Հարություն Հակոբյանը ծնվել է 1918թ. ապրիլի 25-ին Իգդիրում: Հոր խորհրդով Հարությունն ավարտեց շինարարական տեխնիկումը, որից հետո աշխատանքի անցավ «Հայշին»-ում: 1937թ. լավագույն շինարարների խմբի կազմում ուսումը շարունակելու նպատակով գործուղվում է Մոսկվա, որտեղ ստանում է հողաշինարար ինժեների մասնագիտություն:
Էստրադային համերգներից մեկի ժամանակ մասնակիցների թվում նա առաջին անգամ տեսավ ձեռնածու-աճպարարի: Այդ ժամանակից ի վեր ինստիտուտի դասերից հետո նա իր ողջ ազատ ժամանակը տրամադրում է աճպարարությանը:
Ավելի ուշ Հարությունն ընդունվեց Կուխմեյստերի անվան ակումբը, այնուհետեւ` «Մոսգոսէստրադան»:
Հարությունի արտիստիկ ունակությունները բարձր գնահատականի արժանացան: 1938թ. Կոլոմբոյում (Ցեյլոն) կայացած իլյուզիոնիստների միջազգային մրցույթի ժամանակ նա արժանացավ առաջին, իսկ երկու տարի անց Փարիզում` բարձրագույն` «Գրան պրի» մրցանակի, հանրաճանաչ իլյուզիոնիստ Ռոբեր Ուդենի պատկերով ոսկե մեդալի եւ ֆրանսիայի աճպարարների ասոցիացիայի դիպլոմի, 1974թ. Բոսկոյի անվան մրցանակի եւ Վ. Դուրովի անվան մեդալի: 1977թ. Կառլովի Վարիում Հակոբյանին շնորհվեց հատուկ մրցանակ` նրբագեղության համար:
Պատերազմի տարիներին Հակոբյանը հիմնականում ելույթ էր ունենում, այսպես ասած, առաջին գծում (շուրջ 1600 ելույթներ):
1950թ. նրան շնորհվեց Հայաստանի ԽՍՀՄ վաստակավոր արտիստի, իսկ 1961թ.` Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում: Այս հանճարեղ աճպարարը հայտնի էր նրանով, որ հրաժարվեց այդ ժանրի համար անհրաժեշտ ռեկվիզիտներից եւ ֆոկուսները ցուցադրում էր միայն մատների տեխնիկայի միջոցով: Ահա թե ինչն էր նրան դարձնում յուրահատուկ այս ժանրում:
Հարություն Հակոբյանն իր ունակությունները խիստ գաղտնի էր պահում, սակայն 1961թ. լույս տեսավ աշխարհում աճպարարությանը վերաբերող իր ամենաանկեղծ գրքերից մեկը` «Ֆոկուսներն էստրադայում»: Սակայն իր գլխավոր ժառանգությունը Հակոբյանը հանձնեց իր որդուն` Հմայակին, որը մինչ օրս էլ հրաշքներ է ցուցադրում: Հմայակը հաճախ է հիշում, որ փոքր տարիքում սովորական մահճակալի փոխարեն ինքն ուներ հայելային էֆեկտով հայրիկի կախարդական տուփը, այդ պատճառով էլ նրա մասնագիտության ընտրությունը հենց սկզբից էլ կանխորոշված էր:
էստրադայից բացի` Հարություն Հակոբյանը նկարահանվում էր նաեւ կինոյում: 1955թ. նա նկարահանվեց «Իշխանուհի Մերին», իսկ 1969թ.` «Գիշերվա տասներեքերորդ ժամը» ֆիլմում: Ֆրանսիական «Պարի ժուղը» 1959թ. նոյեմբերին գրեց. «Հակոբյանի համարներն իսկական հրաշք են: Նա մանիպուլյացիայի տաղանդավոր վարպետ է»: 1961թ. Բրյուսելյան «Լե սուաղն» էլ գրեց. «Հակոբյանն իր մատների զարմանալի ճարպկության շնորհիվ զարմացրեց հանդիսատեսին: Կտորի միջից նա մի փոքրիկ արբանյակ հանեց, որը հնազանդորեն իր տեղը զբաղեցրեց ուղեծրում եւ այդպիսով ապացուցեց, որ պրոպագանդան երբեք եւ ոչ մի տեղ չի կորցնում իր իրավունքները»:
Արտիստիկությունը, պլաստիկան, հմայքն ու ամենագլխավորը՝ զարմանալի տեխնիկան, յուրօրինակ էին դարձնում նրա ելույթները: Միայնակ, դատարկ ձեռքերով նա բեմ էր դուրս գալիս, եւ մեկ ու կես ժամվա ընթացքում դահլիճը պահում էր լարված վիճակում՝ բոլորին տեղափոխելով անհավատալիի կախարդական թագավորությունը:
Տաղանդավոր այս ձեռնածուն իր փորձը փոխանցեց նաեւ երիտասարդությանը: Մի քանի տարի «Երիտասարդ տեխնիկ» ամսագրում նա վարում էր «Աճպարարության մյուս կողմը» բաժինը: Նա աշխատում էր նաեւ որպես բեմադրիչ: «Մալո Բրոնինա» թատրոնում նա նախապատրաստում էր ելույթ ունեցողներին «Զմրուխտե քաղաքի հրաշագործը» ներկայացման համար:
«Էստրադայում եմ շուրջ քառասուն տարի,- ասում է Հակոբյանը,- իմ ցանկում կան ավելի քան 1000 համարներ: Սակայն մոտ քսան տարի առաջ ես զգացի, որ ինձ համար անհետաքրքիր է դարձել ելույթ ունենալ այնպիսի ֆոկուսներով, որոնք ցուցադրում են այլ արտիստներ: Հանդիսատեսին տուփի կամ շշի օգնությամբ խաբելը, իսկ մեր մասնագիտությունը հենց դա է, առանձնապես դժվար բան չէ: Երեւի գիտեք, որ արեւմուտքում նույնիսկ հատուկ մասնագիտացված խանութներ կան աճպարարության սիրահարների համար, որտեղ կարելի է ձեռք բերել զանազան տեխնիկա: Ես ցանկանում էի այնպիսի ֆոկուսներ ցուցադրել, հնարել այնպիսի համարներ, որոնք մինչ այդ ոչ ոք չէր արել: Արդյոք սա դժվա՞ր էր: Այո, դժվար էր: Չկարծեք, թե չափազանցնում եմ, սակայն նախկինում ես փորձ էի անում օրը 18 ժամ, իսկ հիմա իմ նորման 4 ժամն է: Մանիպուլյատորի համար փորձ անելն ամենից առաջ ձեռքերը մարզելն է, հասնել աներեւակայելի ճարպկության, արագության եւ շարժումների ճշգրտության: Ահա ես վերցնում եմ որեւէ առարկա, լինի դա թաշկինակ կամ էլ խաղաքարտ, այն զգում եմ ձեռքիս ափի յուրաքանչյուր մասնիկով, մատներիս յուրաքանչյուր մկանով: Ես այդ առարկան կարող եմ պահել այնտեղ, որտեղ ոչ ոք ի վիճակի չի լինի պահել: Կարող եմ այն թաքցնել, կայծակնային արագությամբ մի տեղից մյուսը տեղափոխել: Մի անգամ արտերկրի մրցույթներից մեկի ժամանակ ես մի ձեռքով ձեռնածություն էի անում միաժամանակ երկու տուփ խաղաքարտերով, եւ ժյուրիի անդամները ոչ մի կերպ չէին ցանկանում հավատալ, քանի որ ո՛չ ձեռքիս ափին, ո՛չ էլ թեւքիս ոչ մի գաղտնի հարմարանքներ չկային: Բայց դրանք իրոք չկային: Ձեռքեր եւ միայն ձեռքեր: Պատահում է՝ երազումս մի նոր ֆոկուս եմ տեսնում, վեր եմ թռչում անկողնում… Մի մտածեք, թե ես դեմ եմ իլյուզիոն արվեստին, որը բնականաբար չի կարող գոյություն ունենալ առանց համապատասխան սարքերի: Ինձ, օրինակ, անչափ դուր է գալիս, թե ինչպես են կրկեսում աշխատում Իգոր եւ Էմիլ Կիոները. նրանք արտիստիկ են, շատ գունեղ ատրակցիաներ են ներկայացնում, օրիգինալ սարքավորումներ ունեն: Այս ժանրի օրիգինալ արտիստներ կան նաեւ մեր էստրադայում: Սակայն նրանք աճպարարներ են , իսկ ես` մանիպուլյատոր: Ես նախընտրում եմ ելույթ ունենալ առանց ռեկվիզիտի, միայն ձեռքերով եւ հենց ձեռքերով էլ հրաշքներ ցուցադրել, որոնք կզարմացնեն հանդիսատեսին: Իլյուզիոն արվեստն ունի ավելի քան հինգ հազար տարվա պատմություն: Նրա հնարավորություններն անսահմանափակ են: Իմ գրքերում եւ ամսագրերում ես պատմում եմ պարզագույն ֆոկուսների մասին, որոնք հնարավոր է ցուցադրել տանը, ինքնաստեղծագործական երեկոներին, սակայն երբեք պրոֆեսիոնալ բեմում: Երիտասարդ արտիստներին օգտակար է իմանալ այս ֆոկուսները, սակայն դրանք իմաստ չունի ընդգրկել ներկայացման ցանկի մեջ: Առանց նորարարությունների դուք գործ չունեք անելու այս ժանրում: Պետք է մշտապես նոր համարներ հնարել ու կերտել սեփական կերպարը, բեմական պահվածքը:Հենց այսպես էլ փորձում եմ Հմայակին մեծացնել, ով, ինչպես գիտեք, նույնպես ելույթ է ունենում էստրադային համարներով»,- ասել է Հարություն Հակոբյանը:
1997 թվականից ի վեր Հարություն Հակոբյանը բեմ դուր չէր գալիս: Նրա վերջին համերգը կայացավ Թատրոնի 75-ամյակին նվիրված բենեֆիսին: Դրանից հետո նա դեռ երկու տարի ելույթ էր ունենում երկու բաժնից բաղկացած մենահամերգներով: Դրանից հետո ելույթներ եղան նաեւ Պետդումայում: Ի դեպ, երկրի ղեկավարները նրան շատ էին սիրում: Հակոբյանը հաճախ էր լինում Բերվիխում, որտեղ հանգստանում էին Խրուշչովն ու Բրեժնեւը: Խրուչովը երբեմն բռունցքներով սպառնում էր, թե՝ Հակոբյանի վրա հույս մի դրեք, նա մեզ համար իր ձեռքի միջից բարիքներ չի հանի: Իսկ մի անգամ Բրեժնեւը Կրեմլում մոտեցավ Հարություն Հակոբյանին եւ մանկական ժպիտով խնդրեց. «Շատ եմ խնդրում, խաբիր Պոդգորնուն» (այդ ժամանակ նա Գերագույն խորհրդի նախագահն էր):
Սակայն հեռուստատեսությամբ նա այլեւս ելույթ չէր ունենում, քանի որ, ըստ նրա, հեռուստատեսությունը ստիպում է համարները կրճատել: Բացի դրանից, նա սկսեց վատ խոսել, քանի որ նրա մոտ սկսվեց զարգանալ ալցհեյմերի հիվանդությունը: Դա սարսափելի հիվանդություն է, սակայն դա նրան չէր խանգարում, որ նույնիսկ մահվանից մի ամիս առաջ հիանալի շարժեր մատներն ու վարպետորեն կառավարեր խաղաքարտերը:
Հարություն Հմայակի Հակոբյանը վախճանվեց 2005թ. հունվարի 14-ին, Մոսկվայում: Նրա աճյունը գտնվում է Տրոեկուրյան գերեզմանատանը: