Շիրակի մարզում բուհական ընդունելության քննությունների անցկացումն իր ձեռքն է վերցրել ՀՅԴ մարզային կոմիտեն: Հասկանալի է, քանի որ ՀՅԴ-ական է ԿԳ նախարարը, մարզպետը: Հիմա էլ դաշնակցականացվում է բուհական ընդունելության քննությունների քաղաքային ընդունող հանձնաժողովը, որի նախագահ է նշանակվել ԵՊՀ աշխարհագրության ֆակուլտետի դեկան, ՀՅԴ-ական Մարատ Գրիգորյանը, պատասխանատու քարտուղարն է ՀՅԴ մարզային կոմիտեի անդամ, Գյումրիի 17-րդ դպրոցի տնօրեն Կարապետ Ներսիսյանը, իսկ լիազոր ներկայացուցիչը` կրկին դաշնակցական Պարույր Գոմցյանը: Մեր աղբյուրների հավաստմամբ, ՀՅԴ կոմիտեն իր համար բուհական ընդունելության քննությունների առարկայական հանձնաժողովների անդամների ցուցակներ է կազմել, որոնց մեջ, բնականաբար, ընդգրկվել են դաշնակներն ու նրանց մերձավորները: Բացի այդ, դաշնակցականներն ունեն նաեւ հատուկ սեւ ցուցակ, որի կազմում ընդգրկված անձանց ոչ մի կերպ չպետք է թույլ տան հայտնվել առարկայական հանձնաժողովում: