Հայտնի մարդկանց կյանքը գուցե ինչ-որ կերպ տարբերվում է մնացած մարդկանց ապրելաձեւից: Բոլորը խոսում են նրանց մասին, սիրում կամ չեն սիրում, երկրպագում կամ նախանձում են նրանց: Այս ամենը հայտնի մարդկանց, իհարկե, երբեմն բարկացնում, երբեմն հաճոյացնում, երբեմն էլ խանգարում է: Ինչեւէ, նրանք հայտնի են ու ստիպված են հաշտվել այս ճակատագրի հետ: Իսկ նրանց ծնողները, կանայք, ամուսինները, ովքեր ավելի շատ են հայտնվում կողմնակի աչքի ուսումնասիրությունների կիզակետում, ստիպված են հանդուրժել այս ամենը: «Գիտե՞ս, այս կինն այսինչի կինն է»,- նմանատիպ արտահայտությունները թերեւս արդեն հոգնեցրել են վերջիններիս, հատկապես, եթե նրանք էլ անհատականություն են:
Տաթեւիկ Մարգարյանին միշտ ներկայացրել են որպես «Արթուր Ութմազյանի տիկին»: Թեպետ դա երբեք չի ճնշել Տաթեւիկի անհատականությունը, սակայն, երբ հայտնի մարդու տիկինը պակաս հայտնի գործեր չի անում, կարելի է երբեմն նրան ներկայացնել այլ կերպ՝ «Արթուրն է Տաթեւիկ Մարգարյանի ամուսինը» (հուսանք, որ Արթուրը մեզանից չի նեղանա):
Ա. Ութմազյանը, լինելով շատ երիտասարդ աղջիկների սիրահարության առարկան, հանկարծ ամուսնանում է մի աղջկա հետ, ում մասին ոչինչ չգիտի արվեստասեր հասարակությունը: Նրանք արդեն ապրում են 20 տարի, իսկ Արթուրի երկրպագուները ոչինչ չգիտեն ինկոգնիտո աղջկա մասին: «Ո՞վ էր այդ աղջիկը, որ մեր ձեռքից տարավ Արթուրին»,- թերեւս մտածեցին ժամանակին Արթուրին սիրահարված աղջիկները:
Դիզայներ Տաթեւիկ Մարգարյանն ավարտել է Երեւանի Մանկավարժական ինստիտուտի նկարչագծագրական ֆակուլտետը: Սովորել է նաեւ կարուձեւի խորացված կուրսերում: 1985 թ. ամուսնացել է դերասան Արթուր Ութմազյանի հետ: Ունի մեկ դուստր՝ Հրաչուհին: Այսօր դասավանդում է Մ.Մաշտոցի անվան Համալսարանում եւ Բաց Համալսարանում: Չի սիրում, երբ խանգարում են աշխատելիս, ամուսնու մեջ ամենաշատը գնահատում է նվիրվածությունը:
– Որքա՞ն ժամանակ եք զբաղվում դիզայներությամբ, կարուձեւով:
– 4 տարեկանից: Գործում էի, հյուսում էի: Մամաս շատ գեղեցիկ կարում էր, պապաս փայտի գործեր էր անում: Երեւի ժառանգել եմ: Չնայած ավարտել եմ անգլիական դպրոց, հեռանկար ունեի լեզվաբան դառնալ, բայց ուղղակի խենթի պես սիրել եմ այս գործը:
– Առաջիններից եք եղել, որ համազգեստի հասկացությունն եք մտցրել մեր սրճարաններում, ռեստորաններում:
-Առաջին լուրջ պատվերը եղել է մի հրեայի կողմից: Նա Ջերմուկում առողջարանային համալիր էր ուզում ստեղծել ու ինձ պատվիրեց ամբողջ հյուրանոցի սպասարկման անձնակազմի հագուստը կարել: Թեպետ համալիրը չգործեց հետագայում, բայց իմ կարած հագուստները օգտագործվեցին այլ ռեստորաններում: «Մոսկվա» ռեստորանի բացման համար ինձ պատվիրեցին սպասարկող անձնակազմի հագուստներ: Հիմա հիմնականում զբաղված եմ Հրաչուկի բեմական հագուստները կարելով: Նաեւ ինձ տեքստիլ դիզայնն է շատ հետաքրքրում՝ բարձեր, ծածկոցներ, որոնք բավականին լավ սպառում ունեն այսօր:
– Ովքե՞ր են հիմնական գնորդները:
– Հայրենադարձ զբոսաշրջիկները: Կան նաեւ տեղացիներ:
– Հայտնի մարդիկ պատվիրո՞ւմ են:
– Քչերը (անուններ չնշեց,-Ա.Մ.):
– Հիմնականում ի՞նչ կտորեղեն եք օգտագործում:
– Թավշակտոր՝ զամշ, որը ես օգտագործում եմ ապլիկացիաների ձեւով: Ապլիկացիաների համար հիմնականում հայկական կարպետների նախշերն եմ օգտագործում, փորձում եմ պահել նաեւ գունային գամման: Ժամանակին 35 կոպեկանոց ակնոցի տուփեր կային, ես դրանից շատ էի գնել ու մինչեւ հիմա օգտագործում են նախշերի համար: Օգտագործել եմ նաեւ կարտոֆիլի պարկը:
– Լավ կտորեղեն կա՞ Հայաստանում:
– Նախկինում շատ ավելի լավ կտրողեն կար: Հիմա թեպետ տեսականին շատացել է, բայց բնականը քիչ է: Իսկ բնականի հետ աշխատելը շատ ավելի հետաքրքիր է:
– Դժվար չէ՞ բաժանվել ստեղծածիցդ, հատկապես, երբ այն շատ է դուր գալիս:
– Շատ դժվար է: Հատկապես երեւի սխալ եմ անում, բայց երբեք կարածս հագուստի վրա իմ պիտակը չեմ կպցրել, այսինքն` անստորագիր եմ թողել: Հետո իմանում էի, որ արտասահմանից են գնել: Փողոցում անընդհատ փնտրում էի իմ կարած հագուստը ու մի անգամ շատ պատահական տեսա իմ կարածի կրկնօրինակը:
– Մարդիկ այս գործով մեծ գումարներ են աշխատում: Ավելի ստույգ պիտակավորված հագուստը՝ Վերսաչի, Գուչի եւ այլն, գների մեծ տարբերությամբ են վաճառվում: Փաստորեն, դուք չունեք այդ պիտակը, բայց գոնե ստացվո՞ւմ է լավ գումար աշխատել այս գործով:
– Իհա’րկե հնարավոր է, բայց ես կարծում եմ, որ եթե աշխատանքը հավանում է ինքը` կատարողը, արդեն ոչ մի անուն, ոչ մի գումար պետք չի: Կարեւորը, որ ինքը՝ արվեստագետը, իր արածը արժեքավորի: Դիզայների աշխատանքը ներկայացման նման մի բան է, այսինքն` միշտ գտնում է իր սպառողին: Առաջին մի քանի տարին ստեղծագործողն է ստեղծում իր անունը, հետո անունն աշխատում է իր համար:
– Հայտնի ընտանիքն ինչպե՞ս է արձագանքում ձեր աշխատանքին:
– Թիվ մեկ քննադատը Արթուրն է, երկրորդը՝ Հրաչուկը: Ու, ամենակարեւորը, Հրաչուկս սիրում է կրել իմ կարած հագուստը, դա ինձ համար մեծ գնահատական է, քանի որ նա հագնում է այն նաեւ կենցաղում` դասի գնալիս:
– Իսկ Արթուրը չի՞ օգտվում ձեր հագուստից:
– Բեմականից՝ ոչ, բայց կենցաղայինից լավ էլ օգտվում է:
– Արթուրին սիրահարված են եղել շատ աղջիկներ, կողմնակի կանանց սերը դեպի ձեր ամուսինը չի՞ խանգարել ընտանեկան հարաբերություններին:
– 20 տարի մենք արդեն միասին ենք, գումարած` երկու տարի հանդիպել ենք ամուսնանալուց առաջ, թո’ւ, թո’ւ, թո’ւ, դեռ խանդելու առիթ չի եղել: Մեր հանդիպման հենց առաջին օրից ես Արթուրի կողմից ուշադրությամբ եմ շրջապատված եղել:
– Դժվար չէ՞ ապրել հայտնի մարդկանց շրջապատում՝ հայտնի ամուսին, հայտնի սկեսուր, արդեն հայտնի դուստր: Դա ձեր անհատականության վրա ստվեր չի՞ գցում:
– Մենք բնույթով շատ տարբեր մարդիկ ենք, ինքն ավելի հողին կպած է, ես` թռչող: Բացի այն, որ Արթուրը հետաքրքիր արվեստագետ է, նա նաեւ շատ նորմալ մարդ է, առանց արվեստագետի բզիկների: Իր հետ ապրելը շատ հանգիստ է: Մեր միջեւ կա 12.5 տարվա տարբերություն, նա հայտնի մարդ է, բայց երբեք իմ անհատականությունը չի ճնշել: