Ըստ «Ազատություն» ռադիոկայանի, Մոսկվայի քաղաքային դատարանը երեկ մերժել է ՅՈւԿՕՍ-ի փոխնախագահի պաշտոնակատար Վասիլի Ալեքսանյանի փաստաբանների հայցը՝ փոխել Ալեքսանյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը: Դատարանը, այսպիսով, օրինական է ճանաչել Մոսկվայի Բասմաննի շրջանային դատարանի վճիռը, ըստ որի՝ Ալեքսանյանը կալանքի տակ կմնա մինչեւ սեպտեմբերի 2-ը: «Առաջին ատյանի դատարանը հաշվի չի առել, որ Ալեքսանյանը տառապում է ծանր հիվանդությամբ»,- դատական նիստից առաջ ասել էր փաստաբաններից Գեւորգ Դանղյանը: Ռուսաստանի գլխավոր դատախազությունը Վասիլի Ալեքսանյանին մեղադրում է դրամական միջոցները «լվանալու եւ օրինականացնելու», գույքի յուրացման մեջ: Մասնավորապես, նա մեղադրվում է «Տոմսկնեֆտ» ընկերության բաժնետոմսերի եւ գույքի (12 միլիարդ ռուբլի՝ ավելի քան 400 միլիոն դոլար) հափշտակման մեջ: Հուլիսի 14-ին նրան ներկայացվել է նոր՝ հարկերի վճարումից խուսափելու մեղադրանք: Ալեքսանյանը հերքում է բոլոր մեղադրանքները: