Ասա՝ «ցե-ղա-սպա-նու-թյուն»

20/07/2006

«Լոս Անջելես թայմս» թերթը նախօրեին կոչ է արել սենատորներին` չհաստատել Հայաստանում ԱՄՆ-ի նոր դեսպանի՝ Ռիչարդ Հոգլանդի թեկնածությունը՝ «մինչեւ նա համարձակություն չունենա արտասանել «ցեղասպանություն» բառը»: Հիշեցնենք, որ նախորդ ամիս ամերիկյան Սենատի Արտաքին հարաբերությունների հարցերի հանձնաժողովը հետաձգեց Հոգլանդի հարցով որոշումը, քանզի, ինչպես փաստում է «Լոս Անջելես թայմսը»՝ «հանձնաժողովի անդամ սենատորների կեսը պահանջեց, որպեսզի Պետդեպարտամենտը պաշտոնական բացատրություն տա, թե ինչո՞ւ է վաղաժամկետ հետ կանչվում դեսպան Էվանսը»: «Նրանք միասնաբար պետք է արգելափակեն Հոգլանդի հաստատումը՝ մինչեւ նա չարտասանի «ցեղասպանություն» բառը»,- ասվում է թերթի խմբագրականում: «Իսկ Բուշի վարչակազմը պետք է քաջություն ունենա հրաժարվելու դատապարտման բացակայության իր քաղաքականությունից եւ հստակ բացատրի ոչ միայն ամերիկահայերին, այլեւ բոլոր ամերիկացիներին, ովքեր հավատում են, որ չարիքը պետք է կոչվի իր անունով, թե ինչո՞ւ է ԱՄՆ-ի քաղաքականությունը թելադրվում Անկարայի ազգայնականների կողմից»,- գրում է թերթը: