են քաղաքակիրթ երկխոսության, բայց ամեն անգամ երբ մի հաջողված փորձ է լինում` երկու կողմում էլ գտնվում են հարյուր ու մեկ մտավորականներ, ովքեր փորձում են խառնել տասնութ տարի առաջ եփված ճաշը, որ կաթսան հանկարծ չվառվի։