«Հայաստանում իշխանության վերարտադրում հնարավոր չէ: Ընդ որում, թե՛ պառլամենտական, թե՛ նախագահական ընտրությունները Հայաստանում տեղի են ունենալու 2007 թվականին: Ես դրանում վստահ եմ»,- երեկ մեզ հետ զրույցում հայտարարեց ՀՀՇ վարչության նախագահ Արարատ Զուրաբյանը:
Ա. Զուրաբյանի հիմնավորմամբ` անկախ նրանից, թե իշխանությունները 2007թ. ընտրություններին կմասնակցեն առանձի՞ն, թե՞ միասին, ամենաշատը կարող են ստանալ 10-15 տոկոս ձայն: «Մնացած քվեները պետք է կեղծվեն: Եթե ընտրությունների արդյունքները չկեղծվեն, ապա կարելի է ասել, որ իրենք կամովին հանձնում են իշխանությունը, որովհետեւ օրինական ճանապարհով ընտրված ԱԺ-ն անմիջապես կպահանջի Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը: Իսկ եթե ընտրությունների արդյունքները կեղծվեն, ապա, համոզված եմ, որ հասարակությունն այլեւս չի հանդուրժելու դա եւ քաղաքական ուժերի ուղղորդմամբ գնալու է այն ճանապարհով, որով ընթացավ, օրինակ, Վրաստանը: Այսինքն` երկու դեպքում էլ այս վարչախումբը կորցնելու է իշխանությունը»,- պնդում է ՀՀՇ վարչության նախագահը: Սակայն նկատենք, որ հասարակությունն Արարատ Զուրաբյանի մատնանշած կերպով ըմբոստացավ նաեւ 2003թ. նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների արդյունքները կեղծելուց հետո: Մատենադարանի հրապարակում 150-200 հազար մարդ հավաքվեց: Սակայն ընդդիմության լիդերների անվճռականության պատճառով ՀՀ-ում ոչ մի իշխանափոխություն էլ տեղի չունեցավ: Ուստի Ա. Զուրաբյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ երաշխիքներ կան, որ այս անգամ էլ նույնը չի կրկնվի: Կամ՝ այս անգամ ո՞վ է ղեկավարելու հասարակական այդ շարժումը: «Համոզված եմ, որ ՀՀՇ-ն մնացած բոլոր առողջ քաղաքական
ուժերի հետ միասին կգլխավորի այդ պայքարը»,- միանշանակ վստահեցրեց Ա. Զուրաբյանը: Այսինքն` ՀՀՇ-ն որոշել է ոչ միայն առաջիկա ընտրություններին մասնակցության լուրջ հայտ ներկայացնել, այլեւ հարկ եղած դեպքում գլխավորել սպասվելիք պայքարը: Մանավանդ, որ այսօր ամենատարբեր մակարդակներով շատ է խոսվում ՀՀ Առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի վերադարձի մասին: «Ավարտվել է ՀՀՇ-ին որեւէ կերպ մեջբերելով, քաղաքական դիվիդենտներ ստանալու ժամանակը, քանի որ հասարակությունը հստակ պատկերացնում է, թե ով ով է եւ ով ինչ է արել հասարակության համար»,- ասում է նա:
Բայց այս օրերին ավելի շատ ակտիվ վերադասավորումներ են ընթանում հենց իշխանությունների ներսում, իսկ ընդդիմությունը մատնվել է բացարձակ անգործության: Այդպես հնարավո՞ր է պայքարել ադմինիստրատիվ ու ֆինանսական ռեսուրսների տիրապետող իշխանությունների հետ: «Ադմինիստրատիվ ռեսուրսն այս 8 տարիների ընթացքում ամբողջապես պատկանում է իշխանություններին: Եվ այդ ուժերի տեղափոխությունը որեւէ դեր չի խաղում, որովհետեւ առանցքային պահին նրանք միասնական են գործում: Ինչ վերաբերում է ֆինանսական միջոցներին, ապա, ցավոք, դրանք է՛լ ավելի են մեծանում: Սակայն ես կարծում եմ, որ ֆինանսական գործոնն ու ադմինիստրատիվ գործոնը միասին բավարար չեն իշխանություն վերարտադրելու համար,- պնդում է Ա. Զուրաբյանը՝ ավելացնելով,- եթե այդ երկու գործոնները որոշիչ դեր ունենային, ապա որեւէ երկրում երբեւէ իշխանափոխություն տեղի չէր ունենա»:
Ի դեպ, օրերս ՀՅԴ-ական պատգամավոր Ալվարդ Պետրոսյանն ափսոսանք էր հայտնել, որ որպես ընդդիմադիր ուժ բանավեճի սեղանի շուրջ չէ ՀՀՇ-ն: «Նրանց հետ առողջ քաղաքական բանավեճ կստացվեր»,- հայտարարել էր Ա. Պետրոսյանը` հավելելով, որ ինքը բարձր է գնահատում ՀՀՇ անդամների կրթական եւ ինտելեկտուալ մակարդակը: Թեեւ, միեւնույն ժամանակ ընկեր Ալվարդը տեսակետ էր հայտնել, որ ՀՀՇ-ի վերադարձն ակտիվ քաղաքականություն «մեղանչելով է պատկերացնում»: Անդրադառնալով Ալվարդ Պետորսյանի այս հայտարարություններին, ՀՀՇ վարչության նախագահ Ա. Զուրաբյանն ասաց, թե յուրաքանչյուրի մեղքերի չափի, որակի եւ քանակի գնահատականը կտա ժամանակը: «Հասկանալի է նրա միտումը` տարանջատվել իշխանական թեւի գործունեության բացասական էլեմենտներից եւ հնարավորինս առաջադեմ երեւալ: Ինչ վերաբերում է ասուլիսի առանձին հատվածներին, ապա կարելի է արձանագրել, որ Ա. Պետրոսյանն առանձին հարցերում չի սխալվում: Իսկ ՀՀՇ-ն հավաստիացնում է, որ չնայած բոլոր բարդություններին ու խոչընդոտներին, որ իշխանությունները ստեղծել են մեզ համար, քաղաքական բանավեճը թե ՀՅԴ-ի, թե իշխանության մնացած անհասկանալի հատվածի հետ մեր կողմից կպարտադրվի: Եվ համոզված եմ, որ դրա համար շատ կարճ ժամանակ է մնացել»,- ասաց Ա. Զուրաբյանը: Վերջինս Ա. Պետրոսյանին ու նրա դաշնակցական ընկերներին խորհուրդ է տալիս օգտվել իրենց` «Երկիր-մեդիա» հեռուստատեսության հնարավորությունից եւ ՀՀՇ ներկայացուցիչներին բանավեճի հրավիրել: «Պատրաստ ենք ցանկացած դաշնակի հետ ցանկացած թեմայով, ցանկացած ժամանակ ուղիղ եթերով բանավիճել: Սակայն չեմ ցանկանա, որ ինձ մոտ է՛լ ավելի ամրապնդվի արդեն կարծրացած այն կարծիքը, թե ՀՅԴ-ն, ինչպես իշխանության մնացած թեւը, պատրաստ է խոսել բանավեճի մասին ընդհանրապես, բայց երբեք պատրաստ չէ գործնականում բանավիճելու, քանի որ Ա. Պետրոսյանի մատնանշած ինտելեկտուալ պոտենցիալն առկա չէ այն քաղաքական թիմի մոտ, որը սպասարկում է Ռոբերտ Քոչարյանին: Ես չեմ ճանաչում մի ինտելեկտուալի, որը ծառայում է մարդկայնությունը, բարոյականությունն ու օրենքը ոտնահարողին»,- ՀՅԴ-ին բանավեճի մարտահրավեր նետեց Ա. Զուրաբյանը: