Ճիշտ է, այս տարի ավելի շոգ է, քան անցած տարիներին, բայց այդ հանգամանքը մեր հայրենակիցներին բոլորովին էլ չի ստիպել ավելի երկար հանգստանալ Սեւանի ափին: Հակառակը, այս տարվա աննախադեպ շոգը մեր հայրենակիցներին մեծ թափով քշեց դեպի Քաբուլեթի: Որքան էլ անտրամաբանական լինի, այնուամենայնիվ, Վրաստանի ծովափնյա այդ հանգստավայրն ավելի մատչելի է, քան Սեւանի հանգստյան գոտիները: Թեպետ կարծիք կա, որ վրացիներն ալարում են զարգացնել իրենց ծովափնյա գոտիները եւ նույն ալարկոտ տոնով էլ ասում են, թե իրենք անհանգստանալու պատճառ չունեն, որովհետեւ առաջիկա մեկ-երկու տարիների ընթացքում հարեւան հայերը կգան եւ իրենց փոխարեն կհոգան ծովափնյա տուրիզմի զարգացման հարցերը: Իհարկե, մենք ուրախ ենք, որ հարեւան վրացիները մեր հայրենակիցների հետ այդպիսի կառուցողական հույսեր են կապում, սակայն թաքուն անհանգստություն ունենք, որ հենց Քաբուլեթիում հայերը մասսայական գործունեություն ծավալեցին, հայաստանցիներն իրենց ամառային հանգիստն այնտեղ այլեւս չեն կարողանա անցկացնել: Ինչպես դա այսօր տեղի է ունենում մեր Սեւանում:
Իսկ ի՞նչ է կատարվում Սեւանի ափի հանգստյան տներում, որ այս շոգերին կիսադատարկ են: Առանձնապես ոչ մի լուրջ բան, ուղղակի վարձակալման գներն են շատ բարձր: Օրինակ, խորհրդային տարիներից մնացած ու հայտնի «Մոթել» հյուրանոցում 2 տեղանոց համարի օրավարձը 15.000 դրամ է, 3 տեղանոցը՝ 19.000 դրամ, իսկ լյուքս համարների յուրաքանչյուր օրն արժի 23.000 դրամ: Հնարավոր չէ որեւէ տրամաբանական բացատրություն գտնել, թե «Մոթելի» գներն ինչո՞ւ են այդքան բարձր: Այդ հյուրանոցը դեռ «խորհրդային» վիճակում է, եւ ներսից խորհրդային բուֆետի հոտ է գալիս: Նոր ժամանակների շունչ ո՛չ համարներից է զգացվում, ոչ էլ ընդհանուր սրահներից: Նոր են միայն գները: Ընդ որում՝ հանգստացողներն ասում են, թե «Մոթելի» գներն անցած տարվա համեմատ այս տարի գրեթե կրկնապատկվել են: Հյուրանոցի նոր գլխավոր հաշվապահ Նորիկը համաձայն չէր տարիներ շարունակ հանգստացողների այս դիտարկման հետ: Նա ասում է, թե իրենց մոտ գներն ընդամենը 4000 դրամով են բարձրացել: Դա էլ իր արդարացումն ունի, որովհետեւ գնել են նոր ու որակյալ սպիտակեղեն: Ճիշտ է՝ համարներում գունավոր հեռուստացույց, սառնարան, բաղնիք-զուգարան կա, բայց վիճակն այնքան լավ չէր, որ ասեիր՝ արժի մեկ համարի համար օրական 40-50 դոլար վճարել: Հիշեցնենք, որ այս գումարի մեջ մտնում է միայն սենյակում ապրելը եւ նախաճաշելը: Օրվա ընթացքում սնվելու հարցը հանգստացողն ինքն է լուծում մոտակա ռեստորաններում կամ էլ իր հետ է բերում՝ կապված իր գրպանի պարունակության հետ:
Ինչեւէ, հաջորդ հանգստյան գոտին այցելելուց հետո պարզեցինք, որ «Մոթելը» մյուսների համեմատ դեռ լավ է: «Արեւիկ» լողափում, որ բաժանված էր մի քանի մասերի եւ ուներ առանձին սեփականատերեր, կային նոր կառուցված փոքրիկ տնակներ, իսկ մեծամասամբ՝ աղետի գոտուց տեղափոխված մետաղյա տնակներ էին տեղադրված: Նոր կառուցվածները, որոնք լյուքս էին համարվում, մեկ օրվա համար 16-20 հազար դրամ էին պահանջում: Այս տնակներն ունեին 2 սենյակ, նաեւ հեռուստացույց եւ սառնարան: Իսկ մետաղյա տնակների օրավարձը 8-13 հազար դրամ էր: Ներսում էլ առանձնապես շքեղ կահավորանք չկար: Դե, ինքներդ պատկերացրեք, այդ տնակների կահույքը սեզոնը վերջանալուց հետո տեղափոխում են, իսկ սկսվելու ժամանակ նորից հետ են բերում: Պարզ է, որ հանգստացողներից ոչ մեկն այդտեղի առաջարկած սպիտակեղենից չի օգտվում, իսկ մահճակալ-սեղան-աթոռն էլ բավականին համեստ են: Էլ չասենք, որ 8-10 հազարանոց ծռմռված, բայց թարմ ներկած մետաղյա տնակները շատ նեղ են ու կահավորված են կահույք հիշեցնող կեղտոտ եւ հնամաշ սեղան-մահճակալներով: Բացի տնակներից, այս լողափերում վարձակալության են տալիս նաեւ բացօթյա տաղավարներ՝ բեսեդկաներ, որոնց 1 օրվա գինը 3000-5000 դրամ է: Այս դեպքում, պարզ է, որ գիշերները չեն մնում, գալիս են, լողանում են, խորոված են անում, հաց են ուտում եւ երեկոյան վերադառնում են: Ի դեպ, նման տաղավարների գնի մեջ է մտնում նաեւ խորովածի մանղալի եւ մեքենայի կայանատեղի վարձը:
Այս պայմաններում հանգստանալու համար, ասենք, 4 հոգանոց ընտանիքը, բացի տեղի վարձից, օրական միջինը 30 դոլար էլ պետք է ծախսի նաեւ սնունդի համար: Սա էլ այն դեպքում, երբ հանգստացողներն իրենք են պատրաստում իրենց ճաշը: Սակայն, կներեք անհամեստության համար, հայ կանայք մեծ ցանկություն ունեն ճաշ չպատրաստել գոնե հանգստանալու այս մի քանի օրերին: Ստացվում է, որ նրանք գալիս են ոչ թե հանգստանալու, այլ մի քանի օր լճում լողալու: Այդ դժգոհությունն անմիջապես զգացվեց տնակներում հանգստացող կանանց փնթփնթոցից: Նրանք իրենց ամուսինների հանգիստը հարամում էին, թե «գոնե մի շաբաթ էլ թող իրենց մատուցեն»: Բայց դե ոչ բոլոր ամուսինները կարող են իրենց կանանց համար նման շռայլություն թույլ տալ: Իսկ ովքեր կարող են, օրական սնունդի համար ծախսում են միջինը 100 դոլար: Եվ ստացվում է, որ Սեւանի ափին հանգստանալու համար անհրաժեշտ է ծախսել օրական նվազագույնը 50 դոլար, միջինը 100-150 դոլար:
«Մոթելի» եւ «Արեւիկի» միջեւ ընկած է նորակառույց հայ-չեխական համատեղ «Բոհեմյան Ռեսորդ» բավականին շքեղ հյուրանոցը: Հյուրանոցի այցեքարտի վրա կար նաեւ «Չեխական ավիաուղիների» գովազդը: Կարելի է եզրակացնել, որ հայ-չեխական ասածը անմիջական կապ ունի այս ավիաուղիների հայ եւ չեխ ներկայացուցիչների հետ: Նույնիսկ կարելի է եզրակացնել, որ այս հյուրանոցի հաճախորդների մի մասն էլ այդ ավիաուղիների ուղեւորներն են: Համենայնդեպս, այս հյուրանոցի աշխատակիցների հետ խոսելուց այդպիսի տպավորություն ստացանք: «Բոհեմյան Ռեսորդ» հյուրանոցում հիմնականում քոթեջներ էին: Բակում կար փոքրիկ լողավազան, որի շուրջը տեղադրված էին բազմաթիվ երկար բազկաթոռներ: Այսինքն՝ այցելուներն ավազի վրա պառկելուց բացի, կարող էին արեւահարվել նաեւ այդ բազկաթոռներին պառկած: Քոթեջները բավականին մաքուր էին եւ կահավորված էին համեմատաբար բարձրորակ կահույքով: Մյուս հանգստյան վայրերում նման «հարմարավետություն» չկար: Այս «Ճոխության» համար էլ «Բոհեմյան Ռեսորդ» հյուրանոցի գները բավականին բարձր էին՝ 1 տեղանոց համարի օրավարձը միայն նախաճաշով արժեր 29.000 դրամ, երկու տեղանոցինը՝ 42.000 դրամ, 3 տեղանոց կիսալյուքս համարի գինը 54.000 դրամ էր: Իսկ ամբողջ երկհարկանի քոթեջը կարելի էր մի օր վարձակալել 84.000 դրամով: Ասում են՝ գրեթե նույն գներն են «Հարսնաքար» հյուրանոցում, իսկ «Կապուտաչյա Սեւանում»՝ մի փոքր ավելի բարձր են: Այստեղ հանգստացողներն արդեն այնպիսի հնարավորություններ ունեն, որ հյուրանոցի վարձից բացի, օրական նվազագույնը նույնքան էլ սնունդի վրա են ծախսում: Այսինքն՝ նման «բարձրակարգ» հյուրանոցներում 1 օր հանգստանալու համար 400 դոլարից մինչեւ անսահմանափակ չափի գումար է ծախսվում:
Դրա համար էլ մերոնք գերադասում են մեկնել Քաբուլեթի: Այնտեղ նրանք հանգստանալու համար ավելի քիչ են ծախսում: Բացի այդ, Քաբուլեթի գնալը նաեւ ճանապարհորդություն է իր բոլոր անակնկալներով ու թարմություններով, եւ հետո՝ հանգստանում են ոչ թե լճի, այլ՝ ծովի ափին: Իսկ օրական $400 եւ ավելի գումարներ ծախսողների համար էլ Սեւանը քիչ է գայթակղիչ, նրանք նախընտրում են Հունաստանը, Կիպրոսը, Անթալիան, որտեղ հանգստյան պայմաններն ու ծառայությունը անհամեմատ բարձր կարգի են: Նրանք Սեւան կգան ընդամենը մեկ օրվա հաճույքի համար: Իսկ նման վերաբերմունքով Սեւանում տուրիզմ չի զարգանա:
Ահա թե ինչու են դատարկ Սեւանի ափի հանգստյան տները: Մեր հյուրանոցատերերի մի անտրամաբանական քայլերից մեկն էլ այն է, որ բոլորը միասին այս տարի իրենց գները բարձրացրել են: Ախր, տրամաբանական կլիներ, որ Քաբուլեթիի այս հոսքը Սեւան ուղղորդելու համար ճիշտ հակառակն անեին՝ էժանացնեին հյուրանոցների վարձերը: Բայց դժվար է գուշակել, թե հայի ետին գործարար խելքն ինչ է մտածել: Նրանք հավանաբար ուզում են իրենց ներդրումը մի սեզոնում հանել, իսկ Վրաստան մեկնողներին էլ ոչ թե լավ պայմաններով են գայթակղում գալ Սեւան, այլ վարչական լծակներով են ստիպում՝ գնացքի տոմս գնելիս են դժվարություններ ստեղծում, պարտադրում են երեխաների համար էլ անձնագրեր հանել, երբ մեր երկու երկրների մեջ նման ռեժիմ դեռ չի հաստատվել: Անձնագիր հանելու դեպքում էլ բյուրոկրատական բավականին մեծ քաշքշուկներ են առաջացնում: Այնպիսի վիճակ են ստեղծում, որ մեկնողը հոգնի այդ քաշքշուկից ու ստիպված գնա Սեւան: Բայց նույն ձեւով մենք հո չե՞նք կարող արտասահմանցիներին ստիպել գալ Հայաստան եւ հանգստանալ Սեւանում, Ծաղկաձորում կամ Ջերմուկում: Չէ՞ որ այցելողներն էլ են դժգոհում մեր առաջարկած պայմանների եւ գների անհամատեղելիությունից: Նրանցից շատերը հավանաբար հաջորդ տարի էլ չեն գա: