Պատգամավոր Հմայակ Հովհաննիսյանը՝ հետեւելով չինական օրացույցին, ըստ որի՝ Աքլորի տարին սկսվում է փետրվար ամսին, պատրաստվում է հենց այդ ամսին էլ բարձրանալ ԱԺ կտուր եւ կանչել բոլոր ավանդատուներին, որպեսզի նրանք գան ու շրջապատեն ԱԺ շենքը: Հիշեցնենք, որ փետրվար ամսին է խորհրդարանում վերստին բարձրացվելու ԽՍՀՄ Խնայբանկերում ավանդատուների ներդրած գումարների վերադարձման մասին հարցը:
Սակայն Հ. Հովհաննիսյանը ոչ թե պետք է ծուղրուղու կանչի, այլ «մարտական ձայներ արձակի», քանի որ, նրա իսկ հավաստմամբ, աքլորը կռվի ժամանակ ոչ թե ծուղրուղու է կանչում, այլ՝ մարտական ձայներ է արձակում: Իսկ թե ինչպիսին են լինում կռվի ժամանակ աքլորի արձակած ճիչերը, բոլորս կլսենք փետրվար ամսին՝ Հմայակ Հովհաննիսյանի կատարմամբ:
Այնպես որ՝ Հմայակ Հովհաննիսյանը ավանդատուներին կոչ է անում՝ Նոր տարին դիմավորել մարտական տրամադրությամբ։ «Նրանք պետք է իրենց գլխում ունենան ու հիշեն, որ սա Աքլորի տարի է, եւ այս տարվա ընթացքում հնարավոր է հասնել արդյունքի, եթե ցուցաբերեն այն մարտունակությունը, որը հատուկ է աքլորին, այդ էակին, որը միշտ նպատակասլաց է: Կա մի չտեսնված մարտական աքլորի նկար, ես այս տարին դիմավորում եմ՝ մտքիս ունենալով այդ աքլորի դիմանկարը»,- ավանդատուներին մաղթեց պատգամավորը: Հ. Հովհաննիսյանն ամենեւին էլ այն կարծիքին չէ, որ ինքն իր ստորագրահավաքով, որը մի քանի օր հետո տապալվեց՝ քվորում չապահովվելու պատճառով, Ամանորին շեմին հուսահատության մեջ գցեց առանց այն էլ հուսահատված ավանդատուներին: «Նրանք պետք է գիտակցեն, որ եթե մեկ մարդը կարողացավ այս հարցին տալ համազգային հնչեղություն եւ պարտադրել գործող իշխանություններին պարտավորություններ կրել, ուրեմն իրենք էլ պետք է մարտական լինեն ու մտածեն միայն հաղթանակի մասին, ոչ թե տրվեն հուսահատական տրամադրություններին»,- ավանդատուներին կոչ արեց Նոր տարին աքլորավայել դիմավորող Հմայակ Հովհաննիսյանը:
Վերջինս գտնում է, որ ինքը կարողացել է միայնակ հասնել նրան, որ իշխանության բոլոր ներկայացուցիչները մեկ-մեկ դուրս գան հեռուստաեթեր ու պարզաբանումներ տան: «Շատ անհավանական կթվա շատերին, երբ ասեն, որ մեկ մարդ կարող է իր նախաձեռնության միջոցով նման հաղթանակի հասնել: Եթե ինձ սկզբում ասեին, որ հնարավոր կլինի այդպիսի արդյունքի հասնել, ես ինքս զգուշությամբ կվերաբերվեի այդ ասողին եւ իր ասածին: Բայց, արի ու տես, որ ինձ հաջողվեց պատասխանատու բոլոր անձանց, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանին, ներքաշել այդ քննարկման մեջ եւ նրանցից կորզել պարտավորություն՝ փետրվար ամսին լուծել այդ հարցը: Իսկ թե նրանք ինչպես կլուծեն այդ հարցը՝ իրար կոկորդ կրծելո՞վ, թե՞ իրար ոչնչացնելու միջոցով, դա ինձ չի արդեն հետաքրքրում,- հայտարարեց պարոն Հմայակը՝ ավելացնելով,- ես ստիպեցի, որպեսզի նրանք՝ Գալուստը, Լեւոնը, Բալասանյան Սամվելը, վարչապետը, մեկառմեկ դուրս գան հեռուստաէկրաններ եւ հրաժարվեն այն հարաբերակցությունից, որի տակ իրենք էին ստորագրել եւ ոչ թե Հմայակ Հովհաննիսյանը: Ես նրանց ստիպել եմ, նաեւ վարչապետին, կանգնել էկրանի առջեւ ու իրենց թքածը լիզել»:
Ռոբերտ Քոչարյանը Վանաձորում հայտարարել էր, թե փետրվար ամսին կստեղծվի հարցն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով, եւ մեր դիտարկմանը, թե մինչ օրս ստեղծված նմանատիպ հանձնաժողովները(«Հոկտեմբերի 27»-ի գործով, Էներգետիկայի, «ԱրմենՏելի») արդյոք չե՞ն ապացուցել, որ դրանք հարցը սառեցնելու նպատակ ունեն միայն, եւ զուր են իր հույսերը, Հմայակ Հովհաննիսյանը պատասխանեց. «Ես միակն էի, որը վիճարկեց չքվեարկել (նաեւ «ԱՄ»-ն չի ստորագրել) այդ նախաձեռնությանը: Իրենք՝ իշխանություններն են 34 հոգով ստորագրել ու նախատեսել 1000 ռուբլու դիմաց՝ 30 ԱՄՆ դոլարի փոխհատուցում: Ես դա բնութագրեցի որպես ոչ արժանավայել, զավեշտական, մարդկանց վաստակի դիմաց մի աման բորշչի, ինչպես նշված է «Սլավյանսկի» ռեստորանի գնացուցակում, փոխհատուցում նախատեսող օրինագիծ: Այդ ռեստորանում կես աման բորշչը 30-50 դոլար է, իսկ իրենք ուզում են այդ մարդկանց տարիների վաստակը կես աման բորշչով փոխհատուցել: Եվ ես պարտավորեցրի նրանց՝ եթերից հայտարարել, որ իրենք դեմ են այդ հարաբերակցությանը: Հիմա ես փետրվարին իրենց կոկորդից բռնելու եմ, ավանդատուներին էլ հավաքելու եմ ԱԺ շուրջ, եւ միասին հարցը լուծենք: Ավանդատուներին էլ ասելու եմ՝ ժողովուրդ ջան, մեկ մարդն այդքան բան կարողացավ անել, հիմա դուք եկեք 2մլն 207 հազար ավանդատուներով միացեք ինձ, հասնենք առավելագույնի: Այնպես որ՝ ես փետրվարին սպասում եմ ու պահանջելու եմ հարցի լուծմանը, ոչ թե հանձնաժողովի ստեղծմանը:
Ինքս ասել եմ, որ հանձնաժողովները ստեղծում են հարցը սառեցնելու համար, ոչ թե լուծելու, դրա համար դեմ եմ դրան: Իրենք արդեն ստեղծել են նման հանձնաժողով ու հարցն ուսումնասիրել են, իսկ այս հանձնաժողովով իրենք պարտավորվում են հարցին լուծում տալ,- հայտարարեց Հ. Հովհաննիսյանը՝ խոստանալով,-ես պետք է իրենց քիթը կոխեմ իրենց ասածի մեջ»: