Հայերը ողջունում են «Հըզբոլլահին»

20/07/2006

Սակայն, օրինակ, Լիբանանից արդեն հաջողությամբ Ռուսաստան վերադարձած Ռուսաստանի քաղաքացիները խիստ դժգոհ են Լիբանանում իրենց երկրի դեսպանատան աշխատանքներից: Նրանք տեղեկացրել են, որ դեսպանատանն իրենց զանգերին հիմնականում չեն պատասխանել, իսկ պատասխանելու դեպքում էլ պարզապես վերցրել են նրանց տվյալներն ու հաջողություն մաղթել: Լիբանանից մազապուրծ եղած մեկ այլ ռուսաստանցի էլ ասել է, թե դեսպանատան «թեժ գիծն» իրեն այս ու այն կողմ է ուղարկել, իսկ վերջում էլ տեղեկացրել, որ Լիբանանից ՌԴ քաղաքացիների դուրսբերումն իրականացվում է միայն Բեյրութից: «Ինձ թվում է, թե մենք այստեղ ոչ ոքի պետք չենք»,- սա էլ Լիբանանում գտնվող ռուսներից մեկի խոսքերն են: Վերջին տեղեկություններով, Լիբանանում գտնվող ռուսների զգալի մասին արդեն հաջողվել է այս կամ այն կերպ լքել այդ երկիրը: Իսկ ի՞նչ վիճակում են Լիբանանում գտնվող մեր հայրենակիցները: Լիբանանում Հայաստանի դեսպանությունը եւս քայլեր է ձեռնարկում ՀՀ քաղաքացիներին այս երկրից էվակուացնելու համար։ ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակի պաշտոնակատար Վլադիմիր Կարապետյանը մեզ տեղեկացրեց, որ իրավիճակի լարվածության մեծացմանը զուգընթաց ավելացել է ՀՀ քաղաքացիներին Լիբանանից էվակուացնելու հարցերով զբաղվող դիվանագետների թիվը: Նախատեսված է, որ Լիբանանում գտնվող Հայաստանի քաղաքացիներին սկզբում կտեղափոխեն Հալեպ, այնտեղից էլ Հայաստան: Լիբանանում գտնվող ՀՀ քաղաքացիների ճշգրիտ թիվը հայտնի չէ, սակայն Վ. Կարապետյանի հավաստմամբ՝ խոսքը մի քանի հարյուր անձի մասին է: Ընդհանուր առմամբ Լիբանանում ապրում է մոտ 120 հազար հայ, որից 50 հազարը՝ Բեյրութում։ Հայկական համայնքը 7 պատգամավորով ներկայացված է Լիբանանի խորհրդարանում։ Լիբանանի պետնախարարն էթնիկ հայ է։ Ինչեւէ, պարզվում է, որ կան նաեւ հայեր, որոնք ողջունում են «Հըզբոլլահի» գործողություններն ընդդեմ Իսրայելի: Երեկ հայտարարություն է տարածել «Լիբանանյան Դիմադրության հայ համակիրների համաշխարհային կոմիտեն», որով ողջունել է «Հարավային Լիբանանում «Հըզբոլլահի» մարտիկների անցած շաբաթ իրականացրած մարտական այն գործողությունը, որի արդյունքում գերեվարվեցին իսրայելյան գրավող ուժերի երկու զինծառայողներ»: Կոմիտեն հույս է հայտնել, որ «Անկեղծ խոստում» անվանված սույն գործողության շնորհիվ «Հըզբոլլահի» ղեկավարությունը կկարողանա ստիպել իսրայելյան իշխանություններին, որպեսզի վերջիններս ազատ արձակեն իսրայելյան բանտերի մեջ ավելի քան 25 տարի արգելափակված լիբանանցի Սամիր Կանտարին եւ նրա ընկերներին: Սույն կոմիտեն «Լիբանանի ժողովրդի դեմ իսրայելական բանակի սանձազերծած ու շարունակվող վայրագ գործողություններին նրա զինված դիմադրության գործում» իր զորակցությունն է հայտնել «Հըզբոլլահին»: «Դիմադրությունն է լիբանանյան գրավյալ բոլոր տարածքների ազատագրման եւ հակամարտող ուժերի միջեւ ապրիլյան հասկացողությամբ զինադադարի վերահաստատման միակ իրական ճանապարհը: Կոմիտեն իր ցավակցությունն է հայտնում Լիբանանի ժողովրդին եւ կառավարությանը` իսրայելական ռմբակոծումների հետեւանքով անմեղ քաղաքացիների սպանության համար, եւ դատապարտում է միջազգային առաջատար պետությունների մեղսակցության հասնող անտարբերությունը` Լիբանանի տնտեսական-հաղորդակցական ենթակառուցվածքները քանդելու եւ քաղաքացիական բնակավայրերն անխնայորեն ռմբակոծելու իսրայելյան բանակի գործողությունների նկատմամբ»,- իր հայտարարությունն այսպես է եզրափակել «Լիբանանյան Դիմադրության հայ համակիրների համաշխարհային կոմիտեն»:

Ռ.Թ.