Սոնյայի հետ առաջին հանդիպումից հետո հասկանում ես, որ նրա համար յուրաքանչյուր օր, րոպե եւ վայրկյան նոր գաղափարների ու նոր գործերի սկիզբ է: Մարդ, որ հաճույքով է անում ամեն ինչ եւ դիմացինին է փոխանցում իր կենսուրախությունն ու լավատեսությունը: Այրի, երկու երեխաների մայր, որ կարողանում է իր բիզնեսով նորմալ ու լավ պայմաններ ստեղծել երեխաների համար ու չդժգոհել այս դաժան կյանքից:
Սոնյային շատերը ճանաչում են միայն որպես հմուտ խոհարարի ու, ինչպես ժողովուրդն է սիրում ասել՝ «ձեռքից շնորհքով մարդու»: Իրականում, Սոնյայի մասին ձեռքից շնորհքով ասելը շատ քիչ է:
– Լինելով բանասեր (90թ. Լիբանանից գալով Հայաստան՝ ընդունվել է ԵՊՀ-ի բանասիրության ֆակուլտետը), ունենալով մանկավարժի աշխատանքային փորձ (աշխատել է որոշ դպրոցներում ՝ արեւմտահայերի դասեր է տվել Մ.Սեբաստացու անվան կրթահամալիրում)՝ ինչպե՞ս ստացվեց, որ հանդես եկաք, որպես հմուտ խոհարար: Ձեր բաղադրատոմսերից այսօր շատերն են օգտվում:
– Ինչպես մանրանկարչությունն ու լուսանկարչությունը, խոհանոցը նույնպես իմ նախասիրությունն է եւ ոչ թե մասնագիտությունը: Հյուրերս այնքան էին հավանում ճաշերս, իսկ ես զարմանում էի, թե ի՞նչ կա արտասովոր, հետո հասկացա, որ այստեղի խոհանոցում համեմունքներ եւ նյութեր խառնելու բացակայություն կա: Իմ ճաշերի մեջ հենց այդ համերն են սիրում, նաեւ ստեղծագործական պահն է մարդկանց դուր գալիս: Երբեք չի պատահել, որ մի ճաշը նույն ձեւով պատրաստեմ՝ չափեր չկան ինձ մոտ: Հեռուստահաղորդման համար չափերով սկսեցի պատրաստել: Խոհանոցը ստեղծագործելու վայր է ՝ գույների, համերի եւ հոտերի ներդաշնակություն է: Բոլորն են սիրում խոհանոց. կանայք՝ համեղ պատրաստել, տղամարդիկ՝ համեղ ուտել: Երբ ես կարողանում եմ մարդկանց տալ այն, ինչ նրանց դուր է գալիս, ես ինձ լավ եմ զգում: Իմ խոհանոցի ամբողջ գաղտնիքն այն է, որ ես սիրով եմ անում գործս:
– Փաստորեն շատ դժվար է ձեզ ճաշի հրավիրելը: Ամեն մի թերություն կնկատեք:
– (Ծիծաղում է.-Ա. Մ.) Երբ մի տեղ ինձ հրավիրում են ճաշի, մարդիկ, չգիտեմ թե ինչու, կոմպլեքսավորվում են՝ վա՜յ, տեսնես Սոնյան կհավանի՞: Ես պարզ մարդ եմ: Ես զգում եմ, թե մարդ ինչ տրամադրություն է ունեցել ճաշ պատրաստելիս: Եվ եթե դա ձեւականության համար է պատրաստվել, ուրեմն, հաստատ համեղ չի լինի:
– Ձեռքի աշխատանքները նո՞ւյնպես հոբբի են: Դուք ձեր տանն էլ շատ հետաքրքիր գործեր ունեք:
– «Շողակաթում» հաղորդաշարը սկսելու գլխավոր նպատակն այն էր, որ այսօր եթերում չկա նման հաղորդում: Հատկապես երեխաների համար չկա հատուկ հաղորդում: Ձեռքի աշխատանքի հաղորդումը դրանից ծնվեց: Փորձում եմ գտնել այնպիսի բաներ, որոնք երեխաների համար հեշտ լինեն, եւ նյութերը թանկ չլինեն: Ինձ համար սկզբունք է՝ ոչնչից մի բան ստեղծելը:
– Եղե՞լ են դեպքեր, երբ ձեր ստեղծագործության կրկնօրինակը տեսել եք խանութներում եւ ռեստորաններում:
– Մի անգամ մի հետաքրքիր դեպք եղավ: Իմ խոհանոցի հաղորդումից հետո, նույն շաբաթում, Պիցցա «ՀԱԹ» էինք գնացել, ու տեսնեմ՝ իմ պատրաստած աղցանն այնտեղ կա: Ասացի՝ մի՞շտ եք ունեցել այդ աղցանը, ասացին, որ նման բան ունեցել են, բայց այս ներկայքացնելու ձեւն առաջին անգամն է:
– Համեղ ու գեղեցիկ բաներ պատրաստելուց բացի, դուք նաեւ գրում եք: Այս տարի՝ միանգամից երկու գիրք:
– Առաջին գիրքը տպել եմ 94 թվին՝ արեւմտահայերենով, երկար ընդմիջումից հետո գրեցի, արդեն արեւալահայերենով, այս երկու գիրքը՝ «Պետրոս Հերեան. հատընտիր» եւ «Անձնագիր»: Մանկական նկարազարդ բառարան եմ սկսել անել: 15 տարի առաջ էի սկսել Բեյրութում, հիմա շարունակում եմ: Դա շատ կարեւոր բան է նախադպրոցական երեխաների համար: Եվ ես զարմանում եմ, որ այսքան լավ լեզվաբաններ ու նկարիչներ կան ու դեռեւս նման բան չեն ստեղծել:
– Ստեղծագործող կնոջ երեխաներին գենետիկորեն չի՞ փոխանցվել մոր շնորհներից գոնե մեկը:
– Երբ բացօթյա վայրերում ենք, երեխաներս մի քար, փայտ կամ որեւիցե հետաքրքիր իր են գտնում, ասում են՝ արի տանենք տուն: Սիրում են նկարչություն: Վերջին ծնունդիս մեծ տղաս ինձ համար բանաստեղծություն էր գրել: Մեծ իրադարձություն էր ինձ համար:
– 15 տարի արդեն Հայաստանում եք: Դժվար չէ՞ միայնակ կնոջը՝ պահել երկու երեխա, ունենալ սեփական բիզնես:
– Այն բիզնեսը, որ ես հիմա անում եմ, ձեռնարկել էր իմ ամուսինը, ես պահպանում եմ: Բայց, իհարկե, շատ դժվար է: Ոչ թե միայն կնոջ համար, ընդհանրապես մի բան ստեղծել ու առաջ տանել այստեղ շատ դժվար է: Ուրիշ երկրներում նոր սկսվող բիզնեսը հարկային տուրքերից ազատվում է առաջին տարիներին, որպեսզի մարդը ծաղկի, առաջ գնա, իսկ մեր երկիրը տակավին աշխատանքը չսկսած՝ պահանջում է հարկեր: Շատ են խեղդում՝ առանց հասկանալու: Սխալ քաղաքականություն է:
– Ամանորյա տրամադրություն է ձեր տանը՝ եղեւնի, տոնական էլեմենտներ, եւն: Իսկ տոնական սեղանին հետաքրքիր, աքաղաղին հատուկ կերակրատեսակ լինելո՞ւ է։ Հատկապես հայ կանայք արդեն մտահոգված են, թե ինչ դնել այս տարվա սեղանին: Գուցե խորհո՞ւրդ տաք:
-Ես ուղղակի զարմանում եմ, որ մարդիկ իրենց ամանորյա ամբողջ ուրախությունը գտնում են սեղանի վրա: Եկեք ամեն մեկս Ձմեռ պապիկ դառնանք ու դրա մեջ գտնենք ուրախությունը: Գոնե այս Նոր տարվա օրերին, ամեն մեկս սեղանին մի բան պակաս դնենք, մի բուդ պակաս դնենք, բայց օգնենք որեւիցե կարիքավոր մեկին: Ես այս Նոր տարին որոշել եմ տոնել շրջանի երիտասարդաց տներից մեկում: Այնտեղ ապրում են 7-8 երիտասարդներ, հասկանալի է՝ ինչ պայմաններում: Կարելի է, չէ՞, Նոր տարվա ամբողջ հաճույքը գտնել ուրիշին լավություն անելու մեջ:
Զրույցի վերջում Սոնյան առաջարկեց մի հետաքրքիր աղցանի բաղադրատոմս, որ կոչվում է «Մեղրով ու սիսեռով»:
«1բաժակ եփած սիսեռին ավելացնել 1 լոլիկ, 1 վարունգ, կես բաժակ անկորիզ ձիթապտուղ, կանաչի, կանաչ սոխ: Ավելացնել կես լիմոնի հյութ, 1 գդալ մեղր, քացախ ու աղ»: Եվ, աղցանը պատրաստ է: