Ձեր թերթի սույն թվականի հուլիսի 13-ի, թիվ 77 (166) համարում Արմեն Ավետիսյանի հրապարակման մեջ ինձ առնչվող հատվածի կապակցությամբ ներկայացնում եմ հետեւյալ տեղեկությունը.
2005թ. հունվարի 24-ին «Հայ Արիական միաբանության» առաջնորդ Արմեն Ավետիսյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով (բռնություն գործադրելու սպառնալիքով ազգային, ռասայական կամ կրոնական թշնամանք հարուցելու համար) եւ դատարանի որոշմամբ նա ենթարկվել էր նախնական կալանքի:
Հաջորդ օրը` ըստ նրա համախոհների տարածած լուրերի, Ավետիսյանին տեղավորել են առանձնապես վտանգավոր ծանր հանցագործություններ կատարած ռեցիդիվիստների խցում եւ նրա նկատմամբ կիրառվել են բռնություններ:
Ավետիսյանի համախոհները դիմեցին ԱՆ քրեակատարողական հիմնարկների հասարակական դիտորդների խմբին, որի անդամ եմ ես, եւ մասնավորապես ինձ, խնդրելով այցելել «Նուբարաշեն» ՔԿՀ` կանխելու համար բռնությունները: Ես եւ դիտորդական խմբի անդամներ Միքայել Արամյանը եւ Միքայել Բաղդասարյանը նույն օրն այցելեցինք ՔԿՀ: Այնտեղ առանձնազրույցներ ունեցանք ինչպես Ավետիսյանի, այնպես էլ նրա հետ նույն խցում պահվող կալանավորների եւ հիմնարկի ղեկավարության հետ:
Մենք պարզեցինք՝
– համաձայն կանոնակարգի Ավետիսյանին տեղավորել են առաջին անգամ կալանավորվածների խցում,
– Հաջորդ օրը, նրա խնդրանքին ընդառաջելով, հիմնարկի ղեկավարությունը նրան տեղափոխել է այլ խուց,
– Ա.Ավետիսյանի նկատմամբ բռնություններ չեն կիրառվել։
Ավետիսյանի պայմանների վերաբերյալ տեղեկությունները ինչպես կարգն է հայտնել ենք միայն նրա համախոհներին:
Ինչ վերաբերում է առանձնազրույցների բովանդակությանը, ապա քանի որ դրանք կոնֆիդենցիալ բնույթի են, ինչպես այն ժամանակ, այնպես էլ այժմ` նպատակահարմար չենք գտնում հրապարակել:
Հարգանքներով` ԱՎԵՏԻՔ ԻՇԽԱՆՅԱՆ
Հայաստանի հելսինկյան կոմիտեի նախագահ