Ո՞ր կուսակցությունն են նախընտրում հայերը

21/07/2006 Արմեն ՔՈՉԱՐՅԱՆ

2007թ. խորհրդարանական ընտրությունների մեկնարկը տրված է: Եվ այսօր ազգի քաղաքականացված հատվածը, հեքիաթների հերոսների օրինակով, կանգնած է մի կետում, որտեղից շատերի ճանապարհները բաժանվում են, եւ անհրաժեշտ է ընտրել ո՞ւր գնալ` ա՞ջ, ձա՞խ, թե՞ ուղիղ:

Այս պատմությունը հեքիաթների հետ ունի եւ նմանություն, եւ տարբերություն: Նմանությունն այն է, որ Հայաստանի «հերոսները», հեքիաթների հերոսների նման հասկանում են, որ յուրաքանչյուր ճանապարհ կարող է կործանարար լինել (կամ առնվազն պետք է հաղթես «վիշապին», որպեսզի չկործանվես): Իսկ տարբերությունը հետեւյալն է. նախ, այս պարագայում ամենեւին էլ պարտադիր չէ, որ բարին հաղթի չարին, եւ երկրորդ՝ այստեղ «մայրուղուց» դուրս եկող ճանապարհները ոչ թե երեքն են, այլ ավելի շատ:

Խորհրդային սերնդի դպրոցականները լավ կհիշեն Վ.Մայակովսկու «ԽպՎ ոօՑՖ?» բանաստեղծությունը, որտեղ հեղինակը բացատրում էր, որ վատ մասնագիտություն չկա եւ բոլոր մասնագիտություններն էլ պետքական են: Ուղղակի անհրաժեշտ է լավ մասնագետ լինել եւ սեփական գործը լավ կատարել: Եվ եթե հաշվի առնենք, որ այսօր Հայաստանում գրանցված ավելի քան 60 կուսակցություններից մոտ քսանը փորձելու են մասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին (որոնցից առնվազն տասը հույսեր ունեն, որ կհաղթահարեն բաղձալի 5 տոկոսը), բնականաբար շատերի մոտ հարց է առաջանում, ո՞ր կուսակցության անդամ դառնան, որ հաղթանակած դուրս գան այս բավականին «խուճուճ» իրավիճակից: Իսկ իրավիճակը խուճուճացել է այն պատճառով, որ անկախությունից ի վեր Հայաստանում առաջին անգամ ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ չկան հստակ ընդգծված բեւեռներ` իշխանական եւ ընդդիմադիր: Հետեւաբար առաջին անգամ կարող է ստացվել այնպես, որ իշխանական կուսակցության վրա հույս (կամ ավելի ստույգ՝ խաղադրույք) դնելով, տվյալ անձը կարող է պարտվել: Եվ ստացվում է այնպիսի մի իրավիճակ, երբ ողջ քաղաքական դաշտը ստիպված է աշխատել այն սկզբունքով, որով մինչ այժմ գործում էր միայն այդ դաշտի գործարար հատվածը: Այսինքն՝ «ձվերը դնել տարբեր զամբյուղներում», ինչը նույնն է, թե աշխատես տարբեր (այդ թվում նաեւ՝ իրարամերժ) ուժերի համար, որպեսզի գոնե ինչ-որ տեղ հաղթես: Նման իրավիճակը քաղաքական դաշտում ստեղծում է բրոունյան շարժում (մեր պատգամավորներից ներողություն եմ խնդրում իրենց համար անծանոթ բառ գործածելու համար), ինչն ավելի է լղոզում, առանց այն էլ չափազանց լղոզված քաղաքական ներկապնակը: Եվ եթե 2003թ. մենք զարմանում էինք, թե ինչպես կարող են ՀՀԿ-ն, ՕԵԿ-ը եւ ՀՅԴ-ն կոալիցիա կազմել, կամ ինչպես Ս.Դեմիրճյանը, Ա.Զ.Սարգսյանը, Վ.Մանուկյանը, Վ.Դալլաքյանը եւ, ասենք, Ա.Գ.Սարգսյանը կարող են մեկ ընդհանուր դաշինքում ընդգրկվել, ապա այս անգամ սպասվում են ավելի անհասկանալի եւ ավելի անիմաստ դաշինքներ (ամենահետաքրքիրն այն է, որ իշխանամետ, ընդդիմադիր եւ, այսպես կոչված, կենտրոնամետ կամ պետականամետ հատվածը, իմ կարծիքով, կգործի՝ «խառնենք կիսենք» սկզբունքով): Նախ՝ այն պատճառով, որ հասկանալի չէ, թե ով ո՞ր կուսակցությունից է «թռնում» եւ ո՞ր կուսակցություն է ուզում խցկվել, որպեսզի անցողիկ տեղ ունենա ապագա խորհրդարանում: Եվ երկրորդ՝ այսօրվա քաղաքական գործիչներից շատ-շատերը դեռ չգիտեն (եւ կարծում եմ, այդպես էլ չեն իմանա), թե իրենք ի՞նչ կուսակցության անդամ են` ա՞ջ, թե՞ ձախ, իշխանամե՞տ, թե՞ ընդդիմադիր, արեւմտամե՞տ, թե՞ ռուսամետ, լիբերա՞լ, պահպանողակա՞ն, թե՞ սոցիալիստական: Ինչպես ասում են հայերը՝ «լիշ բի» դառնան պատգամավոր:

Ինչ վերաբերում է մեր կուսակցություններին, ապա եթե ուղղակի ընթերցենք նրանց բոլորի ծրագրերը, առանձնապես ոչ մի արտառոց բան ոչ մի տեղ չենք հանդիպի: Այս առումով մեր կուսակցությունները «հեծանիվ» չեն հորինել եւ վերցնելով համաշխարհային պրակտիկայի դասական օրինակները՝ կամ այդ օրինակները նույնությամբ կրկնել են, կամ ներմուծելով ազգային որոշ առանձնահատկություններ, փորձել են դառնալ դասական կուսակցությունների ազգային ածանցյալներ: Սակայն, կարծում եմ, վերջին մի քանի նախադասությունը մեր այսօրվա քաղաքական դաշտի համար լրիվ անիմաստ բառակույտ է: Որովհետեւ ինչքան էլ տիկին Ալվարդ Պետրոսյանը ՀՀՇ-ին կոչ անի քաղաքական բանավեճ սկսել, ինչքան էլ նա ափսոսանք հայտնի, որ մեր քաղաքական դաշտում գաղափարական բաղադրիչը բացակայում է, հայաստանյան քաղաքական սպեկտորի բոլոր քայլերը մեզ համոզում են, որ վերոնշյալ քաղաքական բաղադրիչը, միեւնույն է օր, օրի ձգտում է հավասարվել զրոյի: Ընդ որում՝ ինչպես իշխանական, այնպես էլ ընդդիմադիր հատվածներում:

Իհարկե, ես լավատես եմ եւ համոզված եմ, որ այնուամենայնիվ հեքիաթի նման մեզ մոտ էլ բարին կհաղթի չարին (իհարկե, ոչ թե ամերիկյան happy end-ի օրինակով, այլ հայկական հեքիաթների): Իսկ դա իր հերթին նշանակում է, որ եթե ոչ այս, ապա հաջորդ ընտրություններում (իսկ դա հաստատ 2020 թվականից շուտ կլինի) յուրաքանչյուր հայ քաղաքական գործիչ ոչ միայն կկարողանա բացատրել, թե ինչի համար է ինքն ուզում դառնալ պատգամավոր, այլ ընտրվելուց հետո էլ այդ ինչուն բարեխիղճ կյանքի կկոչի: