«Մեծ ութնյակի» (G8) սամմիթի նախօրեին ՌԴ-ի քաղաքական շրջանակներում ծավալվել էր քննարկում` թե արդյոք Արեւմուտքը պատրա՞ստ է հավասար հարաբերությունների Ռուսաստանի հետ: Նույն օրերին ԱՄՆ-ի փոխնախագահ Դիկ Չեյնին հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է ընտրություն կատարի` վերադառնալ ժողովրդավարությա՞նը, թե՞ գնալ սեփական ուղիով:
Խոսքերը մնում են խոսքեր, իսկ ՌԴ-ն ոչ միայն անդամակցում է «Մեծ ութնյակին» (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա, Կանադա եւ Ռուսաստան), այլեւ այս տարի ստանձնել է նախագահողի դերը: Սամմիթի մեկնարկից առաջ Պուտինը հրավիրեց մամլո ասուլիս, որտեղ հայտարարեց. «Չկա այլեւս ԽՍՀՄ-ը` քարտեզի վրա Ռուսաստանն է», եւ այնուհետեւ ասաց, որ դժվար է պատկերացնել աշխարհի տնտեսական եւ անվտանգության խնդիրների լուծումն առանց Ռուսաստանի:
«Ընկերների» հանդիպումը
ԱՄՆ-ի նախագահ Բուշը եկավ Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատ բոլոր մասնակիցներից մեկ օր շուտ. նպատակը ակնհայտ էր` երկկողմանի բանակցություններում քննարկել եւ «հանել» բազում հարցեր, ինչը կթեթեւացներ «Ութնյակի» աշխատանքը: Դժվար է դատել, թե ինչքանով հանգիստ են ընդունել նման «երկակի ստանդարտը» «Ութնյակի» մնացած անդամները: Ինչեւիցե, վաղեմի «ընկերներ» Բուշը եւ Պուտինը բանակցեցին էներգետիկայի, Մերձավոր Արեւելքի կացության եւ Առեւտրի համաշխարհային կազմակերպությանը ՌԴ-ի անդամակցության հարցերի շուրջ: Վերջին հարցով կողմերը դեռ համաձայնության չեն եկել: Օրվա վերջում կայացած համատեղ ասուլիսում Բուշը մասնավորապես ասաց. «Վլադիմիրը չի ցանկանում, որ իրեն ասեն, թե ինչ անել սեփական երկրում», «Ռուսաստանում կա ժողովրդավարություն, բայց այն յուրահատուկ է»: ԱՄՆ նախագահն ասաց նաեւ, որ Իրաքում, օրինակ, զարգանում են ժողովրդավարական ինստիտուտները, ինչին Պուտինը քմծիծաղով պատասխանեց, որ «Մենք չենք ուզում այնպիսի ժողովրդավարություն, ինչպես Իրաքում է: Մենք ամեն ջանք կգործադրենք սեփական ժողովրդավարական ինստիտուտները զարգացնելու համար»: «Մենք այլեւս չենք մասնակցի խաչակրաց արշավանքներին եւ սրբազան միություններին»,- հավելեց Պուտինը: Բուշը համաձայնեց հրաժարվել Իրանի Բուշերի ատոմակայանի քննադատությունից` այն պայմանով, որ Ռուսաստանում կստեղծվի ուրանի հարստացման հատուկ կենտրոն: Երկու նախագահները դիմեցին մերձավորարեւելյան կոնֆլիկտի կողմերին` անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները եւ սկսել խաղաղ բանակցություններ:
G8 սամմիթի հիմնական արդյունքները
«Մեծ ութնյակի» հանդիպումը սկսվեց հուլիսի 15-ին վերանորոգված Կոնստանտինովյան պալատում եւ տեւեց 3 օր (հուլիսի 15-17): Ինչքան էլ ուշ ավարտվեին քննարկումները, Վլադիմիր Պուտինը, որպես նախագահող, հանդիպում էր լրագրողների հետ եւ պատմում «Ութնյակի» աշխատանքի մասին: Հանդիպմանը քննարկվեցին բազում հարցեր եւ ստորագրվեցին 12 փաստաթղթեր` մասնավորապես, ինֆեկցիոն հիվանդությունների դեմ պայքարի, էներգետիկ անվտանգության, ահաբեկչության դեմ պայքարի մասին, հայտարարություն Մերձավոր Արեւելքի վերաբերյալ: «Կրթությունն ինովացիոն հասարակությունների համար XXI դարում», «Առեւտուր», «Պայքար ինտելեկտուալ ծովահենության եւ կոնտրաֆակտ արտադրության դեմ», «Պայքար բարձր մակարդակում կոռուպցիայի դեմ», «Աֆրիկայի հետ աշխատանքի մասին»: Ընդունվել է նաեւ հռչակագիր համագործակցության, կայունացման եւ վերականգնման ապագա գործողությունների մասին:
«Ութնյակի» երկրները կոչ են հղել Հյուսիսային Կորեային` վերսկսել հրթիռների արձակման մորատորիումը եւ հրաժարվել միջուկային ծրագրերից:
Չնայած սուր միջազգային ճգնաժամերի առկայությանը, սամմիթի կենտրոնական թեման մնում էր էներգետիկ անվտանգությունը: Այդ հարցով ընդունված հայտարարության մեջ հավանություն է տրվում Մոսկվայի առաջարկությանը` ստեղծել միջազգային կենտրոններ միջուկային վառելիքի հարստացման եւ վերարտադրման համար: Շեշտված է բոլոր երկրների իրավունքը` օգտագործել խաղաղ ատոմի էներգիան: «Մենք արտահայտում ենք հավատարմությունը գլոբալ էներգահամակարգի անվտանգության ապահովման նպատակին եւ աշխատելու ենք նրա խոցելի կողմերի բացահայտման ուղղությամբ»,- ասվում է փաստաթղթում:
Հայտարարություն Մերձավոր Արեւելքի վերաբերյալ
G8 սամմիթը տեղի էր ունենում Մերձավոր Արեւելքում ծավալվող պատերազմական գործողությունների ֆոնի վրա: Այս հարցով հայտարարության մեջ «Ութնյակի» լիդերները կոչ են արել անհապաղ դադարեցնել բռնությունն այդ ռեգիոնում: Այնուհետեւ պահանջվում է դադարեցնել ահաբեկչական ակտերը Իսրայելի դեմ, բայց մյուս կողմից էլ` կոչ է արվում Իսրայելին` մաքսիմալ զգուշություն ցուցաբերել, որպեսզի չտուժի «ոչ մի մեղք չունեցող խաղաղ բնակչությունը» եւ քաղաքացիական օբյեկտները: Վլադիմիր Պուտինը հայտարարությունն անվանեց «բալանսավորված», նա ասաց, որ փաստաթուղթը հավասարակշռված է Ռուսաստանի դիրքորոշման շնորհիվ` հակառակ դեպքում մենք «ապրիորի կմեղադրեինք որոշ պետությունների` ահաբեկչության մեջ» եւ դրանով իսկ «կկտրեինք հնարավոր շփումների պորտալարը»: Ինչ վերաբերում է «Հըզբոլլահի» հետ բանակցությունների հնարավորությանը, Պուտինի կարծիքով, երկխոսություն պետք է վարել այն քաղաքական ուժերի հետ, որոնք կարող են ազդել իրավիճակի եւ սեփական ժողովրդի վրա, այլ ոչ թե նրանց հետ, որոնք դուրեկան են որպես պարտնյոր:
G8-ը որոշել է հատկացնել $20 միլիարդ` զանգվածային ոչնչացման սպառազինությունների տարածման դեմ պայքարի համար (մինչեւ 2012 թվականը):
Սամմիթի երրորդ օրն «Ութնյակին» միացան Չինաստանի, Հնդկաստանի, Բրազիլիայի, Մեքսիկայի, Հարավաֆրիկյան Հանրապետության, Ղազախստանի (որպես ԱՊՀ-ում նախագահող) լիդերները, ինչպես նաեւ` ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Քոֆի Անանը:
G8-ը Ղարաբաղի եւ հայկական ատոմակայանի մասին
«Մեծ ութնյակը» կոչ է արել Հայաստանին եւ Ադրբեջանին` ցուցաբերել քաղաքական կամք եւ հասնել պայմանավորվածությունների Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ արդեն 2006 թվականին: G8-ը նաեւ վերահաստատեց, որ սատարում է Մինսկի խմբի գործունեությունը: Խոսքը, իհարկե, ընդհանուր սկզբունքների համաձայնեցման մասին է, սակայն սա լուրջ ճնշում է երկու երկրների վրա եւ պետք է պատրաստվել ապագա զարգացումներին, որոնք սարի հետեւում չեն:
«Ութնյակի» անդամները կոչ են արել Հայաստանին հատկացնել ֆինանսական միջոցներ եւ միջոցառումներ իրականացնել ատոմակայանի մոդեռնիզացման համար անվտանգ շահագործման նպատակով: Նրանք առաջարկում են նաեւ ստեղծել հիմնադրամ` ապագայում ատոմակայանի փակման հեռանկարով: Ինչպես տեսնում ենք, միջազգային հանրությունը փոքր-ինչ մեղմել է իր դիրքորոշումը տվյալ հարցում, բայց, այնուամենայնիվ, Հայաստանը պետք է ունենա կոշտ մոտեցում` աշխատեցնել Մեծամորի ատոմակայանն այնքան ժամանակ, որքան պահանջում է երկրի անվտանգությունը: