Թշնամի չկա, որ հաղթեմ

21/07/2006 Հարութ ՊԵՏՐՈՍՅԱՆ

Ռուբեն Թառումյան անունը հայտնի է շատերին, համենայնդեպս նրանց, ովքեր այս կամ այն կերպ առնչություն են ունեցել համակարգչային հայերեն տառաձեւերի հետ: Նա ստեղծեց իր տառատեսակները, «երբ համարյա ոչինչ չկար, բայց միանշանակ պահանջարկ կար»: Դրանք խորհրդային տարիներն էին:

«Մի օր ընկերս ասաց, որ Վահրամ Մխիթարյան անունով մի հետաքրքիր մարդ կա «Հայ Համակարգիչ» կենտրոնում, որտեղ զբաղվում են այդ գործով: Ես էլ կրթությամբ ճարտարապետ եմ եւ որոշակի փորձ ունեի, քանի որ հայրս էլ գրքի ձեւավորմամբ էր զբաղվում»,- հիշում է Ռուբենը։

Քանի որ շուկան գնալով ընդլայնվում էր, եւ առաջ էին գալիս նոր` երիտասարդ կադրեր, նա որոշեց թողնել ճարտարապետությունն ու լրագրությունը եւ զբաղվել միայն տառատեսակներ ստեղծելով: Բայց շատ արագ պարզեց, որ շուկա չունի. «Այսինքն` շուկան կա, այն իմն է, բայց ինձ չի ճանաչում: Այսօր դա է վիճակը»:

Շուկան, իրոք, մեծ է: Մոտավոր հաշվարկով` Հայաստանում տառատեսակների շուկան կարող է ունենալ մի քանի հարյուր հազար դոլարի տարեկան շրջանառություն: Հեղինակը վկայում է, որ դա կարող է պահել տասից ավելի հեղինակների, ովքեր ապրում են միայն այդ գործով:

Հիմա Ռուբեն Թառումյանը տառատեսակների օրինական օգտագործման հարցով դատական հայցեր է ներկայացրել մի շարք կազմակերպությունների դեմ։ Երբ նոր էր սկսում զբաղվել տառերի ձեւավորմամբ, պատկերացում չուներ, որ գործն այս ուղղությամբ է ընթանալու: «Նույնիսկ մինչեւ «Հեղինակային իրավունքի մասին» օրենքի ի հայտ գալը որոշ մարդիկ հասկանում էին, որ դա ապրանք է, դրա վրա ջանք է թափվել, որ դա ինչ-որ բան արժե»,- ասում է նա։

Եթե սկզբում օրինականորեն ձեռք բերելու միտումներ կային, ապա հետագայում շատերը որոշեցին «գողանալ» տառատեսակները: «Ինչ-որ պահից սկսած` ես հասկացա, որ եթե շուկայական նույն գներով իմ արտադրանքը գնահատվեր օրենքի շրջանակներում, ապա ես կարող էի այսօր միլիոնատեր լինել»,- ասում է Ռուբենը: Ռուբեն Թառումյանն իրեն համարում է կողոպտված միլիոնատեր, եւ այնպես վարպետորեն կողոպտված, որ երբեւէ չի տեսել այդ փողերը:

Հեղինակը մի շարք դատական գործեր շահել է, մի քանիսն էլ դեռ ընթացքի մեջ են, այդ թվում` «Մարիաննա» կաթնամթերքի, «Սամհար» ջրեր արտադրողի, ինչպես նաեւ` «Ջերմուկ Գրուպ»-ի դեմ ներկայացրած նրա հայցերը: «Մարիաննա»-ի դեպքում գործն առաջին ատյանի դատարանում է, եւ վճիռը դեռ չի կայացվել: «Սամհար»-ի դեպքում առաջին ատյանը որոշում է կայացրել ի վնաս հեղինակի, եւ գործը հիմա Վերաքննիչ դատարանում է: Իսկ «Ջերմուկ Գրուպ»-ի դեպքում Վերաքննիչ դատարանի որոշումը հեղինակի օգտին է, սակայն «Ջերմուկ Գրուպ»-ը որոշել է բողոքարկել Վճռաբեկ դատարան:

Այնպես որ, յուրաքանչյուր ոք կամ կազմակերպություն տառատեսակներ օգտագործելու համար պետք է ամեն անգամ թույլտվություն ստանա հեղինակից: «Այդ թույլտվությունը վճարովի կլինի, թե ոչ, որոշակի դեպքը ցույց կտա: Կան շատերն, ովքեր աշխատում են իմ բանավոր թույլտվությամբ: Կան այնպիսիք, ովքեր չեն հարցրել թույլտվություն, բայց, լինելով բավական մոտիկ գործընկերներ, ենթադրում են, որ դա բնական է»: Սակայն Ռուբենը գտնում է, որ դա այնքան էլ բնական չէ. անկախ նրանից` անհատ է, թե կազմակերպություն, պիտի վճարի: «Զգալի մաս կա, որ, հայերեն ասած, ճկափողի (ռետինե խողովակ-Հ. Պ. ) տեղ են դնում իրենց, մի ինչ-որ չնչին մասն էլ` գիտակից մասը, վճարում է»:

Հեղինակին ավելի շատ դուր են գալիս այն մարդիկ, ովքեր խախտում են արել եւ, ներում խնդրելով, վճարում են, քան նրանք, ովքեր նախօրոք գալիս են եւ ուզում են գնել տառատեսակները: Ըստ նրա` վերջինների դեպքում մի քիչ ցուցամոլություն կա. նրանք այնպես են պահում իրենց, թե տեսեք` մենք ինչ լավն ենք: «Բայց դու լավը չես, դու նորմալ ես: Լավը կլինեիր, եթե, օրինակ, իմանայիր, որ դա Հայաստանի, հայ մշակույթի համար կարեւոր բնագավառ է եւ, ասենք, դրամաշնորհ տայիր, որ ինչ-որ խնդիրներ լուծվեին, իսկ դրանք շատ են: Նման բան ոչ մեկը չի ասում»,- ավելացնում է Թառումյանը:

Չնայած այն փաստին, որ այսօր Երեւանում կա առնվազն 300 կազմակերպություն, որոնք այս կամ այն կերպ առնչվում են տառատեսակների հետ (գովազդային գործակալություններ, հրատարակչություններ, տպարաններ), դրանց չնչին տոկոսն է վճարում: Հարց է առաջանում. իսկ ո՞վ պետք է վճարի` նա, ով օգտագործո՞ւմ է, թե՞ նա, ով պատվեր է տալիս: Ռուբեն Թառումյանի համար միեւնույն է, թե ով կվճարի: Բնականն այն է, որ պիտի վճարի նա, ում համար դա գործիք է:

Վերադառնալով դատավարություններին` հեղինակը համոզված ասում է, որ օրենքն իր կողմն է։ Եթե նա է ստեղծել այդ ապրանքը, ուրեմն դրա դիմաց պիտի վճարեն: «Երբ սկսում էի այս դատական գործերը, ես ուրիշ պատկերացում ունեի այս ամենի մասին: Ինձ թվում էր, որ եթե ես մի երկու կազմակերպության հաղթեմ, մյուսները կհասկանան, որ օրենքն իրականում աշխատում է, եւ կնախընտրեն քաղաքակիրթ եղանակներով ձեռք բերել տառատեսակները։ Պարզվեց, սակայն, որ մարդկանց համար վճարելը վիրավորական է»:

Ռուբենն այն կարծիքին է, որ հեղինակը չպետք է զբաղվի իր ապրանքի վաճառքով կամ պաշտպանությամբ: Հեղինակը պետք է ստեղծագործի:

Ներկայումս հեղինակային իրավունքի պաշտպանությամբ զբաղվում են «Հայ հեղինակ» եւ վերջերս ստեղծված «Հայ տառաստեղծների միավորում» կազմակերպությունները:

Նա իր մտահոգությունը հայտնեց նաեւ վերջերս երեւանյան թերթերից մեկում տպագրված մի հոդվածի կապակցությամբ, որտեղ ասվում էր, որ նա ինչ-որ մեկին հաղթում է կամ վատ վիճակի մեջ է գցում: «Թշնամի չկա, որ ես ինչ-որ մեկին հաղթեմ: Տվյալ դեպքում ես ու «Ջերմուկ Գրուպ»-ն ընդհանուր գործ ենք անում: Նա ապրանք է արտադրել, վաճառվում է, եւ դրա մեջ կա նաեւ իմ լուման: Այս ամենը չպիտի ընկալվի այնպես, թե մեկը մյուսին հաղթում է կամ «քաշում»: Այդպիսի բան չկա: Ես խնդիր չունեմ որեւէ մեկի հետ պատերազմելու»:

Ռուբեն Թառումյանը լավատես է եւ գտնում է, որ այնպիսի փոքր երկրում, ինչպիսին Հայաստանն է, ավելի հեշտ է հասնել օրինականության, որովհետեւ բոլորը բոլորին գիտեն, եւ այն վերացական հասկացությունը, թե «քո ազատությունը վերջանում է այնտեղ, որտեղ սկսվում է ուրիշինը», ըստ նրա, այստեղ անմիջականորեն իրագործելի է:

www.hetq.am