Տարեմուտն ամփոփումների շրջան է։ Մամուլն այս պահին սովորաբար տուրք տալով հասարակական պահանջին, փորձում է տալ անցնող տարվա հանրագումարը։ Հասարակական-քաղաքական կյանքն ամփոփելն ավելի հեշտ է, քան՝ տնտեսականը։ Զուտ այն պատճառով, որ տնտեսական հիմնական ցուցանիշները հաշվարկվում եւ հրապարակվում են տարեմուտից առնվազն երեք ամիս հետո։ Այսինքն՝ այն պահին, երբ հաշվետվությունների նկատմամբ հասարակական պահանջը նվազած է լինում։
Այս պահին էլ պաշտոնապես հրապարակված է երկրի տնտեսության պատկերը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ։ Այն հնարավորություն է տալիս պատկերացնել ու վերլուծել տնտեսությունն ամբողջությամբ։ Պաշտոնական տվյալներն արձանագրում են պարտադիր աճը եւ ապացուցում, որ այդ աճն ապահովվել է հիմնականում երկու ոլորտի հաշվին։ Շինարարությունը եւ գյուղատնտեսությունը 14-ական % աճ են արձանագրում։ Շինարարության տեմպերի աճով կարելի է ոգեւորվել։ Բայց իշխանությունները նույնիսկ հպարտանում են այս երկու ճյուղերով։ Գյուղատնտեսության պարագայում, գոնե ինձ համար, անհասկանալի է այդ խանդավառ վերաբերմունքը։ Ավելին, նույնիսկ հիշեցնում է Խոսե Օրտեգա ի Գասետի «Անողնաշար Իսպանիա» աշխատությունը։ Գասետը գրում է, որ գեղջկական ապրելակերպը դարձել է իսպանական հասարակության բնութագիրը։ Մարդկանց մտքերն ու զգացմունքները բոլորը կապված են այդ ապրելակերպի արժանիքների ու թերությունների հետ։ «Սեւիլիայում (քաղաք, որ 3000 տարվա պատմություն ունի) երբեք չես հանդիպի իսկական քաղաքացու»։ Այս բառացի մեջբերումը հիշեցի ոչ այն պատճառով, որ մեր քաղաքական իշխանության վերնախավում էլ երբեք չես հանդիպի իսկական քաղաքացու։ Երկրի տնտեսության պաշտոնական վերլուծությունները, Գասետի բառերով ասած, «պարուրված են գեղջկական ոգով»։
Այդ ոգու բույրն է տարածվում, երբ համապատասխան նախարարը հայտարարում է, որ 2005 թ. համախառն ներքին արդյունքը կգերազանցի 1989-ի մակարդակը։ Այդ պատճառով էլ հասկանալի է, թե ինչու որեւէ նախարարի չի հետաքրքրում ներքին արդյունքի կառուցվածքը։ Ոչ մի պաշտոնյա ուշադրություն չի դարձնում, որ գյուղատնտեսությունն աճում է 14, իսկ արդյունաբերությունը՝ ընդամենը 1,5%-ով։ Ոչ ոք այստեղ արտառոց բան չի տեսնում, ուր մնաց՝ փորձի դրությունը շտկել։
Միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանցին արդեն գիտի, որ ուրբանիզացիայի մակարդակը երկրի զարգացածության ցուցանիշ է։ Գիտի նաեւ, որ ագրարային երկրները համարվում են թույլ կամ թերզարգացած։ Ես չեմ հիշում, որ որեւէ պաշտոնյա մեր երկիրը բնութագրի՝ որպես ագրարային։ Մինչդեռ վիճակագրությունը դա է ապացուցում։ Վերջին տաս տարիների ընթացքում գյուղատնտեսությունն ապահովում է համախառն ներքին արդյունքի 25-40%-ը։ 2003 թ. այն կազմում էր 25%-ից ավելի։ Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսների տվյալներով՝ այն արդեն 26%-ից ավելի է։ Հենց այդքան էլ հայտարարվում է արդյունաբերության տեսակարար կշիռը։ Այսինքն՝ մեր երկրում արդյունաբերությունն ու գյուղատնտեսությունն իրենց արդյունքով հավասար են։ Հավասարության պարագայում երկիրն ագրարային հայտարարելը կարող էր չափազանցություն թվալ, եթե, իհարկե, հաշվի չառնենք, թե իրականում իրենից ինչ է ներկայացնում արդյունաբերություն կոչվածը Հայաստանում։ Արդյունաբերության ոլորտի մեջ սննդարդյունաբերության բաժինը յուրաքանչյուր տարի կազմում է 35-45%։ Այսինքն՝ ՀՆԱ-ի 40-60%-ը կազմում են գյուղմթերքների առկայությունը եւ դրանց վերամշակումը։ Այս պարագայում՝ չեմ կարծում, որ ագրարային բնութագրումը կարելի է չափազանցություն որակել։
Երկրի տնտեսական աճի պաշտոնական դրական ներկայացումը դժվար է համատեղվում այլ ցուցանիշների հետ եւս։ Արտաքին տնտեսական գործունեության ոլորտում պատկերը դրա ապացույցն է։ Ներմուծումները լավագույն դեպքում երկու անգամ գերազանցում են արտահանումներին։ Անցնող տարվա ընթացքում այս պատկերն ավելի վատացավ։ 2004-ին՝ 2003-ի համեմատ արտահանումն աճել է 1,5%-ով, իսկ ներմուծումը՝ 4։ Տարին վերջնական ամփոփելուց հետո կպարզվի, որ 500-600 մլն դոլար է կազմում արտաքին առեւտրի բացասական հաշվեկշիռը։ Այսինքն՝ ներմուծված ապրանքների համար ուղիղ այդքան կանխիկ գումար է դուրս տարվել երկրից։ Թե որտեղից է այդ գումարը հայտնվում Հայաստանում՝ գիտեն բոլորը։ Միայն բանկային համակարգով հենց այդքան գումար մինչեւ օգոստոս էր հեռու եւ մոտ Սփյուռքը փոխանցել Հայրենիքում ապրող հարազատ-բարեկամներին։ Եթե հաշվի առնենք, որ ներմուծումների մեջ էլ մեծ է սննդամթերքի բաժինը, ապա երկրի ագրարային նկարագիրն ավելի կընդգծվի։ Հիշեք թեկուզ այն, որ իշխանությունները մի քանի խրորտ հայտարարություն արեցին տեղական հումքը մշակող շաքարի գործարան բացելու մասին։ Գործարանը մինչեւ հիմա չկա, իսկ օգտագործվող շաքարը ներկրվում է։ Երկրի գյուղարդյունաբերության առաջատար ծխախոտի ոլորտում եւս, պարզվում է, ավելի մեծ ծավալով ներմուծում կա, քան արտահանում։
Երկրի տնտեսական համակարգում, չնայած գյուղատնտեսության ունեցած հսկայական դերին, պարզվում է, որ շատ գյուղմթերքներ ավելի շատ ներմուծվում են, քան արտահանվում։ Որքան էլ խոսվի անասնապահության զարգացման մասին, միս ու մսամթերք 4-5 անգամ ավելի շատ է ներմուծվում, քան արտահանվում։ Իսկ դա նշանակում է՝ տնտեսության ամենազարգացած ոլորտը՝ գյուղատնտեսությունն էլ, բավարար ծավալներ չունի։
«Պիրենեյներն անցնելուց հետո ճանապարհորդը միանգամից հայտնվում է հողագործների երկրում,- գրում է Գասետը եւ հետո ավելացնում,- շուրջբոլորը գեղջկական դեմքեր են»։
Փիլիսոփան մեր կառավարությունը չի նկարագրում, այլ Իսպանիան։ Եվ սա, տնտեսական տարին ամփոփելիս, միակ մխիթարական նախադասությունն է, որ գտա ձեզ համար։