www.armenianow.com-ում եւ հետո «168 Ժամ» թերթի հուլիսի 11-12 համարում տպված իմ «Սեր եւ հավատարմություն». գաղտնի ամուսնություն վախի մթնոլորտում» նյութը, որ պատմում է երկու միասեռականների խորհրդանշական ամուսնության մասին, միանգամից դարձավ այլատյացների թիրախ։ Իհարկե անհեթեթություն եմ համարում ռեպորտաժի, տեղեկատվության, փաստի դեմ գրված տեքստերին պատասխանել, բայց քանի որ նրանցում բացահայտ ստեր կան, ստիպված եմ դրանք հերքել։
Այսպես, հուլիսի 12-ին «Ազգը» տպեց «Պիղծ սոդոմականություն է քարոզվում Հայաստանի մամուլո՞վ» տեքստը, որի մեջ հռետորական հարց է տրվում, թե ինչն է պատճառը այդ նյութը գրելու. «Մոդայիկ եւ առաջադեմ երեւալու մոլո՞ւցքը, թե՞ արտասահմանյան գրանտատուների պարգեւած 30 եւ ավելի արծաթը այնքան է կուրացրել հայաստանյան մի լրագրողի…» եւ այլն։ Եթե «Ազգի» լրագրողն ու խմբագիրը բավարար պրոֆեսիոնալիզմ դրսեւորեին, հռետորական հարց չէին տա ու կփորձեին գրել ճշմարտությունը։ Ստիպված ես եմ պարզաբանում. որեւէ գրանտ չեմ ստացել նյութի համար, այն հրապարակվել է armenianow-ում, որտեղ աշխատում եմ, եւ «168 Ժամում», որտեղից հոնորար եմ ստանում։ Իսկ armenianow-ն հովանավորում է Հայ բարեգործական ընդհանուր միությունը, որը հիմնադրել է եւ սերտ կապված է նրա հետ Ռամկավար-ազատական կուսակցությունը, որի անդամ է «Ազգի» խմբագիր Հակոբ Ավետիքյանը։
Բայց պետք է ասեմ, որ արտասահմանյան գրանտների դեմ խոսող թերթը մշտապես գրանտային ծրագրերի նյութեր է հրապարակում գրանտային վճարումների դիմաց։ Հենց հիմա, օրինակ, Հայաստանում աղքատության մասին պատմող հետաքննող լրագրողների նյութերը, որ գրանտով են գրվում, «Ազգը» հրապարակում է՝ այդ գրանտից գումար ստանալով, օրինակ «Ազգի» հուլիսի 11-ի համարում տպված «Գարշահոտը թույլ չի տալիս Գագարինավանի Գայի փող. թիվ 3 շենքի բնակիչներին բնակարանից գլուխը դուրս հանել» տողը տպելու համար «Ազգը» գրանտային փող է ստացել։
Եվ մեկ էլ, երբ 10 տարի առաջ իշխանությունը փակեց «Ազգը», եւ ես «Այժմ» թերթում մի շարք հոդվածներ գրեցի, թե ինչ անարդարություններ են եղել, եւ որ ճնշվում է խոսքի ազատությունը, Ավետիքյանը ինձ հարց չտվեց՝ 30 արծաթո՞վ, գրանտո՞վ, թե՞ մոդայի համար եմ գրել, այլ շնորհակալություն հայտնեց եւ հրավիրեց «Ազգի» վերաբացմանը կազմակերպած խնջույքին։
Մյուս նյութը հրապարակվեց միանգամից երկու տեղ, հուլիսի 13-ին, «Ազգում» եւ «168 Ժամում». «Ով է պատվիրում սեռամոլագարության…» տեքստը, որտեղ հեղինակ «Հայ արիների միաբանություն» կազմակերպության ղեկավար Արմեն Ավետիսյանը գրում է, թե ինքը երբ նստած է եղել Նուբարաշենի բերդում (քրեակատարողական հիմնարկ), ես «շքախմբով» այցելել եմ իրեն, որից հետո մամուլում բառ չեմ արծարծել ի պաշտպանություն իրեն եւ իր տված տեղեկատվությունը գործադրել եմ իմ նպատակի համար։ Բացարձակ սուտ է։ Ես ոչ միայն չեմ այցելել, այլեւ մտքիս ծերով էլ չի անցել այցելել նրան։
Ի դեպ, Ռուսաստանում «Ազգի» եւ «Հայ արիների միաբանության» տիպի կազմակերպություններն են տարբեր փոքրամասնությունների դեմ պայքարում (ազգային, կրոնական, մշակութային, սեռական ու, մասնավորապես, ծեծում ու սպանում են փոքրամասնության ներկայացուցիչներ հայերին)։
Բայց չարժի սրանց գործունեությանը անդրադառնալ։ Միայն կուզեի, որ «168 Ժամը» հանուն բազմակարծության ակամա ամեն ստախոսի ստեր տարածելու հնարավորություն չտար, քանի որ, կարծում եմ, մամուլի սկզբունքն է ճշմարտությունը հրապարակել եւ ոչ թե սուտը։