Նենգափոխված կամ արժեզրկված գաղափար

21/07/2006 Արա ԳԱԼՈՅԱՆ

Մեր երկրում ամենաանհեթեթ զբաղմունքը հավանաբար պաշտոնական փաստաթղթեր կամ գրություններ ընթերցելն է: Անցած շաբաթ, դեպքերի բերումով, ես կրկնակի տրվեցի այդ անիմաստ զբաղմունքին: Նախ` ընթերցեցի «ՀՀ օրենքը եկամտահարկի մասին»: Հետո ծանոթացա «2005 թ. հաշվետու տարվա արդյունքներով ՀՀ պետական բյուջե երեք մլն դրամ եւ ավելի եկամտահարկ վճարողների (հարկային գործակալների) ցանկին»: Ցանկն անստորագիր հրապարակել է «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը: Այս փաստից ու ցանկի երկար անունից կարելի է ենթադրել, որ այն հեղինակել է հույժ կարեւոր որեւէ հիմնարկություն: Հենց սկզբից հարկավոր է բացառել, որ հեղինակը ՀՀ հարկային պետական ծառայությունն է: Որովհետեւ ՀՀ հարկային օրենսդրությունը, որպես կանոն, նախապատրաստվում է հենց այս կառույցում: Հարկային ծառայությունում տնտեսագիտական կրթություն ունեցող մարդիկ են աշխատում: Հետեւաբար, գոնե նրանք պիտի որ որեւէ դասագրքից կամ թեկուզ եկամտահարկի մասին օրենքից հիշեին, որ հարկային գործակալները եկամտահարկ չեն մուծում: 2000թ. ընդունված «Եկամտահարկի մասին» օրենքի 3-րդ հոդվածն ամրագրում է. «ՀՀ-ում եկամտահարկ են վճարում (հարկատու են) ՀՀ ռեզիդենտ եւ ոչ ռեզիդենտ ֆիզիկական անձինք»: Օրենքը հետագա հինգ ու կես տարվա ընթացքում 17 լրացում է ունեցել: Բայց ոչ մեկի մտքով չի անցել վերանայել այս դրույթը, որովհետեւ շուկայական տնտեսության մասին ցանկացած դասագրքում բացատրված է, որ եկամտահարկ մուծում են միայն ֆիզիկական անձինք: Հետեւաբար, այս ցուցակի հայտնությունն իսկ կամ նոր խոսք է լիբերալ տնտեսագիտության մեջ, կամ` վերադարձ սոցիալիզմի քաղաքատնտեսության: Եթե հիշողությունս չի դավաճանում, սոցիալիստական տնտեսությունը եկամտահարկ գանձում էր նաեւ կոլխոզներից (բացի ֆիզիկական անձանցից, որ աշխատավոր էին կոչվում):

Արեւմուտքում, սովորաբար յուրաքանչյուր երկիր հրապարակում է իրեն առավել խոշոր չափերով եկամտահարկ մուծող ֆիզիկական անձանց ցուցակը: Մոտ տասը տարի առաջ մեր հարեւան Թուրքիայում ամենախոշոր եկամտահարկ մուծողների ցուցակը գլխավորում էր մի հայ կին: Թե Հայաստանում, թե Սփյուռքում այս փաստը տխուր արձագանք ծնեց, որովհետեւ այդ տիկինը հասարակաց տների ցանցի սեփականատեր էր: Երեւի այդ փաստից ազդված, մեր երկրում որոշել են ֆիզիկական անձանց անունների փոխարեն հրապարակել իրավաբանական անձանց ցուցակ: Հետեւաբար` հայ հասարակությունն այդպես էլ չի իմանա, թե մեր գործարարների ազնիվ դասից ով է առավել սրտամոտ ընդունել կոռուպցիայի դեմ պայքարի մասին կառավարության հայտարարությունները: Ընդունել ու մեծ եկամտահարկ մուծել: Փոխարենը, պարզվում է, որ երեք մլն դրամից ավելի եկամտահարկ է մուծել հայաստանյան պետական ու մասնավոր 830 ձեռնարկություն: Որոշակի իմաստով այս ցանկը կարելի է համարել բարձր աշխատավարձ վճարող 830 ընկերությունների ցուցակ: Կամ էլ` ամենաշատ աշխատակիցներ ունեցող ընկերությունների ցանկ: Ցանկի առաջին տեղերը համընկնում են Հայաստանի 300 խոշոր հարկատուների ցանկի հետ: Բայց այս մեկում նրանց միջեւ տարբերություններն առավել նկատելի են: Առաջին տեղում Հայաստանի էլեկտրացանցերն են: Այս կազմակերպությունն իր աշխատակիցներից գանձել ու պետբյուջե է փոխանցել մեկ մլրդ 77 մլն. դրամ: Երկրորդն «ԱրմենՏելն» է` մոտ 700 մլն դրամ փոխանցումով, երրորդն էլ` «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»` 512 մլն դրամով: Հարյուր մլն դրամից պակաս մուծողների ցուցակը սկսվում է 35-րդ համարից: 307 համարից ներքեւ տեղ զբաղեցնող ընկերությունները 10 մլն դրամից պակաս եկամտահարկ են մուծել: Նրանցից առաջինը «Ջերմուկ գրուպն» է` իր 9,9 մլն մուծումով: 636 համարից հետո մինչեւ ցուցակի վերջ 4մլն դրամից պակաս եկամտահարկ մուծողներն են: Դժվար է ասելը` այս ցուցակի կազմումն ու հրապարակումը ինչ նպատակ է հետապնդում: 300 խոշոր հարկատուների ցուցակի հրապարակումն առաջին փորձերից հետո դրական արդյունք տվեց: Մամուլը մանրամասն վերլուծում է, թե որ գործարարի ձեռնարկությունը որերորդն է, ում է զիջում, ումից է առաջ: Գործարար տղերքը մի տեսակ թասիբի ընկան` ավելացնելով պետբյուջե մուծվող հարկերը: Բայց սա այդ դեպքը չէ: Իրավաբանական անձինք, որոնց հարկային օրենսդրությունը հարկային գործակալներ է անվանում, իրականում ոչ մի կապ չունեն եկամտահարկ կոչվող հարկատեսակի հետ: Նրանք պարզապես գործակալի նման գանձում են այդ հարկատեսակը ֆիզիկական անձանցից ու փոխանցում պետբյուջե: Այն տեղեկատվությունը, որ Հայաստանի էլեկտրացանցերը եկամտահարկ մուծողներից առաջինն է եւ ուղիղ 359 անգամ ավելի է մուծել, քան Վաղարշապատի ջուր օգտագործողների միությունը, ոչինչ չի նշանակում: Եթե անգամ հայտնի է, որ վերջինս բառացիորեն վերջին կազմակերպությունն է, որ 3 մլն դրամից ավելի եկամտահարկ է մուծել պետական բյուջե: Սրանով պարզապես հաստատվում է այն փաստը, որ մեր պետական-պաշտոնական փաստաթղթերն անիմաստ զբաղմունք է: Անգամ, օրենքի կարգավիճակ ունեցող փաստաթղթերը: Պաշտոնյաների բացատրությունները լսելը` նույնպես: Չե՞ք հավատում: Լսեք, օրինակ` ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Տիգրան Սարգսյանի բացատրությունները` տնտեսության վրա դրամի արժեւորման հետեւանքների մասին: