«Ժողովո՜ւրդ, դուրս հելե՛ք, Երեւանից լրագրող ա եկել»

21/07/2006 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Երեւանից մարդ գնալը գագարինավանցիների համար թերեւս արտառոց իրադարձություն է ու կապ չունի, թե ով է ոտք դրել իրենց բնակավայր. ցանկացած մեկին համարում են իշխանության «մարդ» ու աշխարհի դժգոհությունները, լուտանքները թափում գլխին: Երեւանից Գագարինավան գնացած մարդը նրանց համար այն մեղավորն է, որի պատճառով այսօր իրենք հայտնվել են թշվառ վիճակում: Պատշգամբներից կախված մարդիկ կայծակնային արագությամբ իջնում են բակ ու մեկը մյուսին հերթ չտալով` ներկայացնում իրենց սոցիալական ծանր վիճակը, ինչը կռվի առիթ է դառնում, քանի որ ամեն մեկն ուզում է իր ընտանիքի մասին պատմել ու սկսում են իրար կշտամբել: Գայի փողոցի բնակիչներն՝ աշխատանք չունենալու պատճառով «գժվում են»: Սովետական տարիներին Գագարինավանում 17-20 խոշոր գործարան է եղել, որտեղ աշխատելու համար շատերը տարբեր տեղերից տեղափոխվելու բնակություն են հաստատել այնտեղ: Ներկայումս գործարանները լուծարված-թալանված են, իսկ գագարինավանցիները մատնվել են սովի ու պարապուրդի:

1951թվին Արփա-Սեւան-Հրազդան թունելի կառուցումից հետո Պապին Հովհաննիսյանը բնակություն է հաստատել Գագարինավանում: «Մեզ աշխատանք ա պետք, աշխատասեր ժողովուրդ ենք, էլ չենք կարում սենց սոված-ծարավ ապրենք: Որ գալիս-գրում եք, մեր կյանքը դրանից փոխվում ա՞, ընթացք տալիս ե՞ք, թե՞ չէ: Դուք հըլը մեր շենքերի վթարայնությանը նայեք: Երկրաշարժից հետո պատերը լրիվ ճեղքվել են: Մի օր փուլ ա գալու գլխներիս»: Ասում են, որ երիտասարդները քոչում են Ռուսաստան աշխատելու, իսկ Գագարինավանում մնացել են ծերերն ու հաշմանդամները: Ոմանք՝ օրական 1000-1500 դրամով, հարակից գյուղերի բնակիչների համար անասնապահություն կամ հողագործություն են անում, իսկ ոմանց էլ «բանացնում», փող չեն տալիս: «Սաղ օրը սոված-ծարավ մարդուն բանցնում են, գիտեն, որ անճար են, քոծություն են անում, հետո էլ ընկնում գետնին, ուժը կորցնում են: Մեզ աշխատանք ա պետք»,- դժգոհում են գագարինավանցի ծերունիներն, ովքեր բակի տաղավարում ամբողջ օրն անգործությունից նարդի են խաղում:

«Խի՞, ա՛յ Քոչարյան, խի՞, ա՛յ բալես»

Գագարինավանի ծանր մթնոլորտի ազդեցությունը հաղթահարելը դժվար է, մարդիկ դժվար կենսապայմաններից չարացել են, ու նրանց համար լավ բան չկա: Սովետական տարիներից հետո նրանք կարծես ներկայիս իրականությունը դեռ չեն մարսել, քանի որ դեռեւս խոսում են «ռուբլի», «կոմիսիոն», «կլուբ» բառերով: Ասում են, որ անգործությունից ու անճարությունից շատերը դարձել են Եհովայի վկաներ կամ այլ աղանդների շարքերում են ընդգրկվել: «Շատերի ուղեղը խախտվել ա, հոգեկան հիվանդություն են ստացել»,- ասում է զայրացած մի տատիկ, ով այնքան վրդովված է մեր իշխանությունների անտարբերությունից, որ բղավելով է խոսում, ու թվում է, ուր որ է զայրույթին կփոխարինի բռունցքը: Նրա բարկությունը մեղմելու համար ընդունում եմ առաջարկը.

«Ես անգրագետ կնիկ եմ, բայց քեզ կասեմ, որ եկել ես, մի քիչ էլ խիղճ ունեցի, գրա, տար, թող կարդան: Քեզ բան չեմ ասում, դու մենակ մի հատ մտի իմ տուն ու մեր վիճակը տես»,- ասում է տատիկը, որի տան դուռը բացելուն պես սարսափից ոտքերդ թուլանում են: Մութ ու աննկարագրելի մռայլ պատերի ներսում միայն փալասներ են լցված, որոնք երեւի Սովետական տարիներից մնացած հին շորեր են: Տատիկը Լիդա Դանիելյանն է, ում խնդրում եմ, որ լույս վառի, քանի որ գրեթե ոչինչ չի երեւում: Լույսը վառում է ու մշուշոտ սենյակի կեղտակորույս անկողնու մեջ երեւում է մի ծերունի, որն ավելի շատ դիակի է նման, քան ողջ մարդու:

Լիդայի ամուսին Մայիսն է, ով մահամերձ վիճակում է եւ հաշտվել է դանդաղ մահվան մտքի հետ, չի դիմում բժշկի: Փտախտով հիվանդ է, չի կարողանում շարժվել, իսկ խոսքերից բառ հասկանալ հնարավոր չէ: 40 տարվա ամուսինները երեխաներ չունեն, միայնակ թոշակառուներ են, ովքեր ծերանում են անկողնու մեջ: «Խի՞ բալես, բայց խի՞, էս տարիքին, էս վիճակում ապրել կլինի՞: Ախր մենք էս երկրի համար սաղ կյանքներս աշխատել ենք: Ես ու բիձեն երեխեք էլ չենք ունեցել, մենակ աշխատել ենք, բայց խի՞, ա’յ Քոչարյան, խի՞, ա՛յ բալես»,- լացակումած ասում է Լիդա տատը, ում զայրույթն աստիճանաբար մեղմանում է ու ինձ ու Ռոբերտ Քոչարյանին սկսում է «բալես» ասել: Քոչարյանի անունը տալուց հետո, ասում է՝ «Ես ապրում եմ Գագարինավանի Գայի փողոցի 1-ին շենքի 38 բնակարանում: 19 տարի կով եմ կթել, 40 տարի բանվորություն եմ արել, բայց սենց անխղճություն… հիմա ծեր ենք, պետության հույսին ենք ու մեռնում ենք տեղաշորի մեջ»: Ասածն ապացուցելու համար հրամայում է 76-ամյա ամուսնուն. «Մայի՛ս, ոտդ բաց, թող երեխեն համոզվի, փտախտ ա, բալես: Ումուդ, դու հիմի դրա անձամբ ոտը կնկարես ու ցույց կտաս տելեվիզրով: Մայի՛ս, մի ամչնա, մեր երեխեն ա, բաց ոտդ, բաց մի վախի, թե չէ զոռով ես կբացեմ»: Մայիս պապը ոչ մի կերպ չի համաձայնում ոտքը բացել, պատերից բռնվելով կրկին գնում է դեպի մահճակալն ու փաթաթվելով սեւացած ծածկոցի մեջ` լուռ շրջվում է: Լիդա տատն ասում է՝ ձմռանը փայտը շալակած լաց լինելով տուն է եկել՝ ճանապարհին քաղաքապետ Մալխասյանը հարցրել է, թե, որտեղի՞ց այդ փայտը. «Ասի՝ անտառ եմ կտրել, Մալխասյան, որ բիձուս տաքացնեմ, բռնի-տար ինձ դատի, կորցնելու բան չունեմ: Ասե՛ց, մայրի՛կ, ի՞նչ կըլնի, մի՛ լաց, կօգնենք, որ գազ քաշեք, ու օգնեց: Մենք ենք էս վիճակին, բայց դու ջահելությանը տես, սաղ փախնում են Ռուսաստան, էն օրը 27 տարեկան տղու դիակը բերին, տոկը խփել էր աշխատելուց: Դադարգյուն արին երեխեքին: Էլի կգա՞ս մեր մոտ: Որ գաս, հաշվի քո տատիկի տունն ա»,- ասում է Լիդա տատն, ով վերջին անգամ 20 տարի առաջ է Երեւանում եղել:

Գագարինավանն օր ու գիշեր քնած է

Գագարինավանում ցերեկն ում դուռը թակում ես, անկողինը թափված է, ու մարդիկ պառկած են: Այստեղ մարդիկ պարապությունից օր ու գիշեր քնած են, եւ բոլորի մահճակալները փալասներով են պատված: 38 տարեկան Անդրանիկ Ներսիսյանի բնակարանը հիվանդանոցի տպավորություն է թողնում, քանի որ հյուրասենյակում, ննջարանում, պատշգամբում, ամենուր երկաթե, ջարդուխուրդ եղած մահճակալներ են դրված: Բոլորն էլ անկողնում են: 4 երեխաներին պահում է «Փարոսի» հատկացրած ամսական 28.000 դրամ գումարով: Ինչպես բոլոր գագարինավանցիներն, այնպես էլ նա` գործազուրկ է: 2 ամիս առաջ Անդրանիկն ուշաթափվել, ընկել է ջեռուցիչի վրա ու թեւերն այրել է: 4 դպրոցական երեխաների հագուկապը հնարավոր չէ նկարագրել: «Քաղաքապետարանից սկսած, մինչեւ վերջին ատյանն ում դիմում ես, ասում են՝ «Փարոս» եք ստանում, գնացե՛ք, ապրե՛ք դրանով»,- ասում է Անդրանիկը՝ վստահեցնելով, որ շատ ժամանակ երեխաները ցամաք հաց ուտելու հնարավորություն էլ չունեն: «Մեր կամիսիոնի աշխատողն իսկական բարեգործ ա, օրը 2 հաց պարտքով ցուցակ ա գրում, մինչեւ «Փարոսը» ստանանք, փակենք»:

Ոչ թե Գագարինավան, այլ գաղութավան

Լիանա Գրիգորյանի տանը լիքը փոքր երեխաներ կան, որոնց աղմուկ-աղաղակից Գագարինավանի քնած կյանքից մի քիչ սթափվում ես: Մտածում ես, որ այստեղ, այնուամենայնիվ, սերունդ է մեծանում, ու ժամանակը կանգնած չէ: Սակայն Լիանայի հետ զրուցելուց հետո էլ համոզվում ես, որ քաղաքակրթությունն ու աշխարհի զարգացումներն այս ավանի վրա ամենեւին չեն տարածվում:

Լիանան իր 6 երեխաներին էլ տանն է ծննդաբերել, իսկ 10 օրական Աննան աննկարագրելի փոքր չափեր ունի: «Ես հիվանդանոց չեմ գնում, որովհետեւ պայմաններն ինձ վախեցնում են: Փող են ուզում, իսկ ես փող չունեմ»,- ասում է բազմազավակ մայրն ու վստահեցնում, որ երբ Գագարինավանի բնակիչների երեխաների շորերը փոքրանում են՝ միմյանց խորհուրդ են տալիս դրանք տալ 6 երեխամայր Լիանային: Սկեսուրը՝ Իսվիրան, յուրահատուկ հպարտությամբ ասում է, որ տնային պայմաններում հարսի վերջին ծննդաբերությունն ընդունել է 10 օր առաջ. «Պորտալարը ես եմ կտրում»,- ասում է նա ու վստահեցնում, որ իրենք բնակվում են ոչ թե Գագարինավանում, այլ՝ գաղութավանում: Լիանայի տղան՝ Կարենը, հագուստ չունենալու պատճառով, առհասարակ դպրոց չի գնում, իսկ ավագ որդին՝ Նարեկը, ինձ ուղեկցելիս իրենց պայմաններից կաշկանդվելով` ասում է՝ «Տեսնո՞ւմ եք, գագարինավանցիներն ինչքան հոգսեր ունեն»:

«ՕԵԿ-ականը ձայների թիվը վեկալեց, թռավ»

Գագարինավանում բնակվում է 1900 մարդ, որոնցից մոտ 500-ն արտագնա աշխատանքի է մեկնել: 1988թ. երկրաշարժից տուժել են նաեւ այս ավանի բնակելի շենքերը: 3-րդ կարգի վթարային շենքերը լուրջ վտանգ են սպառնում բնակիչների կյանքի համար: Նրանց դիմումներին կառավարությունը պատասխանում է, թե համապատասխան գումարներ չկան, եւ դիմումներն ուղարկում է քաղաքապետարան: «Մեր քաղաքապետ Գեւորգ Մալխասյանն արդեն 4-րդ տարին է աշխատում եւ նախկին քաղաքապետի կուտակած 280մլն պարտքերն է հազիվ փակում»,- վստահեցնում է Գագարինավանի տարածքային բաժնի վարիչ Սուրեն Համբարձումյանը՝ ասելով, որ նախկինում Երեւանի բնակիչները հասնում էին Գագարինավան թվով 20 արդյունաբերական գործարաններում աշխատելու: Գագարինավանի բնակիչների աղքատությունը նա բնական է համարում, քանի որ ինքն էլ է հաստատում աշխատանք չլինելու հանգամանքը: «Դե՛, մարդիկ գործարաններն առել են, տակնուվրա են արել, բացի սեւանցի տղերքի բյուրեղապակու գործարանից, որտեղ ուրիշ արտադրություն են դրել: Էս ավանը գործարանների հիման վրա է կառուցվել, իսկ հիմա գործարաններն ավերվել են, մարդիկ ոչ գործ ունեն, ոչ էլ հող: Բայց շատ աշխատող մարդիկ են»,- նշում է Ս. Համբարձումյանը՝ իշխանություններին կոչ անելով Գագարինավանում աշխատատեղեր ստեղծել, այլապես մարդիկ չեն կարողանում գոյատեւել: Այս ընտրատարածքի պատգամավորը դեռեւս ՕԵԿ-ական Խաչիկ Պետրոսյանն է, ով ընտրություններից հետո երբեւէ չի հետաքրքրվել այս մարդկանցով: «Ընտրությունների ժամանակ եկավ, թե՝ էս կանենք, էն կանենք: Ձայների թիվը վեկալեց՝ թռավ»,- ասում են Խաչիկ Պետրոսյանի ընտրողները: